Պարզաբանում. Եվրանեսթ - Mediamax.am

exclusive
8589 դիտում

Պարզաբանում. Եվրանեսթ


Լուսանկարը` http://www.euronest.europarl.europa.eu/


Այս շաբաթ Երեւանում տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որի ընթացքում կարեւոր քաղաքական ելույթներ եւ գնահատականներ հնչեցին՝ հայ պաշտոնյաների եւ եվրոպացի պատգամավորների շուրթերից: Սակայն շատերի համար պարզ չէր, թե ի՞նչ ձեւաչափ է Եվրանեսթը: Պարզաբանում խորագրի հերթական հրապարակումը կոչված է փակելու այդ բացը:

 

1. Ի՞նչ է Եվրանեսթը:

 

Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովը Եվրոպական Միության եւ Արեւելյան հարեւանների միջեւ քաղաքական ասոցացումը նպաստելու ու տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով ստեղծված խորհրդարանական հարթակ է: Որպես պառլամենտական խորհրդատվության, վերահսկողության եւ մոնիտորինգի գծով պատասխանատու կառույց, Եվրանեսթը նպաստում է Արեւելյան գործընկերության ամրապնդմանը եւ զարգացմանը:

 

2. Ե՞րբ եւ ինչպե՞ս է ստեղծվել Եվրանեսթը:

 

2011թ. մայիսի 3-ին Բրյուսելում կայացել է Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ Եվրախորհրդարանի անդամները հանդիպել են Արեւելյան գործընկեր հինգ երկրների խորհրդարանականների հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիրներին` նոր վեհաժողով ձեւավորելու նպատակով:

 

3. Ինչո՞ւ Եվրանեսթի աշխատանքներին չի մասնակցում Բելառուսի պատվիրակությունը:

 

Չնայած, որ Բելառուսը Եվրոպական հարեւանության մաս է կազմում, ԵՄ-ն խնդիրներ ունի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հետ:

 

Հետաքրքրական է, որ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրանեսթի անդրանիկ նիստի ժամանակ ունեցած ելույթում նշել էր, որ «Եվրանեսթի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում եւ փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը»:

 

4. Ինչպես՞ն են հաղորդակցվում Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրանեսթի շրջանակներում:

 

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ լիագումար նիստը տեղի էր ունեցել Ադրբեջանում, եւ Բաքու էր մեկնել 9 պատգամավորից բաղկացած ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը: Գնահատելով նիստի արդյունքները, Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել էր նիստի աշխատանքին:

 

Անդրադառնալով նիստի բացման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին, որում այդ երկրի ղեկավարը հայերին «ֆաշիստ» էր անվանել՝ Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ դրանով Ալիեւը մեծ հարված էր հասցրել իր երկրի քաղաքական իմիջին:

 

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել 2015թ. մարտի 17-18-ին Երեւանում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստին, ինչի կապակցությամբ իրենց ափսոսանքն ու մտահոգությունը հայտնեցին Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներ Բորիս Տարասյուկը եւ Հեյդի Հաուտալան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում նույնպես ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում Հայաստանի կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին:

 

5. Ինչպիսի՞ն է Եվրանեսթի կառուցվածքը եւ աշխատանքի տրամաբանությունը:

 

Եվրանեսթ ԽՎ  կազմում ընդգրկված են Եվրախորհրդարանի 60 անդամներ եւ 10 խորհրդարանական Արեւելյան գործընկեր յուրաքանչյուր հինգ երկրից: Եվրանեսթն իր մեջ ներառում է Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որը վարում են երկու համանախագահները, Բյուրոն, 4 մշտական հանձնաժողովներ եւ 2 աշխատանքային խմբեր: Եվրանեսթը ԽՎ-ն իր նիստերն է գումարում տարեկան մեկ անգամ՝ հաջորդաբար գործընկեր երկրների տարածքում կամ էլ Եվրոպական խորհրդարանի աշխատանքի վայրերում (Բրյուսել, Լյուքսեմբուրգ, Ստրասբուրգ): Մշտական հանձնաժողովները իրենց հանդիպումները կազմակերպում են տարեկան երկու անգամ:

 

Մշտական հանձնաժողովներն են.

 

- քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողով;

 

- տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ քաղաքական ասոցացման հանձնաժողով;

 

- էներգետիկ անվտանգության հանձնաժողով;

 

- սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողով:

 

Պատրաստել է Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին