exclusive
5300 դիտում

Հայոց ցեղասպանության (չ)ճանաչումը Իսրայելի կողմից


Բեռլինի Բրանդեբուրգյան դարպասները՝ ձեւավորված Իսրայելի դրոշի գույներով
Բեռլինի Բրանդեբուրգյան դարպասները՝ ձեւավորված Իսրայելի դրոշի գույներով

Լուսանկարը` REUTERS

Իսրայելի նախագահը Երուսաղեմի Հայոց Պարտիարքարանում
Իսրայելի նախագահը Երուսաղեմի Հայոց Պարտիարքարանում

Լուսանկարը` Երուսաղեմի Հայոց Պարտիարքարան

Վարդան Օսկանյանը եւ Շիմոն Պերեսը
Վարդան Օսկանյանը եւ Շիմոն Պերեսը

Լուսանկարը` Վ. Օսկանյանի արխիվից


2018 թվականի փետրվարի 14-ին Իսրայելի Կնեսետում ձախողվեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հերթական փորձը: «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը պատմում է, թե ինչու է հայերի տառապանքները ճանաչելով հանդերձ՝ Իսրայելը հրաժարվում «G-բառի» գործածումից:

1.    Ո՞րն է Երեւանի պաշտոնական ակնկալիքը:

2017 թվականի նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Հայաստանն ակնկալում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում:

«Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում՝ խորհրդարանում: Ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, որը նույնպես բավական հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության առնչությամբ»,- Իսրայելի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր Նալբանդյանը:

2.    Ի՞նչ են ասում Իսրայելի պաշտոնյաները:

Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը 2011 թվականին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր.

«Գաղտնիք չէ, որ հայերի զանգվածային սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամենազգայուն հարցն են, եւ մենք, որպես հալածանքներից եւ սպանություններից տառապած ժողովուրդ, նույնպես շատ զգայուն ենք այս հարցում: Այնուհանդերձ, այն ժամանակվանից, երբ այս հարցը դրվեց քաղաքական հարթության վրա, զգուշորեն գործելու անհրաժեշտություն է առաջանում: Մենք երբեք չենք հերքել Հայկական ողբերգությունը, սակայն չենք ցանկանում այս հարցում առճակատման կողմ դառնալ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ»:

2016 թվականի մայիսին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին այցելել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ, մասնավորապես, ասել էր.

Իսրայելի նախագահը Երուսաղեմի Հայոց Պարտիարքարանում Իսրայելի նախագահը Երուսաղեմի Հայոց Պարտիարքարանում

Լուսանկարը` Երուսաղեմի Հայոց Պարտիարքարան


«1915թ. հայերը կոտորվեցին: Իմ ծնողները հիշում են, թե ինչպես հազարավոր հայ գաղթականներ ապաստան գտան Հայոց Վանքի մեջ: Իսրայելում ոչ ոք չի ուրանում, որ մի ամբողջ ազգ կոտորածի է ենթարկվել: Այսօր ես Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում կաղոթեմ Ձեզ հետ՝ զոհերի հոգիների հանգստության համար»:

3.    Ի՞նչու Օսկանյանը հակադրվեց Պերեսին:

Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը իր հուշերում գրում է 2002թ. սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում Իսրայելի ԱԳ նախարար  Շիմոն Պերեսի հետ իր հանդիպման մասին:
Վարդան Օսկանյանը եւ Շիմոն Պերեսը Վարդան Օսկանյանը եւ Շիմոն Պերեսը

Լուսանկարը` Վ. Օսկանյանի արխիվից


«Խոսեցինք, բնականաբար, հայ-իսրայելական հարաբերությունների, պաղեստինյան հակամարտության, Միջին Արեւելքի, Ղարաբաղի եւ Կովկասի խնդիրների մասին: Այդ ընթացքում երկուսիս մտքում էլ առկախված էր մնում Ցեղասպանության հարցը, որը կարծես ստվեր էր գցում մեր կողմից քննարկվող մյուս բոլոր հարցերի վրա: Պերեսը նույնիսկ թույլ չտվեց, որ ես բարձրացնեմ այդ թեման. նա ինքը խոսեց Ցեղասպանության մասին եւ ասաց, որ հրեա ժողովրդի մոտեցումները այդ հարցում լավագույնս արտահայտել են հրեա գիտնականները եւ ցեղասպանագետները՝ հայտնելով իրենց հստակ ու միանշանակ կարծիքը, իսկ այն, ինչ անում է Իսրայել Պետությունը, առավելապես պայմանավորված է քաղաքական նկատառումներով:
 
Նա հույս հայտնեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կհասկանան այդ տարբերակումը: Ես բնականաբար հակադրվեցի: Այդուհանդերձ, հանդիպումից հետո մենք բաժանվեցինք բարեկամաբար՝ հույս հայտնելով, որ հետագայում կշարունակենք մեր քննարկումները եւ ակնկալելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները կխորանան»:

4.    Արդյո՞ք Իսրայելը գաղտնի փաստաթղթեր է կնքել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

2018 թ. հունվարին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ իսրայելցի գիտնական Յաիր Աուրոնը դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի եւ պարտավորությունների վերաբերյալ, որոնք Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում:
 
Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած նամակում պահանջել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետեւյալ տեղեկատվությունը.
 
1)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման եւ պայմանավորվածության փաստաթղթերը»:
 
2)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»:

Յաիր Աուրոն. Տառապանքը չափման ենթակա չէ

 
3) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն»:
 
4) «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին եւ դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո»:
 
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք մտադիր է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել այս հարցերին:

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am