Արտակ Ալեքսանյան. “Իրականում պակասել է մեր ագրեսիայի աստիճանը” - Mediamax.am

8232 դիտում

Արտակ Ալեքսանյան. “Իրականում պակասել է մեր ագրեսիայի աստիճանը”


Հեռուստալրագրող, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը
Հեռուստալրագրող, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը

Լուսանկարը` www.Bravo.am


Հեռուստալրագրող, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը Մեդիամաքսին

Երեկ հայտնի դարձավ, որ հայտնի հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը դուրս է եկել Հանրային հեռուստաընկերությունից եւ նշանակվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն: Այս որոշման մասին Արտակ Ալեքսանյանի հետ զրուցել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Հ1-ի եւ «Բանաձեւի» մասին

- Երկար տարիներ դու համարվում էիր Հ1-ի “դեմքերից” մեկը, եւ բավական անսպասելի էր տեղեկանալ, որ դուրս ես եկել Հանրային հեռուստաընկերությունից եւ գլխավորելու ես «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը: Ո՞րն էր այդ որոշման պատճառը:

 

- Պատճառները մի քանիսն էին: Վերջին երեք տարիների ընթացքում “Բանաձեւի” թիմը բավական մեծացավ` հասնելով գրեթե 30 հոգու: Այս տարի մենք Հ1-ի համար անում էինք շաբաթական 6 հաղորդում: Երբ ստացա «ԱրմՆյուզը» գլխավորելու առաջարկը, իմ պայմաններից մեկն այն էր, որ այս թիմը այնտեղ ստեղծագործելու հնարավորություն պետք է ունենա:

 

Երկրորդը` սա լավ հնարավորություն է կարիերայի զարգացման տեսակետից, քանի որ այժմ հնարավորություն ունեմ ստեղծել նոր հեռուստաալիք եւ իրագործել ավելի մեծ ծավալի աշխատանք: Երրորդը` այն ֆինանսական հնարավորություններն են, որոնք օգտագործվելու են «ԱրմՆյուզի» կայացման համար:

 

Հ1-ում ինձ տրված էին ինքնաարտահայտման բոլոր հնարավորությունները, պարզապես եկավ մի փուլ, երբ իմ կարիքներն ու պատկերացումները համընկան այն առաջարկի հետ, որ ես ստացա:

 

- Այնուամենայնիվ, լուրեր կան, որ Հ1-ից կոնֆլիկտով ես հեռացել:

 

- Ես ուղղակիորեն շփվել եմ Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, ում շատ շնորհակալ եմ: Հենց նա է կանգնած եղել իմ կարիերայի ակունքներում: Ավելին, հենց պարոն Հարությունյանի շնորհիվ կայացավ «Բանաձեւը», քանի որ Հ1-ի ղեկավարությունը որդեգրեց շատ կառուցողական մոտեցում եւ համաձայնեց մեր ընկերության հետ աշխատել պայմանագրային հիմքի վրա:

Հ1-ում ինձ տրված էին ինքնաարտահայտման բոլոր հնարավորությունները, պարզապես եկավ մի փուլ, երբ իմ կարիքներն ու պատկերացումները համընկան այն առաջարկի հետ, որ ես ստացա:

- Փաստորեն, թիմը գալո՞ւ է քեզ հետ «ԱրմՆյուզ»:

 

- Այո, քանի որ խնդիր ունենք կառուցելու որակյալ հեռուստաալիք: Այսօր «ԱրմՆյուզի» վարկանիշը վերջից երկրորդն է: Մարտահրավերներից մեկը լինելու է «Բանաձեւին» հատուկ ոճը ներկայացնել«ԱրմՆյուզում»` արդեն ոչ թե առանձին հաղորդումների, այլ մի ամբողջ ալիքի պարագայում:

 

«ԱրմՆյուզի» մասին

 

- Ինչպե՞ս է կոչվում է քո պաշտոնը «ԱրմՆյուզում»:

 

- Գլխավոր տնօրեն:

 

- Փաստորեն, պատասխանատու ես լինելու ընկերության ոչ միայն ստեղծագործական, այլեւ տնտեսական գործունեության համար:

 

- Ոչ, ընկերության սեփականատերերի հետ եկել ենք համաձայնության այն մասին, որ գլխավոր տնօրենը կունենա ամսական բյուջե, որն ինքն է տնօրինելու: Սակայն այդ բյուջեի ձեւավորման եւ գովազդի հարցերով գլխավոր տնօրենը չի մտահոգվելու, եւ սա ինձ արված առաջարկի ամենագրավիչ կողմերից մեկն էր:

 

- Այսինքն, այդ գումարը տրվելո՞ւ է անկախ նրանից՝ տվյալ ամսում հեռուստաընկերությունը գումար կաշխատի, թե՞ ոչ:

 

- Այո: Ընդ որում, ես սեփականատերերին տեղեկացրել եմ, որ լրատվական հաղորդումներն երբեք շատ շահութաբեր չեն լինում, իսկ վարկանիշը բարձրացնելու համար կպահանջվի առնվազն 1,5 տարի: Բանակցությունների ժամանակ ես փորձել եմ լինել հնարավորինս ազնիվ ու անկեղծ:

Բյուջեի ձեւավորման եւ գովազդի հարցերով գլխավոր տնօրենը չի մտահոգվելու, եւ սա ինձ արված առաջարկի ամենագրավիչ կողմերից մեկն էր:

- Ո՞րն է լինելու նոր «ԱրմՆյուզի» կոնցեպցիան:

 

- Այն լինելու է դինամիկ ու հետաքրքիր ալիք, որտեղ տեղ չեն ունենա անգրագետ եւ մարդկանց նյարդայնացնող հաղորդումներ: Ալիքի ուղղվածությունը լինելու է լրատվական-հանրամատչելի: Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ չկա այն ծավալը, որն անհրաժեշտ է զուտ լրատվական ալիք կառուցելու համար:

 

- «ԱրմՆյուզը» ունի որոշակի բացասական իմիջ` պայմանավորված երկու գործոններով: Առաջին` վերջին մի քանի տարիների ընթացքում այն չարեց գրեթե ոչինչ այն ծրագրերից, որոնք ներկայացրել էր լիցենզավորման մրցույթում: Երկրորդ` վերջին մրցույթում «ԱրմՆյուզը» հաղթեց “Ա1+”-ին եւ շատերի կողմից ընկալվում է որպես “խոսքի ազատությունը խեղդելու գործիք”: Մտադի՞ր ես որեւէ կերպ պայքարել այս պատկերացումների դեմ, թե՞ ամեն ինչ սկսելու ես մաքուր էջից:

 

- Ես ունեմ «ԱրմՆյուզի» զարգացման իմ տեսլականը եւ առաջնորդվելու եմ դրանով: Ըստ էության, “զրոյից” կառուցելու ենք նոր ալիք: Մենք գումար չենք խնայելու, որպեսզի հեռուստատեսություն բերենք որակյալ եթերի ապահովման համար երկու կարեւոր մասնագիտությունների ներկայացուցիչներին` խմբագիրներին եւ պրոդյուսերներին: Հաճախ աշխատելու ենք outsorsing-ի սկզբունքով եւ գնելու ենք որակյալ կոնտենտ, քանի որ, ի վերջո, դա կլինի ավելի էժան, քան եթե այն ինքնուրույն պատրաստենք: Կարծում եմ, դրանով նաեւ կխրախուսենք մեդիա արտադրող փոքր ընկերություններին:

- Ե՞րբ նոր «ԱրմՆյուզը» կլինի եթերում:

 

- Սեպտեմբերի 1-ից մեկ ամսվա ընթացքում կունենանք փորձնական շրջան, որի ընթացքում նախատեսված բոլոր հաղորդումները կլինեն եթերում:

- Մինչեւ վերջերս «ԱրմՆյուզը» չէր ընկալվում որպես ինքնուրույն միավոր, քանի որ հաճախ հանդես էր գալիս «Արմենիայի» «փոքր եղբոր» դերում: Փոխկապակցվածությունը երկու ալիքների միջեւ կմնա՞, թե՞ կվերանա:

 

- Սեփականատերերի ցանկություններից մեկը հենց այն է, որ «ԱրմՆյուզը» դառնա սեփական կենսագրություն ունեցող ալիք: Ավելին, եթե նախկինում «ԱրմՆյուզը» հեռարձակում էր “Արմենիայի” պատրաստած լուրերը, ապա հիմա կա գաղափար, ըստ որի «ԱրմՆյուզը» պետք է դառնա CS Media Holding-ի լրատվական հիմնական մատակարարը:

Խոսքի ազատության մասին

- Երբ դու Հ1-ում էիր, կարծիք կար, որ քեզ տրված է ավելի շատ ազատություն, քան մնացած լրագրողներին: Ինչպե՞ս է լուծվելու քո ազատության աստիճանի խնդիրը «ԱրմՆյուզում»:

 

- Չեմ կարող ասել, որ «ԱրմՆյուզը» “խոսքի ազատության հարթակ” է լինելու: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ բավական անկաշկանդ կլինենք իրադարձությունների լուսաբանման առումով: Հեռուստատեսությունը սկսում է խնդիրներ ունենալ այն դեպքում, երբ նրա առջեւ քարոզչական խնդիրներ են դնում: Մեր դեպքում խոսքը գնում է լրատվական ուղղվածության մասին, եւ չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն:

 

- Այնուամենայնիվ, շատերը քեզ չեն հավատա` ասելով, որ 2012 եւ 2013թթ. Հայաստանում ընտրություններ են լինելու, եւ դրանց շեմին ԶԼՄ-ների հանդեպ վերահսկողությունն ուժեղացնելու գայթակղությունն անխուսափելիորեն մեծանալու է:

 

- Կարծում եմ, որ համապետական ալիքների համեմատ «ԱրմՆյուզը» կլինի շատ ավելի անկաշկանդ: Շուտով մենք կընդունենք մեր լրագրողների մասնագիտական կոդեքսը, որով եւ կառաջնորդվենք բոլոր իրադարձությունները լուսաբանելիս: Այն կհամաձայնեցվի նաեւ սեփականատիրոջ հետ եւ, ըստ էության, կդառնա հրապարակային փաստաթուղթ, որով մենք առաջնորդվելու ենք:

Ընկալումն այնպիսին էր, որ եթե հեռուստատեսությունում չկա խոսքի ազատություն, ապա այն չկա երկրում:

- Վստահ եմ, որ եթե խոսքի ազատության մասին խոսեինք 10 տարի առաջ, մեր խոսակցությունը լրիվ այլ հունով կգնար, եւ երկուսս էլ կպնդեինք, որ լրատվամիջոցին պետք է 100-տոկոսանոց ազատություն: Այսօր երկուսս էլ կարծես ընդունում ենք, որ դա հնարավոր չէ, եւ պատրաստ ենք աշխատել «չափավոր ազատության» պայմաններում: Առաջ մենք իդեալի՞ստ էինք, իսկ այսօր կոնֆորմի՞ստ ենք դարձել:

 

- Իրականում պակասել է մեր ագրեսիայի աստիճանը, որը ժամանակին պայմանավորված էր այն “չգրված օրենքով”, որ ամենակարեւորը հեռուստատեսությունում խոսքի ազատության առկայությունն է: Եվ ընկալումն այնպիսին էր, որ եթե հեռուստատեսությունում չկա խոսքի ազատություն, ապա այն չկա երկրում:

 

Այսօր կան բազմաթիվ գործիքներ քո ասելիքը ներկայացնելու համար` բլոգերը, Facebook-ը եւ այլն: Այսօր Facebook-ի մեկ ստատուսով կարող ես հասնել բավական մեծ արդյունքի` ընդ որում, դիմելով հենց այն լսարանին, որը թիրախային է: Կարծում եմ, խոսքի ազատության խնդիրն աստիճանաբար վերանում է, քանի որ, կրկնեմ, այսօր ինքնաարտահայտման համար կան բազմաթիվ եղանակներ:

Մեր ընտրանին