2100 թվականին Facebook-ի մահացած օգտատետերի թվաքանակն ավելի շատ է լինելու, քան ողջերինը: Ուսումնասիրությունն ու կանխտեսումն արել են Օքսֆորդի համալսարանում:
Guardian-ի տեղեկություններով, գիտնականների նման հայտարարության հիմք է ծառայել կանխատեսվող մահացությունների, բնակչության թվաքանակի եւ Facebook-ի օգտատերերի տարիքի, ազգային պատկանելիության տվյալների համադրությունը:
Դրա հիման վրա գիտնականներն առաջ են քաշել երկու սցենար:
Facebook-ի ապագայի երկու սցենար
Առաջինի համաձայն, մինչեւ հարյուրամյակի ավարտն այլեւս ոչ մեկ չի միանա Facebook-ին:
Եթե նման բան լինի, ապա Facebook-ի «բնակչությունը» կծերանա եւ աստիճանաբար կկրճատվի: Նման զարգացման դեպքում, մինչեւ 2060 թվականը 1.4 միլիարդ օգտատերերից կմահանա 500 միլիոնը:
Իսկ 2070 թվականին մահացած օգտատերերի քանակը կհասնի 1 միլիարդի: Նման պարագայում, արդեն 50 տարի հետո, մահացած օգտատերերը կգերակշռեն ողջերին: Այս սցենարը, սակայն, անհավանական է թվում՝ դժվար թե արդեն հաջորդ տարի մարդիկ դադարեն գրանցվել Facebook-ում:
Եթե զարգանա երկրորդ սցենարը, ապա սոցիալական ցանցում օգտատերերի քանակը կավելանա նույն տեմպերով ինչ հիմա՝ տարեկան 13 տոկոսով: Նման աճի պայմաններում 2100 թվականին Facebook-ում կլինի 4.9 մլրդ մահացած օգտատիրոջ էջ: Բայց, այնուամենայնիվ, ողջ օգտատերերն ավելի շատ կլինեն:
Մահացած օգտատերերը
«Օգտատեր» բառն այս պարագայում այնքան էլ ճիշտ չէ: Մահացած մարդիկ սոցիալական ցանցից դժվար օգուտ քաղեն: Խնդիրն այստեղ նրանց թողած տվյալներն են լինելու՝ սելֆիները, գրառումները, կյանքի իրադարձությունների թարմացումները: Ի՞նչ է լինելու դրանց հետ:
«Ո՞վ է ստանձնելու այս տվյալների սեփականության իրավունքը: Մահացած մարդկանց ընտանիքներն այն ինչպե՞ս են կառավարելու եւ ինչպե՞ս են դրանցից օգտվելու պատմաբանները, որպեսզի հասկանան անցյալը», - հարցերը լսարանին է ուղղում Կարլ Օմանը՝ Օքսֆորդի համացանցի համալսարանի (OLL) պրոֆեսորը:

Լուսանկարը` Cristian Nastasi
Հետազոտողներից Դեվիդ Ուոթսոնը լրացնելով գործընկերոջը, ասում է, որ մարդկային պահվածքի եւ մշակույթի նման մեկտեղված ու ընդարձակ արխիվ պատմությունը դեռ երբեք չի ունեցել:
«Այդ արխիվի ղեկավարումը, ինչ-որ առումով, թույլ կտա կառավարել մեր պատմությունը: Սակայն այդ արխիվը որեւէ մասնավոր ընկերության ձեռքում չպետք է մնա, սա պետք է կանխել »,- ասել է Դեւիդը:
Facebook-ի անփութությունը
«Առաջ գնալ, կոտրելով երեւույթները» կարգախոսով Facebook-ը սակայն, տվյալների պահպանության եւ պաշտպանության լուրջ խնդիր ունի:
Սա մեկ անգամ արդեն ապացուցվեց Cambridge Analytica-ի սկանդալի արդյունքում, երբ 1.5 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալ հանրայնացվեց եւ օգտագործվեց: Խնդիրն ավելի ուշ եւ ավելի վառ ընդգծվեց նաեւ Instagram-ի օգտատերերի շրջանում:
Այսօր Facebook-ի օգտատերերը կարող են ընտրել այն օգտատիրոջը, ում «կտակում են» իրենց տվյալները: «Ժառանգորդները» օգտատեր-սեփականատիրոջ մահից հետո կկարողանան կառավարել կամ հեռացնել նրանց աքաունթը սոցիալական ցանցում:
Բայց սա, ըստ հետազոտության հեղինակների, բավարար չէ: Սոցիալական ցանցին անհրաժեշտ են ավելի լուրջ փոփոխություններ: Պետք է հասկանալ, արդյո՞ք մենք պետք է գաղտնաբառերը ներառենք մեր «կտակներում», արդյո՞ք մեր Instagram-ի հաշիվները դառնալու են պատմական փաստեր, որպեսզի ապագայի սերունդները ճանաչեն պատմությունը:
«Facebook-ը պետք է հրավիրի պատմաբանների, արխիվագետների, հնագետների եւ սոցիալական էթիկայի մասնագետների, որպեսզի համատեղ աշխատեն այն ահռելի տվյալների բազայի հետ, որը թողնելու ենք մեզանից հետո: Եվ խոսքը ոչ միայն տարիների, այլ տասնամյակների համար լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին է»,-ասել է Ուոթսոնը:
Պատրաստեց Լուսին Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: