Սփյուռքն ու հայրենիքը՝ Հանրային ռադիոյի «ՀամաՍփյուռքում» - Mediamax.am

19894 դիտում

Սփյուռքն ու հայրենիքը՝ Հանրային ռադիոյի «ՀամաՍփյուռքում»


Մհեր Հովհաննիսյանը
Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Հանրային ռադիո

Լուսանկարը` Հանրային ռադիո

Լուսանկարը` Հանրային ռադիո


Հայաստանի Հանրային ռադիոյի եթերաշրջանում ավելացել է նոր հաղորդում՝   «ՀամաՍփյուռք», այն եթերում է արդեն կես տարի՝ ամեն ուրբաթ՝ ժամը 20:20-ին: Ռադիոնախագիծը միացել է Սփյուռքին նվիրված ծրագրերի շարքին, որոնք կամրջում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին: «ՀամաՍփյուռքի» հեղինակի խոսքով՝ նոր հաղորդաշարի տարբերվող նպատակն է Սփյուռքի խնդիրները քննարկել ոչ միայն լուսաբանելու, այլեւ լուծումներ գտնելու համար:

 

Նոր ռադիոնախագծի համար Skype-ի միջոցով նույն պահին մի քանի երկրներից հանդիպում են «Սփյուռքը եւ Հայրենիքը» ու քննարկում հայապահպանության եւ հայրենադարձության թեմաները:

 

Հաղորդաշարի հեղինակն ու վարողը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հովհաննիսյանն է։ Հեղինակը կազմել է հստակ նախանշված քայլերի շարք, որոնք կօգնեն ունկնդիրներին հասկանալ՝ ինչ է Սփյուռքը: Հաղորդումներից հենց առաջինի թեման էր «Ի՞նչ է Սփյուռքը»: Հեղինակն ասում է՝ սկզբում մասնագիտական քննարկում էր, հետո ավելի կայուն խնդիրների են անդրադարձել՝ Սփյուռքի լրատվամիջոցներ, կրթություն, երիտասարդություն, համայնքային կառավարման կառուցվածքային ձեւեր:

Լուսանկարը` Հանրային ռադիո

Մհեր Հովհաննիսյանը լրագրող չէ, առաջին փորձն է ոլորտում, սակայն միշտ էլ Սփյուռքի թեմայի շրջանակում է գործել ու հետազոտել խնդիրները, «Սփյուռք» ամառային դպրոցի տնօրենն է նաեւ: «ՀամաՍփյուռքը» Մհեր Հովհաննիսյանի եւ Հանրային ռադիոյի համատեղ գաղափարի ու գործունեության արդյունքն է:

 

«Սա ինձ համար նոր է եւ հետաքրքիր. ինձ դուր է գալիս, որ կարողանում եմ ավելի լայն լսարանի հասցնել մտահոգություններս եւ համալսարանական աշխատանքի ընթացքում նկատած խնդիրները: Քանի որ միշտ զբաղվել եմ Սփյուռքում տարբեր կրթական եւ հետազոտական ծրագրերի կազմակերպմամբ, հիմա հաղորդման ժամանակ փորձում եմ իմ իմացականի չափով լուծում առաջարկել եւ ուղղություններ ցույց տալ»,- ասում է Մհեր Հովհաննիսյանը:

 

Հաղորդման հյուրերը տարբեր բնագավառների փորձագետներ են, հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ: Յուրաքանչյուր հաղորդման ավարտին նշվում է նաեւ հաջորդ հաղորդման թեման: Պատմաբանն ասում է՝ կարեւոր է, որ մեկը մյուսի խնդիրները լսի, ծանոթանա. նպատակը միայն Սփյուռքին լսելի դարձնելը չէ: Կարեւոր է նաեւ, որ Մոսկվայի հայը, օրինակ, «հանդիպի» Լիբանանի հային: Հաճախ նույն երկրում ապրող հայերն անգամ իրար լսելու կարիք ունեն:

Լուսանկարը` Հանրային ռադիո

Նախագծի պատասխանատուները շեշտում են՝ ծրագրի համար պարտադիր է, որպեսզի հյուրերը հայերենին տիրապետեն՝ հաղորդումն աշխատում է նաեւ հայոց լեզվի տարածման համար: Մհեր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հանրային ռադիոն դիմել է Սփյուռքում գործող հայկական ռադիոկայաններին՝ առաջարկելով ցանկության դեպքում հաղորդումն ամբողջությամբ վերահեռարձակել:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին