Որբերը Թումանյանին. «Հանգիստ ննջիր, մեր մեծ հայրիկ» - Mediamax.am

exclusive
20479 դիտում

Որբերը Թումանյանին. «Հանգիստ ննջիր, մեր մեծ հայրիկ»


Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան


Այն, որ Հովհաննես Թումանյանի մահից  (1923 թ.)  հետո Թիֆլիսի մանկատներից մեկն անվանակոչվել է գրողի անունով, տեղեկացա տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում գտած նրա ձեռագրից: Երեւանի Հովհ. Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ,  թանգարանի «հնաբնակ» Մարինե Բաղդասարյանի հետ զրույցից պարզվեց, որ խոսքը Թիֆլիսի N 2 մանկատան մասին է: Կա՞ այդ մանկատունը հիմա, թե՞ ոչ, որեւէ մեկը, այդ թվում եւ՝ Թումանյանի թանգարանի աշխատակիցները, տեղեկություն չունեն:

 

Ըստ տատիկիս ձեռագրի՝ մանկատան սաները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների զավակներն էին: Եվ ի՞նչն է հետաքրքիր. Թումանյանի մահվան տարելիցին՝ 1924 թվականին, մանկատան սաները բանաստեղծություններ են նվիրել գրողին:

 

Ամենայն հայոց որբերի հայրիկ Թումանյանը

Թե որտեղից է տատիկս արտագրել դրանք (բանաստեղծությունները ոչ թե երեխաների ձեռագրերով են, այլ տատիկիս), չկարողացա պարզել: Տիկին Մարինեն ասաց, որ Թումանյանի թանգարանի արխիվում մանկատան սաների բանաստեղծությունները չկան:

 

Մանկատան սաների բանաստեղծություններից բացի՝ նույն թղթերի մեջ կային նաեւ Թումանյանին նվիրված այլ բանաստեղծություններ՝ գրված 1939 թվականին: Դրանցից մեկը եւս ներկայացնում ենք, քանի որ հետաքրքիր է ժամանակն արտացոլելու առումով: 

 

***

 

Նվեր Հ. Թումանյանին

 

Հովհաննսիյան Սարիկ, 1924 թ., մանկատան սան

 

Դու այս կյանքում չարչարվեցիր,

Ազգիդ համար շատ տանջվեցիր,

Քնքուշ ձեռքդ քնար առար՝

Սերմեր ցանիր, բայց շուտ մեռար:

Սերմեր սիրո, եղբայրության,

Սիրել գյուղը եւ գյուղացուն,

Ապրել հալալ աշխատանքով,

Ոգեւորվել սուրբ քրտինքով,

Հիշիր դու մեզ, ազնի՛վ պոետ,

Մանուկների սրտի պոետ,

Նրա ժպիտով ապրող պոետ,

Քեզ եմ կանչում, իսկ դու չկաս:

Զավակներիդ սրտում միշտ կաս:

Թող քո հոգիդ ուրախ խնդա,

Որբիկներիս սրտում միշտ կաս:

Դու երգեցիր արոր, գութան,

Գյուղացու կյանք, հազար մի բան,

Քո գրվածքներդ մեզ դուր եկան,

Բալիկներիդ սրտում միշտ կաս:

Հանգիստ ննջիր, մեր մեծ հայրիկ,

Քո վեհ, պայծառ, ազնիվ անուն

Կապրի մեր մեջ երկար ու միշտ,

Քանի ունենք մենք ցավ ու վիշտ:

 

***

 

Ապրողին (կատակ)

 

Ս.Բ. 1924 թ., մանկատան սան

 

Հե՛յ, Հովհաննես,

Պապակ սրտիս

Պարփակ հոգուս

Մի հով անե՞ս..

 

Հե՛յ, Հովհաննես,

Հոգնած ջանիս,

Թաց ճակատիս

Մի զով անե՞ս…

 

Թե հով չանես

Էրված սրտիս,

Պապակ շրթիս

Մի ցող չանես,

Էլ ո՞վ կասի,

Թե Հովհաննես

Թումանյանն ես…

 

***

 

Նմանակություն Թումանյանին

 

Գ. Սեւակ, 1924 թ., մանկատան սան

 

Կես գիշերին կանթեղը վառ

Կախ է տված երկնքից,

Մեծ երկաթյա-կանթեղն անմար

Երբեմնի մութ երկնքից:

Կախ է տված սյուն ու պարան,

Արագածի կատարին,

Ու մեծ, խոլական

Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս այնտեղ վերը

Ու վառվում են միշտ անշեջ,

Զանգվա հստակ կաթիլները

Տաղի քնքշանք նրա մեջ:

Թե որ իջնի սեւ խավարը,

Չնաշխարհիկ մեր երկրին

Թե որ տիրե անհուն վախը

Թույլ, կասկածոտ սրտերին,

Ով անմեղ է՝ լիքը սիրով,

Ու հավատով անսասան,

Ով նայում է վառ հույսերով

Դեպի հայոց ապագան,

Նա կտեսնի էդ մշտավառ

Ջահը՝ կախված երկնքից,

Որ սրտերին բյուր ու հազար

Հուրհրում է վերեւից:

 

***

 

Ձոն Հ. Թումանյանին

 

Վարդան, 1924 թ., մանկատան սան

 

Ո՛, մեծ երգիչ չքնաղ Լոռու,

Էլ դու չկաս հավիտյան,

Քո սերը վառ, երգերը քո,

Մեր սրտերում կմնան:

Անմահ երգիչ, էլ դու չկաս,

Քեզնից իբրեւ մեզ նվեր

Մեր սրտերում արեւավառ

Հուր երգեր ես թողել:

Չքնաղ երգեր մեր սրտերում,

Մեր աշխարհում լուսավառ,

Հիշատակդ, երգերդ քո

Կապրեն երկար, դարեդար:

Լոռու սոխակ, պարտեզներից

Մեր սրտերից խանդավառ,

Ծաղկեպսակ, վառ երգեր ենք

Սիրով հյուսում քեզ համար..

 

***

 

Հաջորդ բանաստեղծության հեղինակը ուսուցիչ Հակոբ Աղաբաբն է (1875-1926) : Բանաստեղծությունը գրված է  Թումանյանի կենդանության օրոք, 1919-ին, Թումանյանի ծննդյան 50-ամյակին:

 

Հովհաննես Թումանյանին

 

Իմ դպրոցների աշակերտության

Ամենապստիկ աղջիկն ու տղան,

Հավատա՛ անկեղծ, ընկե՛ր Հովհաննես,

Քեզնից լավ գիտեն, թե դու էդ ով ես:

Քո «Շունն ու կատուն», «Գառնիկ ախպերը»,

Քո «Չղջիկն ու ճայը»,  աղա փուշը,

Քո վեհ «Փարվանան», սիրուն «Անուշը»,

Քո «Չարի վերջը», «Անիծած հարսը»,

Քո գրած «Ուլը», քո «Արջաորսը»,

Քո «Քեփ անողին քեփ չի պակսիլը»

Քո` քեզավարի հեքիաթ ասիլը,-

Քո «Քաջ Նազարը», էն լավ «Գիքորը»,

Քո շերամապահ ծեր Գաբո բիձեն,

Քո…Բայց ո՞րն ասեմ, հե՛յ Հովհաննես,

Մեր մանուկների անկեղծ սրտով,

Շնորհավորում եմ քո հիսնամյակը

Ցանկանում եմ, որ կարմիր օրերով

Զարդարված լինի քո ամբողջ կյանքը:

 

***

 

Թումանյանին նվիրված «ժողովրդական» բանաստեղծություններից մի քանիսը թվագրված են «1939»: Եվ դա այնքան զգալի է բանաստեղծության ոճից:

 

Անմահ պոետ,

Էն գյուղացին, որ վիզը ծուռ

Քեզ մոտ եկավ էն տարին՝

Ձեռը՝ ծոցին, սրտում՝ մրմուռ,

Թափեց արցունք ու արին,

Որի մասին դու գրեցիր

Քո տաղերը վշտալի,

Քո գյուղացին հիմի էն չէ,

Տեսնես, էլ չես ճանաչի:

 

Տրակտոր են նստել հիմի

Եվ քո Սարոն, եւ Մոսին,

Հարս ու աղջիկ՝ ժիր խնդալեն

Հանդ են գնում միասին:

Էն ձորերում անդնդախոր

Ամայի ու վշտալի,

Որտեղ գետն էր խուլ ահավոր

Վաշ-վաշ անում ու լալի,

Որտեղ գետն էր խուլ ահավոր

Հալածում չար դեւերին,

Էն ձորերում հիմի պայծառ

հույսն է վառվում Իլյիչի:

Էն ձորերում բազմաչարչար

Խինդ կա. Լոռին էլ էն չի,

Ընկուզենին քո դարավոր

Էսօր էլ կա դեռ կանգնած,

Բայց նրա տակ հազարավոր

Մեր հայրերը հավաքված

Ոչ թե իրենց օրն են սգում՝

Լացը ծիծաղին խառնած,

Այլ գովում են ուրախ ներկան

Եվ լուսավոր ապագան:

Ափսոս, պոետ,

Թե ապրեիր էլի մի քիչ դու մեզ հետ,

Կտեսնեիր՝ ոնց  չքացավ հինն անհետ:

Մեր աշխարհը, մեր նոր Լոռին էլ էն չի,

Փոխվել է նա. տեսնես էլ չես ճանաչի:

 

Հ.Գ. Ի դեպ, Թումանյանի թանգարանի ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանի հետ ջերմ զրույցն ավարտվեց նրանով, որ խոստացա տատիկիս արխիվի՝ Թումանյանին նվիրված մասը հանձնել թանգարանին, ինչպես նաեւ թանգարանին նվիրել Հովհաննես Թումանյանի սիրելի պնակը, որի մեջ նա փշատ էր պահում: Այդ ափսեն տատիկիս նվիրել է Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը: Այդ պնակը հիմա ես հպարտորեն ցուցադրում եմ մեր տան հյուրերին եւ դրա մեջ նրանց փշատ հյուրասիրում:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին