Կասիա Աթաշյան. «Թվային ամրոցից» մինչեւ տվյալագիտություն - Mediamax.am

exclusive
7153 դիտում

Կասիա Աթաշյան. «Թվային ամրոցից» մինչեւ տվյալագիտություն


Կասիա Աթաշյանը
Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրուցում է Կասիա Աթաշյանի հետ
Մարի Թարյանը զրուցում է Կասիա Աթաշյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կասիա Աթաշյանը
Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կասիա Աթաշյանը
Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կասիա Աթաշյանը
Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կասիա Աթաշյանը
Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կասիա Աթաշյանը
Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


10-րդ դասարանում մատրիցների կիրառմամբ կոդավորումները Կասիա Աթաշյանի համար բացահայտում են մաթեմատիկայի գեղեցկությունը. փորձում էին նամակներ կոդավորել, որպեսզի երրորդ կողմը չկարողանա կարդալ դրանք։  

 

«Դա պարտադիր ուսումնական ծրագրի մեջ չէր, բայց ինձ այնքան գրավեց, որ սկսեցի ուսումնասիրել։ Մաթեմատիկայի ուսուցիչը  խորհուրդ տվեց կարդալ Դեն Բրաունի «Digital Fortress» գիրքը։ Կարդալուց հետո որոշեցի, որ մասնագիտական ճանապարհս պիտի անցնի մաթեմատիկայով եւ պիտի խորանամ կրիպտոգրաֆիայի (ծածկագիտության) մեջ։ Ինձ ոչ միայն մաթեմատիկան էր հետաքրքրում, այլեւ դրա կիրառական մասը»,- ասում է Կասիան։

 

Կիսատ մնացած ու նոր սկսված ճանապարհը

 

Սիրիայում դպրոցն ավարտելուց հետո Կասիան ընդունվում է համալսարան, բայց միայն երկու շաբաթ հաճախում։ 

 

«2013 թվականի նոյեմբերի վերջն էր։ Պատերազմի պատճառով վիճակը շատ վատացավ եւ միանգամից որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Ուզում էի նույն ուղղությամբ շարունակել։ Սկզբում շատ դժվար էր, որեւէ բանից տեղյակ չէի։ Նույնիսկ վախ ունեի, որ ուսումս կորցնում եմ։ Երկար աշխատել էի բուհ ընդունվելու համար, ու հիմա նորից պետք է ընդունելության քննություն հանձնեի»,- ասում է նա։

 

Կասիայի համար առաջնահերթություն է դառնում Հայաստանի Ամերիկյան համալսարանում սովորելը, սակայն չի ցանկանում կրթությունն ընդհատել ու մեկ տարի կորցնել՝ նորից ընդունելության քննությունների մասնակցելով։ 

 

«Փորձեցի ուրիշ բուհ գտնել եւ իմացա Պոլիտեխնիկի մասին։ Դեկտեմբերն էր։ Ասացին, որ պետք է կիսամյակային քննություններ հանձնեմ, թեեւ դասերին չէի մասնակցել։ Մեկ շաբաթ պարապեցի եւ բարձր միավորներով հանձնեցի քննությունները՝ շնորհիվ դպրոցում ստացած մաթեմատիկական գիտելիքների։ Ինձ համար մարտահրավերային չէր այդքան հեշտությամբ եւ մեկ շաբաթում պարապելով քննություններ հանձնելը, եւ շարունակեցի առավել բարդ մակարդակի կրթություն ստանալու որոնումներս»,- պատմում է Կասիան։ 

Կասիա Աթաշյանը Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի վերջո որոշում է Ամերիկյան համալսարանում քննություններ հանձնել եւ սկսում է պարապել. սկզբում հեշտ չի լինում, քանի որ հայերենին չէր տիրապետում։ Քննությունները հաջող հանձնելուց հետո Կասիան իր ուղին սկսում է նորից՝ ընդունվելով Ամերիկյան համալսարան։ Համակարգչային գիտության ուղղությամբ էլ սկսում է շարժվել։ 

 

«Սիրիայում ընդամենը երկու շաբաթ եմ բուհ հաճախել, այնտեղ կրթական ամբողջ նյութը արաբերեն էր, իսկ Հայաստանում՝ Ամերիկյան համալսարանում, միջազգային լեզվով են դասավանդում, այստեղ անգլերենը գերակշռող է։ Ամերիկյան համալսարանում բարձր միավորներ ստանալու համար բավական շատ ես պարապում, այնտեղ իսկապես բարձր որակի կրթություն են տալիս։ Կարծում եմ՝ լավ մաթեմատիկական հիմք եմ ստացել բուհում, որով հետագայում կկարողանամ խորանալ ցանկացած ուղղությամբ»։ 

 

Դեռ երկրորդ կուրսում Կասիան հասկանում է, որ իրեն տվյալագիտությունը շատ է դուր գալիս, քանի որ մաթեմատիկան այս ուղղության մեջ շատ հիմնաքարային է։ Այդպես կրիպտոգրաֆիան իր տեղը զիջում է տվյալագիտությանը։ 

 

«Տվյալագիտությունը կարող ես օգտագործել բոլոր ոլորտներում եւ մեծ օգուտ տալ ամբողջ աշխարհին։ Տվյալագիտությունը գլոբալ որոշումներ կայացնող եւ փոխող արդյունքներ կարող է տալ, եւ այդ առումով այն ինձ շատ է դուր գալիս»,- ասում է նա։  

 

Սեփական տեղը «ՏՏ-արեւի» տակ 

 

Կասիան նկատում է, որ Հայաստանում տվյալագիտությունը զարգացնելու շատ լավ դաշտ կա, իսկ ՏՏ ոլորտը հիմա շատ արագ է զարգանում երկրում. «Վերջին մի քանի տարիներին տվյալագիտությանը սկսել են մեծ ուշադրություն հատկացնել։ Հայաստանում բացվող տարբեր ընկերություններն էլ իրենց հետ աշխատանքային եւ կրթական մշակույթ են բերում»։ 

 

Կասիան փորձում է մի քանի գաղափար կյանքի կոչել։ Համալսարանական տարիքում ընկերներով ստարտափ են հիմնում՝ TaxiBus, որն ուսանողների՝ դեպի համալսարան երթեւեկելու խնդիրն է օգնում լուծել։ Առցանց ծրագիրը միավորում է մարդկանց եւ հնարավորություն տալիս կիսել երթեւեկությունն ու համալսարան հասնելու ամենաօպտիմալ ճանապարհներ հուշում։

Կասիա Աթաշյանը Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանից հետո հակաթոնների է մասնակցում, որոնց արդյունքում այլ ստարտափեր են ծնվում. «DataThon-ը փորձում էր քարտեզագրել Հայաստանում աղբամանների բաշխվածությունը։ Մաթեմատիկական հաշվարկներով ու GPS համակարգով հետեւում էինք, թե որ հատվածների աղբամաններն են առավել ծանրաբեռնվում (եթե որեւէ տարածքում ավելի մեծ քանակով կուտակումներ կան, դա նշանակում է, որ աղբամանների բաշխվածությունը ճիշտ չէ) եւ փորձում խնդրի լուծման առաջարկներ ներկայացնել»։ 

 

Մաթեմատիկայի եւ տվյալագիտության կիրառմամբ մեկ ուրիշ հավելվածի գաղափար էլ վերաբերում է հրդեհների կառավարմանը։ Համակարգը թույլ է տալիս հասկանալ, թե բռնկված հրդեհն ինչպես է զարգանալու եւ որ ուղղությամբ է գնալու: 

Կասիա Աթաշյանը Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա Կասիան աշխատում է DISQO-ում՝ որպես տվյալագետ։ Տվյալների վերլուծության հետ մեկտեղ կանխատեսումներ եւ կոնկրետ առաջարկներ են ներկայացնում։ 

 

Ունիվերսալ լեզուն

 

Տվյալագիտությունը Կասիայի համար շատ հետաքրքիր ոլորտ է, եւ հենց այս ուղղությամբ է պատկերացնում իր մասնագիտական ապագան։ 

 

«Այստեղ խնդիրներ են դրվում քո առաջ, որոնք պատրաստի լուծումներ չունեն, եւ այդ մարտահրավերները հաղթահարելը շատ ոգեւորիչ է, ստեղծագործական մտածողություն է զարգացնում։ Դու ես որոշում ինչ լուծում գտնել եւ որ ուղղությամբ գնալ։ Ուղղությունները շատ են, չկա այնպիսի բան, որ կարող ես մի ճանապարհով գնալ եւ հասնել լուծմանը»։

Կասիա Աթաշյանը Կասիա Աթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում, ըստ Կասիայի, արդեն կան լավ զարգացած տվյալագիտություն ունենալու միտումներ։ Նա կարծում է, որ ամենակարեւորը կրթության մեջ ներդրումներ անելն է, որովհետեւ ամենը սկսում է մաթեմատիկայից, ու եթե դպրոցից մարդը շատ լավ մաթեմատիկա իմանա, վստահաբար կունենա մեքենայական ուսուցման, տվյալագիտության մեջ զարգանալու հնարավորություն։ Այս գործում շատ կարեւորում է ուսուցիչների գործոնը. «Նրանք պետք է խրախուսեն այս ուղղություններով հետաքրքրված աշակերտներին եւ օգնեն լավ հասկանալ մաթեմատիկան»։ 

Մարի Թարյանը զրուցում է Կասիա Աթաշյանի հետ Մարի Թարյանը զրուցում է Կասիա Աթաշյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մաթեմատիկան ունիվերսալ լեզու է, եւ դրա հանդեպ սերը համախմբում է մարդկանց, կոտրում սահմանները։ Ես Սիրիայում սովորում էի արաբերենով, Հայաստանում հայերենով  եւ անգլերենով շարունակեցի, բայց մաթեմատիկան նույնը մնաց։ Պետք է կարողանանք տիրապետել այդ ունիվերսալ լեզվին ու կարողանալ գլոբուսի վրա կարեւոր տեղ ունենալ։ Մաթեմատիկան մտածողություն է, որը կյանքի ցանկացած տիրույթում մեզ հարկավոր է եւ թույլ է տալիս ճկուն լինել»,- ասում է Կասիա Աթաշյանը։  

 

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին