Պարզաբանում. Վիգեն Սարգսյան - Mediamax.am

exclusive
37558 դիտում

Պարզաբանում. Վիգեն Սարգսյան


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը Վիգեն Սարգսյանի մասին է:

 

1. Ո՞վ է Վիգեն Սարգսյանը:

 

Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ. Երեւանում, բժիշկների ընտանիքում:

 

1996թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական կառավարման ակադեմիայի հեռակա բաժանմունքը` անձնակազմի կառավարում մասնագիտացմամբ: 1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, իսկ 2000թ. ստացել է Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դիվանագիտական դպրոցից:

 

1995-98թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես խորհրդարանի նախագահի օգնական, իսկ այնուհետեւ` խորհրդական:

 

2000-2003թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի ռեֆերենտի պաշտոնը:

 

2003թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական:

 

2009թ. հունվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

2011 թվականի հոկտեմբերին նշանակվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

 

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

 

2. Ին՞չ է ասել Վիգեն Սարգսյանը անվտանգության սպառնալիքների մասին:

 

2015թ. դեկտեմբերին Վիգեն Սարգսյանն ասել էր, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովումը «գերջանքեր է պահանջելու»:

 

Նա նշել էր, որ խոսքը գնում է ինչպես մարդկային, այնպես էլ նյութական ռեսուրսների մասին՝ նկատելով, որ հայկական կողմը ստիպված է լինելու շարունակել զգալի միջոցներ հատկացնել ռազմական ծախսերի համար:

 

«Այլընտրանքը շատ ավելի վատը կարող է լինել», - ասել էր Վիգեն Սարգսյանի «Արմենիա» հեռուստաընկերության «RԷվոլյուցիա» հաղորդման ընթացքում:

 

Նա շեշտել էր, որ «Արցախի ժողովուրդը պատրաստ է կատաղի պայքար մղել» իր անկախության համար եւ շեշտել է, որ որեւէ լուծում հայկական կողմերին պարտադրվել չի կարող:

 

Խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, Վիգեն Սարգսյանը հիշեցրել էր Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի հետեւյալ խոսքերը.

 

«Խաղաղության հնարավոր կլինի հասնել այն ժամանակ, երբ արաբները իրենց զավակներին կսկսեն սիրել ավելի շատ, քան ատում են մեզ»:

 

3. Ի՞նչ է ասել Վիգեն Սարգսյանը պետական շինարարության մասին:

 

2015թ. ապրիլին Վիգեն Սարգսյանն ասել էր, որ 25 տարին պետական շինարարության համար մեծ ժամկետ չէ:

 

«Մեզանից յուրաքանչյուրն էլ ուզում է, որ մեր օրոք եւ մեր ձեռքերով պետությունը փոխվի դեպի լավը, սակայն պետական շինարարության համար 25 տարին նույնիսկ մեկ ակնթարթ չէ: Եթե նայենք Խորհրդային Հայաստանի անցած 70 տարիներին, կտեսնենք, որ հիմնական համակարգային փոփոխությունները տեղի են ունեցել տասնամյակների աշխատանքի շնորհիվ: Սա չի նշանակում, որ պետք է ձեռքերս ծալած նստենք, բայց չպետք է նաեւ թերագնահատենք մեր արածը», - ասել էր Վիգեն Սարգսյանը «ՀԲԸՄ զրույցների» ընթացքում:

 

4. Ի՞նչ է ասել Վիգեն Սարգսյանը կարիերայի մասին:

 

2014թ. հուլիսին հանդիպելով «Լույս» հիմնադրամի ուսանողներին, Վիգեն Սարգսյանն ասել էր.

 

«Մասնագիտական կարիերան սկսելիս սկզբունքային նշանակություն ունի հասկանալ եւ որոշել, թե ինչ եք դուք ցանկանում կյանքից: Եվ իրականում, այն, ինչ դուք, որպես նպատակասլաց եւ կրթված երիտասարդներ, ցանկանում եք, փոփոխություն բերելն է: Ոչ ոք չի դատելու ձեզ նրանով, թե քանի անգամ եք դուք շքեղ արձակուրդ անցկացրել գեղատեսիլ վայրերում, ոչ ոք չի դատելու ձեզ ձեր բնակարանով կամ հագուստի որակով: Ձեզ հիշելու են այն փոփոխությամբ, որը դուք բերել եք: Եվ այս իմաստով Հայաստանը այն վայրն է, որտեղ դուք կարող եք բերել այդ փոփոխությունները: Լինելով անցումային շրջանում, շատ հարմար պահ է անել այդ փոփոխությունները»:

 

5. Ի՞նչը կարելի է համարել վերջին տարիների Վիգեն Սարգսյանի գլխավոր ձեռքբերումը:

 

2015 թվականին Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգողն էր, եւ նրա գաղափարն էր ոգեկոչումը կառուցել չորս հիմնական սյուների շուրջ՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար եւ վերածնունդ:  Վիգեն Սարգսյանի գաղափարն էր 2015թ. ապրիլի 23-ին Երեւանում կազմակերպել System of a Down խմբի համերգը, որը շատերի համար շրջադարձային դարձավ Ցեղասպանության թեման նորովի ընկալելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին