Վահան Տերյան. յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ յուրային - Mediamax.am

exclusive
40814 դիտում

Վահան Տերյան. յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ յուրային


Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Վահան Տերյանը
Վահան Տերյանը

Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Վահան Տերյանը
Վահան Տերյանը

Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Վահան Տերյանը
Վահան Տերյանը

Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից


100 տարի առաջ՝ 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Բրեստ-Լիտովսկում մեկնարկեցին Խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ հաշտության բանակցությունները, որոնք ծանր հետեւանք ունեցան Արեւմտյան Հայաստանի համար։ Ռուսական պատվիրակության կազմում էր նաեւ մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանը։ Ինչպե՞ս էր նա այնտեղ հայտնվել, ո՞րն էր նրա նպատակը եւ ինչո՞ւ էր բանաստեղծը դարձել բոլշեւիկ հեղափոխական։ Փորձենք միասին թերթել Տերյանի կենսագրության քիչ հայտնի էջերը․․․

 

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ ավեր,

Ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին…

 

Մահվանից առաջ գրած այս տողերում ամփոփված միտքը կյանքի վերջին շրջանում հատկապես շատ էր տանջում Վահան Տերյանին: 20-րդ դարի առաջին տասնամյակի վերջին տարիները դժվարին եւ բախտորոշ շրջան էին հայ ժողովրդի համար:

 

Պատմական այս թոհուբոհի կենտրոնում՝ բազմաթիվ հայտնի անունների կողքին իր հաստատուն տեղն ունի հայ գրականության խոշոր դեմքերից մեկը՝ Վահան Տերյանը, որի քաղաքական ու հասարակական գործունեության մասին խորհրդային տարիներին կարծես շատ է խոսվել, սակայն իրականում գրեթե ոչինչ չի ասվել: Ավելի ճիշտ՝ ասվել է այն, ինչ կարելի էր եւ ձեռնտու էր այն ժամանակ:

 

Վահան Տերյանը գործուն մասնակցություն է ունեցել Թուրքահայաստանի մասին դեկրետի՝ հայերի համար շահեկան տարբերակի ստեղծմանը եւ փորձել է բարձրացնել Հայկական հարցը Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ: Սակայն խորհրդային շրջանում նա մեծարվում էր միայն որպես բոլշեւիկ բանաստեղծ, եւ այդ տարիներին չէր խոսվում Կոմունիստական կուսակցության հետ նրա լուրջ բախումների, բոլշեւիկյան ղեկավարության հետ տարաձայնությունների, դառը հիասթափությունների եւ մահվան չբացահայտված հանգամանքների մասին: Իսկ առաջին հերթին չէր խոսվում նրա խորը ազգային գործիչ լինելու մասին:

 

Ոչ այնքան բոլշեւիկ, որքան հակացարական

 

Ոչ ոք հստակ չգիտի, թե կոնկրետ երբ է Տերյանը դարձել բոլշեւիկ, եւ ոչ էլ խորությամբ բացահայտված է, թե ինչու է այդ շրջանում հայ մտավորականության մի հատվածը հարել բոլշեւիզմին: Որքան էլ տարօրինակ է, Տերյանի դեպքում լավագույն բացատրությունը տվել է ՀՅԴ այն ժամանակվա առաջին դեմքերից մեկը՝ Ռուբեն Դարբինյանը. «Որքան որ առիթ ունեցայ դիտելու Վահանը այդ շրջանին մէջ, ան անկեղծ էր իր քաղաքական համոզումներուն մէջ, բայց բոլշեւիկ դարձած էր ոչ այնքան այն պատճառով, որ անխախտ ու անվերապահ հաւատ ունէր դէպի բոլշեւիկեան գաղափարները, որքան այն պատճառով որ անսահման ատելութիւն ունէր դէպի հին ցարական կարգերն ու իշխանութիւնը: Հայրենասէր, ազգասէր հայ մըն էր ան: Կը հաւատար անկեղծօրէն, որ բոլշեւիկներուն ընկերանալով՝ պիտի կարողանար նպաստել Հայ դատի լուծման»:

Վահան Տերյանը Վահան Տերյանը

Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Ռուբեն Դարբինյանի բնորոշումը դիպուկ է. Տերյանը իսկապես հավատում էր, որ ապագայում իր ընտրած կուսակցության շնորհիվ հայերի վիճակը թեթեւանալու է, սակայն շատ շուտով Տերյանը պիտի հասկանար, որ «հայրենասէր, ազգասէր հայ մը» տեղ չունի ոչ բոլշեւիկյան շարքերում, ոչ ՀԿԿ-ում:

 

Հենց սկզբից նա նախընտրեց այնպիսի պաշտոն, որը ստանձնելիս կկարողանար զբաղվել ազգային հարցերով, թեեւ մյուս առաջարկվող պաշտոնն ավելի շահեկան էր:

 

«Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ եւ Արտաքին գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի Ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով:»

 

Ցավոք, այս նամակը, ինչպես շատ այլ նամակներ, մեզ հասել է ոչ ամբողջությամբ: Տերյանի այրու վկայությամբ, դեռեւս շատ տարիներ առաջ այդ նամակներն իրենից վերցրել էր բանաստեղծի երբեմնի մտերիմ ընկեր, հայտնի հասարակական գործիչ Պողոս Մակինցյանը: Հետագայում այդ նամակներն իրենց հայեցողությամբ խմբագրած տարբերակներով տպագրեցին նույն Մակինցյանը, տերյանագետ Վաչե Պարտիզունին եւ այլ գրականագետներ:

 

Իսկ հեռավոր 1917-ին լիահույս Տերյանը ոգեւորված աշխատանքի է անցնում: Այն փաստը, որ նա պաշտոնն ավելի շուտ էր ստացել, քան դարձել էր կուսակցական, եւս խոսում է այն մասին, որ նա բոլշեւիկ էր դարձել հանգամանքների բերումով: Հավանաբար, բոլշեւիկյան ղեկավարությունը բարձր էր գնահատել Տերյանի ներկայությունն իրենց շարքերում, քանի որ կուսակցությանը օրեր առաջ անդամագրված բանաստեղծն անմիջապես դառնում է կառավարության անդամ եւ փաստացի սկսում է ղեկավարել Հայկական կոմիսարիատը, իսկ Պետրոգրադում նրա աշխատասենյակը հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի սենյակի կողքին էր: Տերյանի առաջխաղացման գործում որոշիչ էր նաեւ Ստեփան Շահումյանի դերը: Բանաստեղծն ու գործիչը մեծ հարգանք ունեին միմյանց նկատմամբ:

 

Թուրքահայաստանի մասին դեկրետը, Ստալինի հետ առաջին բախումն ու ընկեր «Ղենինը»

 

Սկզբում Տերյան-Լենին հարաբերությունները հարթ էին: Ավելին՝ Տերյանի որոշ քաղաքական հարցադրումներին Լենինն արտաքուստ ընդառաջում էր: Տերյանը Դաշնակցության շատ գործիչների պես դեմ էր, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Թուրքահայաստանից, քանի որ այդպես ժողովուրդը մնում էր անպաշտպան: Այդ ամենը նրանց պատկերացմամբ պետք է տեղի ունենար Թուրքահայաստանի անկախացումից հետո: Այս հարցով Տերյանը դիմում է Լենինին եւ ստանում գոհացուցիչ պատասխան. «Նա շատ լավ վերաբերվեց, եւ պարզվեց, որ երբ ինքն ասում է՝ զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից, եւ նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասերը»:

Վահան Տերյանը Վահան Տերյանը

Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան...»: Սակայն երբ Տերյանը Ստալինին տալիս է Լենինի գրությունը, եւ նա կարդում է այն, բանաստեղծի վկայությամբ, Ստալինը արդեն այլ կերպ է խոսում:

 

Այս հարկադրված զիջումը Տերյանին, բնականաբար, Ստալինին դուր չի գալիս: Սակայն դա քիչ էր հուզում Տերյանին, որովհետեւ ինքն էլ բացասական կարծիք ուներ Ստալինի մասին: Շատ լավ հիշում էր, թե ինչ արհամարհական վերաբերմունք ուներ Իոսիֆի հանդեպ իր կողմից շատ հարգված Շահումյանը: Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: Մինչեւ վերջ Ստալինը, կամ «Կոբան», ինչպես անվանում էին նրան մինչեւ հեղափությունը, Շահումյանի համար մնաց ցարական «օխրանկայի լրտես»։

 

Ստալինը եւ Լենինը շատ լավ հասկանում էին, որ Տերյանին առաջին հերթին հուզում են իր ազգի շահերը, սակայն իրենք էլ իրենց խաղն էին խաղում՝ առերեւույթ շատ հարցերում համաձայնելով Տերյանի հետ: Դրանցից կարեւորագույնը, իհարկե, Թուրքահայաստանի մասին դեկրետն էր, որի կյանքի կոչման գործում նշանակալի դեր է ունեցել Տերյանը: Նույն Ռուբեն Դարբինյանն այս մասին գրում է. «Ան էր, որ օգնած Լենինին ձեւակերպելու եւ հրատարակելու վերջինի ծանօթ «դեկրետ»-ը Տաճկահայաստանի մասին: Ան էր դարձեալ, որ Պրեսթ-Լիթովսքի հաշտութեան կոնֆերանսին ատեն Հայկական հարցի մասին յուշագիր էր ներկայացուցած Սովետական պատուիրակութեան»:

 

Այդ դեկրետի առաջնային կետը պետք է հետեւյալը լինեեր. «Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն»: Այս կետն շատ էր ուրախացրել Տերյանին եւ հայ հասարակական-քաղաքական գործիչներին: Նրանցից շատերը ջանք ու ճիգ չէին խնայում, որպեսզի այն իրականություն դառնա:

 

1917 թ-ի դեկտեմբերի 29-ին դեկրետն ընդունվեց, սակայն ճիշտ հակառակ՝ հայերի համար անբարենպաստ դրույթներով: Իսկ Տերյանը թերեւս առաջին անգամ սկսեց գիտակցել, որ հայապաշտպան քաղաքականություն բոլշեւիկներից սպասել պետք չէ: Պատահական չէ, որ հետագա նամակներում Լենինին հիշատակելիս Տերյանն արդեն գրում է Ղենին՝ ծաղրելով առաջնորդի լեզվական արատը: Այնուամենայնիվ, այդ շրջանում բոլշեւիկյան ղեկավարությունից բանաստեղծը դեռեւս վերջնականապես հույսը չէր կտրել: Դա տեղի պետք է ունենար Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բանակցությունների ժամանակ:

 

Հիասթափություն Բրեստ-Լիտովսկից եւ բախում Տրոցկու հետ

 

Բանակցությունների հետ Տերյանը, ով ներառված էր ռուսական պատվիրակության երկրորդ կազմում, մեծ հույսեր էր կապում: Նա հույս ուներ, որ վերջապես հնարավոր կլինի Հայկական հարցի լուծման գործում որեւէ դրական տեղաշարժ գրանցել: Մինչեւ Բրեստ-Լիտովսկ մեկնելը նա հանդիպել էր դաշնակցական գործիչներ Ռոստոմի (Ստեփան Զորյան) եւ Լիպարիտ Նազարյանցի, ինչպես նաեւ գեներալ Լեւոն Տիգրանյանի, պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցի եւ Մովսես Աճեմյանի հետ, նրանց հետ միասին կազմել Հայկական հարցին վերաբերող «ընդարձակ տեղեկագիր»: Այդ տեղեկագիրը Տերյանը պետք է ներկայացներ բանակցությունների ընթացքում: Իսկ արդեն Բրեստ-Լիտովսկից խնդրել էր իրեն ուղարկել մանրամասն տվյալներ Հայաստանում եւ սփյուռքում բնակվող հայերի մասին: Ոչ այդ տվյալները, ոչ էլ տեղեկագիրը ներկայացնելու հնարավորություն նա այդպես էլ չունեցավ, ավելին՝ հաշտության այդ պայմանագրով հայերը կորցրին Արեւմտյան Հայաստանը: Իսկ պայմանագիրը ստորագրողներից մեկը Լեւ Կարախանն էր (Լեւոն Կարախանյան):

 

Բրեստում Տերյանը տեղեկանում է նաեւ, որ ռուսական զորքերը մասսայաբար լքում են Արեւմտյան Հայաստանը՝ վերադառնալով Ռուսաստան, քանի որ ռուսական կառավարությունը հողեր էր բաժանում զինվորներին: Փաստորեն Լենինը Տերյանին տված իր խոստումը չէր պահել:

 

Ակնհայտ է, որ իրերի այսպիսի դասավորությունը չէր կարող չհուզել եւ չզայրացնել բանաստեղծին: Ըստ Տերյանների ընտանեկան հուշի՝ այս առիթով բախում է տեղի ունենում Տերյանի եւ Տրոցկու միջեւ: Տրոցկին մեղադրում է Տերյանին նացիոնալիզմի համար եւ անվանում նրան «армяшка»: Բանակցությունների հետագա ընթացքից Տերյանը դուրս է մնում: Եվ հերթական անգամ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ այդ ժողովրդի զավակ Տերյանը մնում են ձեռնունայն:

 

Ի դեպ, Տերյանին հեգնականորեն «армяшка» անվանողն այն նույն Տրոցկին էր, որ ընդամենը 5 տարի առաջ իր «Андраник и его отряд» հոդվածում անթաքույց կերպով հիացմունք էր հայտնել Նժդեհի եւ Անդրանիկի մասին՝ վերջինիս մասին գրելով. «Հայերը նրան ենթարկվում են, թուրքերը նրանից վախենում են, սուլթանական զորախմբերը հետեւում են նրան կրնկակոխ… Զորախմբի հոգին Անդրանիկն է… Նա հիասքանչ է…»:

 

Ինչ վերաբերում է Տերյանին, Բրեստ-Լիտովսկում նա վերջնականապես հիասթափվեց բոլշեւիկյան կառավարությունից: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր փոթորկվում բանաստեղծի սիրտը՝ տեսնելով իր ժողովրդին կրկին խաբված: Նրա տրամադրությունն ու ապագայի հանդեպ տեսլականը դառնում են մռայլ ու հոռետեսական: Եղբորն ուղղված նամակում նա գրում է. «Այս անիծեալ հեղափոխությունն ամեն ինչ կործանեց եւ դեռ շարունակում է կործանել: Չգիտեմ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու»:

 

Այդ շրջանի հիասթափությունն ու ապրումները նա արտահայտել է իր վերջին բանաստեղծություններից մեկում.

 

Օ, կգան օրեր ավելի տրտում

Ու դժնի, դժնի, առավել դժնի.

Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,

Օ, կգան օրեր ավելի տրտում։

Կըլռե տրտունջն անամոք սրտում

Եվ փոշու նման ձանձրույթը կիջնի…

Օ, կգան օրեր ավելի տրտում

Եվ դժնի, դժնի առավել դժնի…

 

Օտար` յուրայինների մեջ, օտարների մեջ՝ յուրային

 

Տերյանը չսխալվեց՝ «ավելի տրտում օրերը» չուշացան: Հետագայում դեպքերը տեղի ունեցան ժանրի դասական կանոններով: Տերյանը սկսեց հալածվել, որակվել որպես ազգայնական, եւ թոքախտի վերջին շրջանում գտնվող բանաստեղծին ռազմաճակատ ուղարկելու որոշում ընդունվեց: Հալածման հարցում առաջամարտիկ էին հատկապես հայ կոմունիստները: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Տերյանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունից դուրս գալու դիմում գրեց՝ մանրամասն շարադրելով իր կարծիքը դրա ղեկավարության ոչ լեգիտիմ լինելու, նրանց կողմից թույլ տված բազմաթիվ սխալների ու իր հանդեպ լարված խարդավանքների մասին: Այս դիմումի մասին խորհրդային տարիներին երբեք չի հիշատակվել, եւ միայն մի քանի տարի առաջ Տերյանի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը դրա ֆոտոպատճենը պատահաբար գտել է Գրականության և արվեստի թանգարանի չարխիվացված ֆոնդերից մեկում:

Վահան Տերյանը Վահան Տերյանը

Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Ազգային հարցերի բարձրաձայնելուց բացի, բոլշեւիկյան ղեկավարությանը նյարդանացրել էր նաեւ այն, որ Տերյանը սիրով ողջունել էր Հայաստանի անկախացումը, կես միլիոն ռուբլի բաժանել Աստրախանի գաղթական հայերին եւ մտավորականությանը, գնդակահարությունից եւ բանտից փրկել էր մի շարք հայտնի մտավորականների:

 

Վերջինի հետ կապված Դավիթ Անանունը գրել է. «Վահանը կարմրում էր իր կուսակցական ընկերների արարքների համար: Նա երաշխավոր կանգնեց իմ ու մի երկու ուրիշ ձերբակալվածների համար եւ մեզ ազատեց Էսենտուկիի բանտից: Մյուսների համար համառորեն պայքարեց եւ նրանց ազատությունը պահանջեց: Եթե Հանքային ջրերում հալածանքի ենթարկված մտավորականներս անփորձ մնացինք, ապա այդ պարտական ենք բացառապես Վ. Տերյանին»:

 

Վահան Տերյանը բանտից եւ գնդակահարությունից փրկել է նաեւ դաշնակցական գործիչների, մասնավորապես, բժիշկ Զավրիեւին, որին փրկելու եւ նրան գնդակահարելու մտադրության մասին լուրը բերած Դարբինյանին մատնել չցանկանալու համար քիչ էր մնում ինքը՝ Տերյանը ձերբակալվեր: Դարբինյանն այդ օրերի մասին գրել է, որ Տերյանի պատճառաբանությանը, թե տարրական ազնվությունը պահանջում է, որպեսզի ինքը չմատնի իրեն վստահող բարեկամին, ԿԳԿ քարտուղար, ազգությամբ հայ Ավանեսովը բացականչել է, որ ազնվությունը բուրժուական կատեգորիա է, եւ հանուն կուսակցության նա պարտավոր է մատնել անգամ հորն ու մորը, անգամ եթե նրանց մահ սպառնա: Ավելորդ է նշել, թե ինչքան տարբեր հարթությունների վրա էին գտնվում այդպես մտածող գործիչներն ու Տերյանը:

 

Ի դեպ, որոշ ժամանակ անց Զավրիեւն էլ իր հերթին փորձել է օգնել Տերյանին՝ առաջարկելով անցնել Շվեյցարիա: Տերյանը մերժել է: Դաշնակցական գործիչների հետ դրական հարաբերությունները նույնպես անջրպետ էին մտցնում բոլշեւիկյան ղեկավարության եւ բանաստեղծի միջեւ:

 

Տարիներ անց խորհրդային քարոզչությունը Տերյանին պիտի որակեր մոլի հակադաշնակցական: Դա էր պահանջում ժամանակը: Տերյանն իսկապես շատ ու շատ հարցերում համաձայն չէր Դաշնակցության որոշումների, գաղափարների հետ եւ բացեիբաց քննադատում էր դրանք, բայց նաեւ իրեն հատուկ օբյեկտիվությամբ չէր կարող չնկատել դրականը: Այդպես՝ դեռեւս 1906 թ-ին Սոնա Օտարյանին ուղղված նամակում նա գրել է. «Մերոնք այժմ բավականին զինված են: Մանավանդ «Դաշնակցությիւնը» մեծ դեր է խաղում եւ իմ խորին համոզմունքով, եթէ չըլիներ նա, շատ տեղերում հիմա ոչ մի հայ չէր մնայ: Թիֆլիզի ընդհարումների ժամանակ այնտեղ էի եւ աչքովս տեսայ Դաշնակց. կատարած դերը: Կռուի մէջ Դաշնակց. իրաւ հավասարը չունի, բայց պրօպագանդը շատ թույլ է…»:

 

Իրականում սիրո, թախծի եւ պայքարի բանաստեղծի համար միեւնույնն էին կուսակալությունները, միջկուսակցական հարաբերություններն ու գաղափարական կռիվները: Նրա համար կարեւոր էր հայկականության շահը եւ ազնիվ աշխատանքը:

 

Առաջին կնոջը՝ Սուսաննային ուղղված նամակում Բրեստ-Լիտովսկից հետո նա գրել է. «Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ եւ տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Որքան էլ ծանր եւ դժվարին լինի, դու ինձ կհասկանաս, Լյուլինկա, եւ չես ուզենա իմ խղճի վրա բարդել մի բան, որը հետո կդառնա իմ եւ քո ամբողջ կյանքի անեծքը, ուստի եւ ինձ հնարավորություն կտաս ազնիվ վարվելու, պարտքս կատարելու եւ մնալու մաքուր, անբիծ խղճով»:

 

Բանաստեղծի մահանալուց հետո տարիներ շարունակ փորձ էր արվում ցույց տալու, որ Տերյանը բոլշեւիզմի վառ ջատագովներից է եղել: Նրա հեղինակությունն օգտագործելը ձեռնտու էր Կոմկուսին: Սակայն առնվազն տարօրինակ էր, թե ինչու այդ անվանի բոլշեւիկը խորհրդային շրջանում այդպես էլ արձան չունեցավ: Ավելին, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը մերժեց Երեւան տեղափոխել բանաստեղծի աճյունը, ինչի արդյունքում նրա գերեզմանը կորավ Օրենբուրգում, եւ միայն տարիներ անց նրա դստեր՝ Նվարդ Տերյանի ջանքերով այնտեղից հող բերվեց եւ Կոմիտասի անվան պանթեոնում ստեղծվեց բանաստեղծի խորհրդանշական գերեզմանը:

 

Դահիճների մթին խմբում կըլինես դու միայնակ,

Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ՝ մի դանակ...

 

Մինչեւ օրս բացահայտված չէ նաեւ, թե այդ ինչ հույժ կարեւոր, գաղտնի առաքելությամբ էր հիվանդությունից բզկտված Տերյանը 1919-ին մեկնում դեպի արեւելք, որի ճանապարհին էլ ի վերջո մահացավ: Վերջին շրջանի ուսումնասիրությունները հակված են ապացուցելու, որ Տերյանը չուներ ոչ մի հանձնարարություն, պարզապես դա փախուստ էր Մոսկվայից՝ բուժվելու նպատակով:

 

Տերյանը գնում էր ապրելու… Նրան այդ հարցում «օգնեց» կուսակցական հին ընկեր Կարախանը՝ խորհուրդ տալով մերժել դաշնակցական Զավրիեւի «կասկածելի» առաջարկը եւ ընտրել ամենաերկար, ամենաբարդ, բայց, իր կարծիքով, ամենաանվտանգ ճանապարհը: Բայց արդյոք օգնությու՞ն էր դա, թե՞ մտածված ուղղորդում դեպի մահ: Մի՞ թե Արտաքին գործերի կոմիսարիատի առաջին դեմքը չգիտեր, որ արեւելքը շրջանցող այդ ճանապարհն իրականում գոյություն չունի, եւ որ երթեւեկի բոլոր ուղիները կաթվածահար են: Դժվար չէր նաեւ կռահել, որ ճանապարհային եւ կլիմայական խիստ ցուրտ ու խոնավ պայմաններում թոքախտից հյուծված 35-ամյա բանաստեղծի օրգանիզմը չի դիմանալու․․․

 

Սոսսի Խանիկյան

 

Հոդվածի պատրաստման աշխատանքներին օժանդակելու համար հատուկ շնորհակալություն Գեւորգ Էմին-Տերյանին:

Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են հետեւյալ աղբյուրները՝

Գեւորգ Էմին-Տերյան, «Վահան Տերյան. Անտիպ եւ անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)», Երեւան, 2014:

Գեւորգ Էմին-Տերյան, «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը», Երեւան, 2016:

Ռաֆայել Իշխանյան, «Տերյանն ինչպես որ կա», Երեւան, 1990:

Արտյուշ Խանջյան, «Մոռացված եւ անհայտ էջեր Վահան Տերյանի կյանքից», Երեւան, 2004:

Peter Kenez, “Civil war in South Russia, 1919-1920: the defeat of the wihtes”, Berkrely California, 1977.

http://nashasreda.ru/ostavshijsya-nepobezhdennym-k-90-letiyu-so-dnya-konchiny-andranika-sasunskogo/ (10.12.2017)

Հոդվածում տեղ գտած մեջբերումների ուղղագրությունն ու կետադրությունը դրանց հեղինակներինն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին