Ադրբեջանի թշնամի Ջորջ Սորոսը - Mediamax.am

exclusive
33785 դիտում

Ադրբեջանի թշնամի Ջորջ Սորոսը


Լուսանկարը` Georges Soros / REUTERS


Սեպտեմբերի 4-ին Guardian թերթը հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի իշխող վերնախավը օգտագործել է 3 մլրդ դոլար ծավալով ֆինանսական սխեման՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման համար: Ադրբեջանական իշխանությունները հերքել են մեղադրանքները, իսկ հոդվածն անվանել են «Ջորջ Սորոսի եւ հայկական լոբբիի պատվեր»: Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սորոսը «խելքը գցել է»: Որոշեցինք պատմել, թե ինչպես էին զարգանում ամերիկացի ֆինանսիստի եւ բարերարի հարաբերությունները Ադրբեջանի հետ:

 

1. Սորոսը միշտ էր քննադատու՞մ Ադրբեջանը:

 

Ի սկզբանե ամեն ինչ վատ չէր: 2003 թվականի մայիսին Ջորջ Սորոսը Բաքվում մասնակցել էր «Կասպից ծովի նավթային շահույթը. ո՞վ կօգտվի դրանից» կոնֆերանսին: Իր ելույթում նա նշել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում առաջատար երկրներից մեկը:

 

«Ամբողջությամբ ծանոթ չեմ Ադրբեջանի նավթային ռազմավարությանը, բայց տեսնում եմ, որ ձեր երկիրը փորձում է այնպես անել, որպեսզի բոլոր նավթային նախագծերը հանրության համար բաց եւ թափանցիկ լինեն», - հայտարարել էր նա:

 

2. Ինչու՞ էր Սորոսը հեղափոխությունը վատ սցենար համարում Ադրբեջանի համար:

 

2005 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների շեմին Ջորջ Սորոսը Financial Times-ում հրապարակեց «Ադրբեջանը պետք է ձգտի իրական ժողովրդավարության ընտրությունների միջոցով» հոդվածը: Սորոսը գրում էր, որ «Ադրբեջանը պետք է ապացուցի բոլորին, որ կարող է իրական ժողովրդավարություն հաստատել՝ առանց հեղափոխության»:

 

Սորոսը նշում էր, որ «ընդդիմության եւ իշխող վերնախավի որոշակի շրջանակներ պատրաստվում են մարտի»: «Սակայն դա պետք չէ Ադրբեջանին, եւ կառավարությունը պետք է սկսի ապահովել երկրում ժողովրդավարացման գործընթացը», գրում էր Սորոսը:

 

Ֆինանսիստը նշում էր, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն ընտրատարածքներում տեղական դիտորդների օտարերկրյա ֆինանսավորման արգելքը: «Նրանք պետք է մարդկանց բողոքի իրավունք ընձեռեն, իսկ արտաքին ուժերը ի դեմս ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պետք է հստակ եւ կոշտ կերպով հասկացնեն Ադրբեջանին, որ ընտրություններում ոչ մեկին չի հաջողվի անպատիժ գողանալ հաղթանակը», - գրում էր Սորոսը:

 

3. Ինչու՞ Բաքվում փակվեց «Բաց հասարակություն» ինստիտուտի գրասենյակը:

 

2014 թվականի դեկտեմբերի 11-ին Բաքվում փակվեց «Բաց հասարակություն» ինստիտուտի գրասենյակը:

 

«Բաց հասարակություն-Ադրբեջան» ինստիտուտն Ադրբեջանում գործում էր 1999-ից մինչեւ 2010 թվականը: 2010 թվականի վերջին Սորոսի հիմնադրամի որոշմամբ ներկայացուցչության գործունեությունը սահմանափակվեց «տեխնիկական գրասենյակի» գործառույթներով, իսկ դրամաշնորհների տրամադրման մասին որոշումները կայացվում էին գլխավոր գրասենյակում: Այնուամենայնիվ, մի շարք տեղական եւ արտասահմանյան ՀԿ-ների դեմ Ադրբեջանում հարուցված քրեական գործի շրջանակներում սառեցվել էին Սորոսի հիմնադրամի տեղական կառույցի հաշիվները, իսկ աշխատակիցներին հրավիրում էին Գլխավոր դատախազություն՝ հարցաքննությունների:

 

2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ գրասենյակի փակումից մի շաբաթ առաջ, Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը հրապարակեց «Երկակի ստանդարտների աշխարհակարգը եւ ժամանակակից Ադրբեջանը» հոդվածը, որում քննադատում էր արտասահմանից օգնություն ստացող քաղաքացիական հասարակության ինստիտուտները եւ մեղադրում էր ԱՄՆ-ին Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ:

 

«Հակապետական գործունեություն» ծավալող ՀԿ-ներին ֆինանսավորող դոնորների շարքում հիշատակվում էր նաեւ Սորոսի հիմնադրամը:

 

4. Ինչի՞ մասին էին զրուցել Սորոսն ու Ալիեւը Դավոսում:

 

2015 թվականի հունվարին «Բաց հասարակություն» ինստիտուտը հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշման ուժեղացման վերաբերյալ:

 

Հայտարարության մեջ ասված էր, որ Ջորջ Սորոսը Դավոսում հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ եւ կոչ է արել նրան թուլացնել ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ եւ վերջ դնել Ադրբեջանում պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպությունների նկատմամբ հալածանքներին:

 

Հանդիպման արդյունքների մասին ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալության հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում հանդիպել է Սորոսի հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսի հետ: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ կարծիքների փոխանակում Ադրբեջանում տեղի ունեցող զարգացման գործընթացների շուրջ»:

 

5. Ինչու՞ է Արեւմուտքը «մեծ սխալ» գործում

 

2016 թվականի ամռանը Ջորջ Սորոսը հայտարարել էր, որ Արեւմուտքը մեծ սխալ է գործում, աջակցելով Իլհամ Ալիեւին:

 

«Ադրբեջանը, որտեղ իշխում է բավականին տհաճ բռնապետական վարչակարգ, այն երկրներից մեկն է, որի հանդեպ, ցավոք, Արեւմուտքը չափազանց գթասիրտ է: Ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ վիճել անմիջապես երկրի նախագահի հետ: Նա հաճախ ձեւանում է, որ գտնվում է չեզոք դիրքում եւ պատասխանատվություն չի կրում Ադրբեջանում կատարվող բռնաճնշումների համար:

 

Սակայն ինձ հետ զրուցելիս նա այնպիսի խորը գիտելիքներ ցուցադրեց այն մասին, թե ինչպիսի պայմաններում են կալանավորված այս կամ այն քաղաքական բանտարկյալները, ինչ մեղադրանքներով եւ այլն… Այսպիսով, դա ընդամենը ձեւացում է: Նա շատ բաների համար է պատասխանատու եւ օգտագործում է բռնաճնշումները: Նա փորձում է հանգստացնել Արեւմուտքին, ցույց տալով նավթի նոր պոտենցիալ հանքավայրեր: Կարծում եմ, որ Արեւմուտքը մեծ սխալ է գործում, աջակցելով նրան», - ասում էր Սորոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին