Դավիթ Տոնոյան. «Պարգեւներ եւ ուսադիրներ կրելու մոլուցքով երբեւէ չեմ տառապել» - Mediamax.am

persona
32762 դիտում

Դավիթ Տոնոյան. «Պարգեւներ եւ ուսադիրներ կրելու մոլուցքով երբեւէ չեմ տառապել»

Դավիթ Տոնոյանը տիկնոջ հետ
Դավիթ Տոնոյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` Անձական արխիվից

Լուսանկարը`


ՓԱՍՏԵՐ

 

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին:

 

1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

 

1991-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997-ին` ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

 

2010թ. հոկտեմբերին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պատվավոր անդամ է:

 

- Դուք ծնվել եք Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում: Ինչպե՞ս դա եղավ:

 

-  ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո հայրս Ղազախստանում աշխատելու նշանակում ստացավ ու մեկնեց Ուստ-Կամենոգորսկ: Մի քանի տարի անց նա եկավ Հայաստան, ամուսնացավ մայրիկիս հետ ու ամուսիններով նորից մեկնեցին Ղազախստան, որտեղ էլ ծնվեցի: 4 տարեկան էի, երբ վերադարձանք Հայաստան:

 

- Ձեր հայրը եղել է երկրաբան, Դուք, ինչպես ընդունված է երկրաբանների մոտ, չդավաճանեցիք հայրիկի մասնագիտությանը ու եւս ավարտեցիք երկրաբանական ֆակուլտետը, սակայն մասնագիտությամբ չաշխատեցիք: Չե՞ք ափսոսում այդ մասին:

 

- Չեմ կարծում, որ տղամարդն իր կյանքում որեւէ բանի համար պետք է ափսոսի: Չեմ ափսոսում, բայց լավ չէ, որ այդ ունիվերսալ գիտելիքները հասցեական չեմ օգտագործում: Ունեմ մեծ թվով ընկեր -երկարաբաններ, ու նրանց հետ շփվելով եմ մասնագիտական կարոտս հագեցնում: Վիսոցկին երգում էր` «Սարերից լավ կարող են լինել միայն այն սարերը, որոնց վրա դեռ չես եղել»: Նա լեռնագնացների մասին էր երգում, ինչը միանգամայն հոգեհարազատ է նաեւ երկրաբաններին:

 

- Այսօր Հայաստանում շատ են բանավեճերը հանքարդյունաբերության եւ բնապահպանության մասին: Լինելով երկրաբան, ի՞նչ եք կարծում, հնարավոր է համատեղել դրանք:

 

- Եթե այդ հարցն ինձ տրվեր 10-20 տարի առաջ, միանշանակ կպատասխանեի, որ հանքարդյունաբերության եւ բնապահպանության միջեւ կա մեծ հակասություն: Բայց այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ բնապահպանությունն ու հանքարդյունաբերությունը կարող եւ եւ պետք է քայլեն կողք կողքի: Այնպես որ, հնարավոր է Հայաստանում զարգացնել հանքարդյունաբերությունը եւ միեւնույն ժամանակ լուծել բնապահպանության խնդիրները, եթե, իհարկե, հանքարդյունաբերողները լուրջ ներդրումներ կատարեն բնապահպանական միջոցառումներ իրականացնելու բնագավառում: Խորհրդային Միության ժամանակ երկրաբանները երբեմն միտումնավոր թաքցնում էին որոշ հանքավայրեր, որպեսզի բնությանը վնաս չհասցնեն: Այսօր իրավիճակն ամբողջապես այլ է:

 

- 1992-1994թթ. աշխատել եք ՆԳՆ համակարգում: Ինչո՞վ էիք զբաղվում:

 

- 1988 թվականին, երբ վերադարձա բանակից` ուսումը շարունակելու համար, Հայաստանում ազգային զարթոնք էր` Ղարաբաղյան շարժում, կամավորական շարժում: Հետո եղավ Սպիտակի երկրաշարժը: Ձեր նշած տարիներին երկրում մոլեգնում էր հանցավորությունը, որի դեմ պետք էր պայքարել: Ես երիտասարդ էի, սպորտով էի զբաղվում, որոշակի գիտելիքներ արդեն ունեի ու երբ լսեցի, որ ներքին գործերի նախարարությունը հրավիրում է աշխատանքի, որոշեցի դիմել:

 

Լուսանկարը՝ անձական արխիվից

 

Երկրաբանությունն այդ ժամանակ «սառած» վիճակում էր, իսկ իմ էներգիան բավական շատ էր ու չէի կարող մեծ գործընթացներից դուրս մնալ:

 

Աշխատանքի անցա նոր կազմավորվող Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում` որպես օպերլիազոր, այնուհետեւ` ավագ օպերլիազոր:

Վարչությունը գտնվում էր հանցավորության դեմ պայքարի «առաջնային գծում»: Ծանր տարիներ էին, բայց հաջողվեց երկրում կարգ ու կանոն հաստատել: Հպարտ եմ, որ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացում:

 

1994 թվականին որոշակի փորձ ձեռքբերած երիտասարդների թվում ինձ էլ տեղափոխեցին Ռազմական ոստիկանություն:

 

- Գիտեմ, որ արեւելյան մարզաձեւերի եք տիրապետում:

 

- Ուսանողական տարիներին հասցրեցի սպորտի վարպետության թեկնածու դառնալ ձյուդոյից: Ձյուդոն բավական բան փոխեց բնավորությանս մեջ: Մրցասպարեզում ուժերի իրական բախում է, եւ հաղթելու մղումը, հաղթանակը մարզիկին յուրօրինակ հոգեվիճակ է պարգեւում, որը կյանքում վերածվում է հաջողության բանալու: Հետո եկավ մի շրջան, երբ սկսեցին տարբեր արեւելյան մարզաձեւերը «խառնել իրար»: Դրանով եւս զբաղվել եմ, սակայն դա արդեն իմ «ծաղկուն մարզավիճակի» շրջանը չէր:

 

Հետեւում եմ ձյուդոյի մրցումներին, երբ ունենում եմ այդ հնարավորությունը: Փորձում եմ մարզավիճակում մնալ, ինչը ոչ միշտ է հաջողվում:

 

- Իսկ ե՞րբ եք վերջին անգամ տատամի դուրս եղել:

 

- Մի քանի տարի առաջ, երբ դեռ Բրյուսելում էի աշխատում:

 

- 1997-ին Դուք ավարտեցիք ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, իսկ արդեն 1998-ին մեկնեցիք Բրյուսել, որտեղ աշխատեցիք գրեթե 10 տարի` սկզբում որպես ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի շտաբում, այնուհետեւ` ՊՆ ներկայացուցիչ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Սկզբում չկա՞ր որոշակի մշակութային շոկ` ինչպե՞ս էր ռուսական ռազմական կրթությունը հարաբերվում ՆԱՏՕ-ի հետ:

 

- Ռազմադիվանագիտական ակադեմիայի ուսման տարիների մասին խոսելն ընդունված չէ, ու ես այդ կարգը չեմ խախտի: Ասեմ միայն, որ ակադեմիան նախկին ԽՍՀՄ եւ այսօրվա Ռուսաստանի իսկապես ամենաէլիտար ռազմական ուսումնական հաստատություններից մեկն է:

 

ՆԱՏՕ-ում աշխատելով՝ երկու ինստիտուտ ավարտեցի` փոխաբերական իմաստով: Կան քաղաքական խնդիրների հետ կապված գիտելիքներ ու հմտություններ, որոնք տեսական դասընթացների ժամանակ հնարավոր չէ ստանալ, դրանց մեջ պետք է «եփվել»:

 

Լուսանկարը՝ անձական արխիվից

 

Այնպես որ, շնորհակալ եմ երկու համակարգերին էլ` գիտելիքներիս եւ փորձառության համար:

 

- Ինչպե՞ս Ձեր ընտանիքը համակերպվեց այն մտքին, որ տաս տարի բարեկեցիկ Եվրոպայում ապրելուց հետո պետք է վերադառնա Հայաստան:

 

- Շատ շնորհակալ եմ տիկնոջս, որը տեղափոխման հետ կապված հոգսերի մեծ մասը վերցրեց իր վրա: Դիվանագետներն ու ռազմական դիվանագետները գիտեն, որ հիմնական դժվարությունները բաժին են հասնում հենց նրա ընտանիքին` կարիերայի ընթացքում հաճախակի տեղափոխությունների պատճառով:

 

Սկզբնական շրջանում երեխաների համար որոշակի բարդություններ եղան, որոնք աստիճանաբար հարթվեցին: Դրանում մեծ դեր խաղաց նաեւ դպրոցը` Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, որտեղ հաճախում են զավակներս` Էմիլիան ու Էդգարը:

 

- Այսօր շաբաթ է (փետրվարի 24-հեղ.), երեկոյան յոթն է, իսկ դուք դեռ աշխատում եք: Ենթադրում եմ, որ միայն կիրակի օրերն եք կարողանում ընտանիքին տրամադրել: Ինչպե՞ս է անցնում Ձեր կիրակին:

 

- Եթե գործուղումներ չկան, կամ աշխատանքի ծավալներն այնպիսին չեն, որ պետք նախարարությունում լինեմ, կիրակի օրերն անցկացնում եմ ընտանիքիս եւ ընկերներիս հետ: Ասեմ, որ այս հարցում հաճախ շահում են ընկերներս: Իսկապես դժվար է այդքան սուղ ազատ ժամանակը տնօրինելը. ընկերներիս հաճախ չեմ տեսնում: Նախընտրում ենք ընտանիքներով հավաքվել, որպեսզի ընկերների հետ չհանդիպեմ ընտանիքիս «հաշվին»:

 

Դավիթ Տոնոյանի զավակները` Էմիլիան եւ Էդգարը

Լուսանկարը՝ անձական արխիվից

 

- Երբեւիցե մտածե՞լ էիք, որ կարող եք «երկրորդ մարդը» դառնալ ՀՀ ՊՆ-ում:

 

- Միանգամից ասեմ, որ մեր համակարգում  ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման կարեւորությունը չափազանց լուրջ է եւ աշխատանքը շատ պատասխանատու, այնպես որ ես չեմ հավակնում «ՀՀ ՊՆ-ի երկրորդ մարդ» տիտղոսին: Իսկ ընդհանուր առմամբ, առավել հակված եմ ուժեղ անհատներով թիմային աշխատաոճին`բարձր անհատական պատասխանատվությամբ:

 

Մինչ այս պաշտոնին նշանակվելը ես հիմնականում մասնագիտացած էի արտաքին կապերի, միջազգային համագործակցության ու պաշտպանական քաղաքականության իրականացման ոլորտներում: Պաշտպանության նախարարության բարեփոխման ընթացքում ավելի մանրակրկիտ սկսեցի ուսումնասիրել նոր ոլորտներ,  այդ թվում` անձնակազմի կառավարում, տեղեկատվություն, հասարակության հետ կապեր, ռազմական կրթություն: Կարծում եմ, որ դեռեւս բավական անելիքներ կան:

 

- Եթե չլիներ պաշտպանական բարեփոխումը, այսօր, երեւի թե, գեներալ կլինեիք: Չե՞ք ափսոսում, որ գեներալի ուսադիրներ չկրեցիք:

 

- Պարգեւների ու ուսադիրների «հմայքը» ինձ երբեւէ չի «գերել»: Աշխատում եմ հաճույքով: Ինձ համար շատ կարեւոր է բարձր ինքնագնահատականը: Ըստ այդմ, լավագույն պարգեւն ինձ համար իրականություն դարձած մտահղացումն է, չտրորված ճանապարհով նշանակետին հասնելը:

 

Ինչ վերաբերվում է գեներալական ուսադիրներին, ապա ասեմ, որ ելնելով բարեփոխումների եւ ՊՆ-ի քաղաքացիականացման տրամաբանությունից, պետք էր նաեւ անձնական օրինակով ցույց տալ, որ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելով էլ կարող ես հանգիստ առնչվել զինվորական անձնակազմի հետ` իրականացնելով կառավարման գործառույթներ:

 

Բացի դրանից, մենք հաճախ մոռանում ենք, որ մեր Զինված ուժերում ղեկավար քաղաքացիական անձանց ավանդույթը ունենք բավականին երկար ժամանակ` Հայաստանի ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ պաշտպանության նախարարները կադրային զինվորականներ կամ գեներալներ չեն եղել: Զինվորական կրթություն չի ունեցել նաեւ փոխնախարարների գերակշիռ մասը:

 

Ամփոփելով գեներալական ուսադիրների թեման, ասեմ, որ Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ դասակի հրամանատար եմ եղել ու դրանից հետո զինծառայության ընթացքում ղեկավարել եւ համադրել եմ օպերատիվ ծառայություն եւ շտաբային բնույթի աշխատանքներ: Այդ պարագայում գեներալի ուսադիրներ ակնկալելու իրավունք` առանց առնվազն զորամիավորումներ ղեկավարելու փորձի, ես ինձ բարոյապես չեմ վերապահել:

 

- Իսկ ձեր կինը չէ՞ր ցանկանում գեներալի տիկին լինել:

 

- Մեր տանը երբեք նման խոսակցություն չի եղել`այս հարցում Զառայի հետ մենք համախոհներ ենք: Թերեւս, նա ավելի ուրախ կլիներ, եթե ես հաջողակ գործարար լինեի (ժպտում է):

 

Դավիթ Տոնոյանի տիկնոջ հետ

Լուսանկարը՝ անձական արխիվից

 

- Դուք մտադի՞ր եք ամբողջ կյանքը զբաղվել այս գործով, թե կարող է մի պահ գալ, երբ որոշեք այլ ոլորտ տեղափոխվել:

 

- Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ պաշտպանության ու անվտանգության հարցերով եւ կարծում եմ, որ 45 տարեկանում արմատական փոփոխություններ կատարելը սխալ կլինի, հատկապես, որ նման նախադրյալներ չկան:

 

Ապագայի համար կա հետեւյալ այլընտրանքը. մնալ լավ իմաստով «բյուրոկրատ-չինովնիկ», կամ ընդգրկվել քաղաքականության մեջ` թեեւ արդեն իսկ այնպիսի ոլորտում եմ, որը որոշ առումով քաղաքական է:

 

- Վերջին տարիներին երիտասարդների թիվը պետական կառավարման մարմիններում ավելանում է: Ինչպիսի՞ն է պատկերը ձեր նախարարությունում:

 

- ՊՆ-ն դինամիկ կառույց է, այն արագ փոփոխություններ է պահանջում: Վերջին երկու տարիներին երկրի նախագահի, եւ ՊՆ վարած քաղաքականության շնորհիվ մեծ բարեփոխումներ եղան, ինչը արտացոլվեց նաեւ երիտասարդ կադրերի առաջխաղացմամբ: Մեծածավալ աշխատանք է կատարվում ռազմակրթական ոլորտում, իսկ շփումները եւ ակտիվ համագործակցությունը առաջատար բուհերի հետ մեզ հնարավորություն տվեցին խոստումնալից երիտասարդներ նաեւ ներգրավվել ոչ զինվորական մասնագիտություններով պաշտոնները համալրելիս:

- Այսօր ՊՆ-ն մրցունա՞կ է որպես գործատու` պետական այլ կառույցների համեմատ:

 

- Կարծում եմ, մրցունակ ենք: Բացի դա, ՊՆ-ում աշխատելը պատվաբեր է երիտասարդության շրջանում: Քաղաքացիական տարրի ներմուծումը շատ դրական փոփոխություններ մտցրեց: Ասեմ նաեւ, որ մեզ մոտ աշխատելը «վարակիչ» է. երբ մտնում ես կառույցի մեջ, գիտակցում երկրի պաշտպանության մեջ քո ունեցած թեկուզ համեստ մասնաբաժինը, ապա այլեւս անհետաքրքիր է դառնում այն ամենը, ինչն անցյալում էր:

 

- Եթե ավելի շատ ազատ ժամանակ ունենայիք, ինչ՞պես կտնօրինեիք այն: 

 

- Դժվար է ընտրություն կատարել` կցանկանայի ավելի լիարժեք քնել, սպորտով զբաղվել, երեխաների մեծանալուն ավելի շատ հետեւել, տիկնոջս ավելի շատ ուշադրություն դարձնել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, եւ, իհարկե, գեղարվեստական գրքեր ընթերցել: Հիմա միայն մասնագիտական գրականություն եմ կարդում: Բայց, քանի որ աղջիկս սիրում է կարդալ, մեկ-մեկ «գողանում» եմ նրա գրքերը, թերթում եմ, եւ հասկանում, որ դրա պահանջը զգում եմ:

 

Դավիթ Տոնոյանը տիկնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը՝ անձական արխիվից

 

Աղջիկս վերջերս կարդում էր «Խաչագողի հիշատակարանը»: Ես էլ կարդացի` նորովի բացահայտելով այն` հասուն տարիքում բոլորովին այլ էին տպավորությունները, քան դպրոցական տարիներին:

 

- Մեր զրույցի ընթացքում ինձ շատ համեղ կիտրոնով թեյ հյուրասիրեցիք, եւ այդ կիտրոնի ծառը հենց ձեր աշխատասենյակում է: Դո՞ւք եք խնամում այդ ծառը, թե հատուկ մարդիկ կան, որ զբաղվում են դրանով:

 

- Այսօր մի փոքր զբաղվել եմ, չնայած առանձնահատուկ սեր չունեմ: Բույսերի խնամքի հետ կապված պարբերաբար ստանում եմ ընկերոջս աջակցությունը: Այս ծառը, երբեմն, զրուցակցի դեր է կատարում ինձ համար: Ասում են` սենյակային բույսերի հետ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խոսել:

 

Դավիթ Տոնոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին