Տեր Սեւակ․ հոգեւորական vs վերականգնող - Mediamax.am

exclusive
2770 դիտում

Տեր Սեւակ․ հոգեւորական vs վերականգնող


Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը
Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը
Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը
Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը եւ Լուսինե Ղարիբյանը
Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը եւ Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ որ մասնագիտությունն է  իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու գնում է դրա հետեւից։  Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

 

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը հոգեւոր կյանքը բացահայտել է նկարչության միջոցով։ Տարիներ անց այդ բացահայտումը նրան կանգնեցրեց բարդ ընտրության առջեւ՝ դառնալ քահանա՞, թե նկարիչ։ Ի վերջո, ներսի արվեստագետը զիջեց, բայց ճեմարանում սովորելու տարիներին բոլորից թաքուն նա շարունակում էր նկարել։ Ամեն բան փոխվեց, երբ մի օր մի սրբապատկեր նվիրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ չբացահայտելով, որ հեղինակն ինքն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆլորենցիայի Արվեստի եւ ռեստավրացիայի ինստիտուտում սովորելու մասին երիտասարդ հոգեւորականն անգամ չէր երազել։ Հիմա նա որակավորում ունեցող վերականգնող է՝ կրթությամբ, որն ընդունելի է աշխարհի ցանկացած երկրում։

 

Տեր Սեւակը Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի անվան թանգարանի տնօրենն է:

 

Զուգահեռ, թանգարանի սենյակներից մեկում նա սրբապատկերներ է վերականգնում: Մայր Աթոռի՝ տարբեր աստիճանի նորոգման կարիք ունեցող 60-ից ավելի նկարների հետ է աշխատել, Հնդկաստանի հայկական եկեղեցիների խորանների նկարներն է վերականգնել, Մայր Տաճարի որմնանկարների մաքրման, Մինասի որմնանկարների վերականգնման աշխատանքներին մասնակցել։ Այս պահին էլ մի սրբապատկեր է վերականգնում՝ ենթադրաբար 14-15-րդ դարի:

 

Ինչպես բացահայտեց «թաքնված գանձը»՝ եկեղեցին

 

«Մանկության տարիներին, երբ Քրիստոսի մասին մուլտեր էի դիտում, շատ էի ազդվում ու սկսում էի նկարել։ Առհասարակ, երբ ներսումս ոչ մանկական, ավելի հոգեւոր զգացողություններ, մտածումներ էին լինում, նկարում էի, որ հանգստանամ։ Զգում էի, որ այն, ինչ բառով չեմ կարող ասել, հնարավոր է նկարելով արտահատել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո ընդունվեցի Աշտարակի գեղարվեստի դպրոց։ Հոգեւոր թեմաներով նկարելիս՝ հոգեւոր երաժշտություն էի լսում։ Սկսեցի Կոմիտասի կյանքն ուսումնասիրել։ Մի օր էլ որոշեցի գնալ նրա հետքերով եւ հայտնվեցի եկեղեցում։ Երեւի 7-րդ դասարանում էի։ Իմ տարիքի տղաների տեսա ծեսերի ժամանակ ու ես էլ ուզեցի ծառայել։ Փառք Աստծուն, ծնողներս չմերժեցին։ Այն ժամանակ մեր գյուղում՝ Ոսկեվազում, եկեղեցի չկար, ու ես գնում էի Օշական։ Կամաց-կամաց ավելի սիրեցի եկեղեցին։ Կարծես՝ թաքնված գանձ լինի, որ բացահայտվում է, եթե ուզում ես»։

 

Նկարիչ դառնալու երազանքը զիջեց ապագա հոգեւորականին

 

«Որոշեցի ընդունվել ճեմարան։ Հայոց լեզու շատ էի սիրում, բայց երգից լավ չէի։ Խնդրեցի՝ Աստվա՛ծ ջան, հայոց լեզուն ես կհանձնեմ, մնացած առարկաները հանձնելիս՝ Դու օգնիր ինձ։ Ու էնպես ստացվեց, որ շատ անհասկանալի պատճառներով հենց հայոց լեզվից կտրվեցի։ Ծանոթներս ասում էին՝ ուրեմն, գեղարվեստի ուղղությամբ շարունակիր կրթությունդ, բայց ես հոգեւոր ճանապարհն էի ընտրել ու հանուն դրա պատրաստ էի զոհաբերել նաեւ նկարչությունը։

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի վերջո` ընդունվեցի ճեմարան։ Առաջին տարիներին սովորելուն զուգահեռ նաեւ սրբապատկերների դպրոց էի գնում, բայց իմ մեջ սպանել էի միտքը, որ արվեստի հետ որեւէ առնչություն պիտի ունենամ։ Նկարչությունը մնացել էր սիրողական մակարդակում՝ որպես սառը մի վիճակ։ Բայց գրեթե ամեն օր՝ կեսօրվա հանգստյան ժամերին, կաթողիկոսական գրադարան էի գնում եւ եվրոպական, իտալական արվեստի լավագույն ամսագրերն էի թերթում ու մտածում էի՝ Տե՛ր Աստված, մի՞թե այս ամեն հանուն Քեզ թողեցի։ Խանդ ու սեր էր առաջանում»։

 

Վեհափառ հայրապետի ծննդյան նվերը՝ նոր ճանապարհի սկիզբ

 

«Հորս մահից հետո ամեն ինչ փոխվեց։ Ինքս իմ մեջ փակվելու, ներհայեցողության շրջան էր։ Մինչեւ 4-րդ լսարան գաղտնի էի նկարում, բայց հետո հայտնի դարձավ, ու Վեհափառ հայրապետը ցանկացավ, որ առընթեր հաճախեմ Գեղարվեստի ակադեմիա։ Մոտ 6 ամիս գծանկարի դասերի գնացի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի հետաքրքիր դեպք եղավ։ Վեհափառի 60-ամյակն էր, որոշեցինք որպես նվեր՝ սրբապատկեր նկարեմ։ Նվիրեցինք, բայց Վեհափառը չիմացավ, որ նկարիչը ես եմ։ Անցավ մոտ մեկ ամիս, ու, քանի որ սրբապատկերը ձվի դեղնուցով էի նկարել, միջատները ներքեւի հատվածը կերել, փչացրել էին։ Վեհափառը հետաքրքրվել էր, թե ով է նկարել, ու էդպես պարզվել էր։ Ինձ կանչեց, հարցրեց՝ կարո՞ղ ես նորոգել։ Ասացի՝ երբեք չեմ արել, բայց կփորձեմ։ Երբ նորոգեցի, ասաց՝ շատ լավ է ստացվել, ուզում եմ, որ նկարների նորոգություն սովորես։ Ընդունվեցի Ֆլորենցիայի Արվեստի եւ ռեստավրացիայի ինստիտուտ, որը աշխարհում եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից է։

 

Վեհափառին նվերը տալու պահին մի քիչ տխրել էի, որ չէր իմացվել՝ ես եմ հեղինակը, բայց սրտանց էի արել նվերը, եւ, կարծես, Աստծո նախախնամությամբ, հրաշքով ամեն ինչ այդպես դասավորվեց։ Նույնիսկ Վեհափառը որոշեց, որ իր ծննդյան առիթով հավաքված գումարի մի մասը տրամադրի իմ ուղեւորությանը եւ ուսման վարձին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշտ մտածում էի, որ իմ վրա ծախսված գումարով կարելի էր եկեղեցի կառուցել, նորոգել, բայց փորձում եմ իմ աշխատանքով այնպես անել, որ այդ նվերը չկորի, իմաստավորվի»։

 

Վերականգնողը՝ պատկերների «վիրաբույժը»

 

«Արվեստի եւ ռեստավրացիայի ինստիտուտն ավարտելուց հետո քննություն ես հանձնում։ Քննում են Իտալիայի կառավարության ընտրած վերականգնողները՝ 7 քաղաքներից։ Եթե բարեհաջող հանձնես, հաջորդ 5 տարիներին աշխարհի ցանկացած երկրում համարվում ես որակավորված մասնագետ։ Այդպես, 5 տարին մեկ կարող ես թարմացնել գիտելիքներդ եւ ստանալ որակավորում։ 2017-ին ես արդեն երկրորդ անգամ այցելեցի Իտալիա՝ արդեն կտավի ռեստավրացիայի մասնագետի որակավորման համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռեստավրացիան, կարծես, թաքնված գանձ լինի. մաքրում ես, տակից նոր շերտեր են դուրս գալիս, ուզում ես անընդհատ շարունակել։ Դա քեզ պոկում է մի իրականությունից ու դնում մի ուրիշ վիճակի մեջ։ Գնում ես ուրիշ դար, ուրիշ պատմություն, վերափոխվում ես, որ հասկանաս այդ նկարչի ապրումը, նրա օրը, որ պատկերացնես, թե որտեղից է ծնվել այդ պատկերը։ Ռեստավրացիա անելիս՝ այդ նկարչի հոգին իմ մեջից խոսում է, եւ ես, կարծես, դառնում եմ երկրորդ ինքը։ Դա ինձ զորություն, ուժ է տալիս, որ նույն կերպ մոտենամ գործին, չսխալվեմ, որովհետեւ շատ դժվար է միջամտել ինչ-որ մեկի ստեղծագործությանը, նույնն է, որ դու երկրորդ կյանք ես տալիս իր՝ արդեն ծնած զավակին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռեստավրացիան դեցիմետրով, միլիմետրով աշխատանք է, որը ժամանակ, նյարդեր ու առողջություն է պահանջում, որովհետեւ նյութերը շատ թունավոր են։ Բժշկական աշխատանք է, վիրահատություն։ Ես միշտ ասում եմ, որ եթե նկարը դեռ կարող է «ապրել», ռեստավրացիա պետք չէ։ Ինչպես մարդու ամբողջ մարմինը փրկելու համար կարող է ոտքի մատը կտրեն, նույնը նաեւ վերականգնման դեպքում է. պիտի ամեն ինչ անես, որ հիմնականը փրկես, չնայած՝ կարող է 0,5 %-ը կորցնես։ Շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Պետք է այնպես մաքրես, որ գտնես, ցույց տաս բնօրինակը, ոչ թե դու ինքդ նկարես։ Առհասարակ, վերականգնման ժամանակ ավելի կարեւոր է օրգանական քիմիա իմանալ, քան՝ նկարչություն»։

 

Ես քեզ մաքրեցի, դու էլ ինձ մաքրիր

 

«Ես միշտ հոգեւորը մոտեցնում եմ ռեստավրացիային, ռեստավրացիան՝ հոգեւորին, որ ինձ թողնեն հանգիստ աշխատեմ։ Դա մի լավ կոնցեպտ է, որն ամեն տեղ կարող է աշխատել։ Ես, առհասարակ, չեմ սիրում հակադրություններ, նույնիսկ չեմ սիրում, որ մարմինս ու հոգիս են կռվում։ Հաշտության, խաղաղության մեջ է Աստված։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես Ռուբեն Սեւակ թանգարանի տնօրենն եմ եւ որեւէ եկեղեցու կցված չեմ, հովվական կյանք չունեմ, բայց, փառք Աստծո, արվեստի աշխարհի մարդկանց, թանգարանի այցելուներին փորձում եմ հոգեւոր աչքերով ներկայացնել թանգարանը։ Դա էլ առանձնահատուկ քարոզչության ձեւ է. ինչ անում եմ՝ ուզում եմ ծառայի Աստծուն, որովհետեւ ես ինքս ծառայում եմ Աստծուն։ Մնացած ամեն ինչ միջոցներ են։ Որմնանկարչությունը, ռեստավրացիան Տիրոջը փառաբանելու ձեւ է։ Նվիրվածությունը պիտի ունենաս, որպեսզի համբերությամբ կարողանաս ժամերով նստել, նորոգել, կյանքդ, հաճույքներդ, հարազատներիդ հանդեպ սերը զոհել։ Այդ ամենը գալիս է ամենամեծ սիրուց, որ ուզում եմ տալ Տիրոջ տաճարի զորությանը, փառաբանմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սրբապատկերի վերականգնումը սկսելուց առաջ միշտ ուսումնասիրում եմ այդ սրբի կյանքը, աշխատանքի ընթացքում խոսում եմ հետը։ Ասում եմ՝ ես քեզ մաքրեցի, դու էլ ինձ մաքրիր՝ իմ հոգին, իմ ներսը, պահապան եղիր, երբ թույլ կլինեմ, ուժ տուր, երբ հոգնած կլինեմ։ Եթե դու խոսում ես, իրենք էլ քեզ հետ են խոսում, որովհետեւ դրանք պարզ պատկերներ չեն, այլ օծված, տարիներով աղոթք լսած»։

 

Անուն-ազգանունս՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարան

 

«Նույնիսկ սրբապատկեր նկարելիս՝ ես իմ անունը երբեք չեմ գրում նկարի վրա։ Ժամանակին վանականների տապանների վրա նրանց անունները չէին գրում, որ մարդիկ քայլեին դրանց վրա եւ չիմանային՝ ով է թաղված, եւ միայն Աստված հիշեր այդ անունները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճեմարանական տարիներին նկարներիցս մեկը ցուցադրվում էր Մայր Աթոռի գրատանը։ Մի իտալացի հոգեւորական տեսել ու ցանկացել էր գնել։ Խնդրեց, որ անուն-ազգանունս նկարի վրա գրեմ։ Մտածեցի՝ ո՞րն է իմ անունը՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարան։ Ինքն էլ կարծեց, թե անուն, ազգանուն, հայրանունս է։ Բայց այդ օրերին իմ անունից առաջ, իսկապես, ամենամեծ անունը դա էր։ Հիմա էլ՝ Մայր Աթոռի ռեստավրացիոն կենտրոն. ես որեւէ կերպ ինձ թույլ չեմ տա, որ իմ անունը նշվի։ Իհարկե, թղթերում նշվում է, քանի որ քարտ ես լրացնում, թե ով է արել վերականգնումը, որ թվականին, բայց նկարի վրա չի երեւում։ Երբ մտածում ես, որ աշխարհում մահ կա, քո անվան փառավորումը էլ չես կարեւորում։ Երբ ինձ փորձում են մեծարել, ասում եմ՝ կեղտոտ մեկը կլինեի, եթե Քրիստոսին չճանաչեի։ Երբ Քրիստոս իմ միջով անցնում է, այդ ժամանակ Քրիստոսին եք տեսնում իմ մեջ, ոչ թե՝ ինձ»։

 

Հոբբին ու մասնագիտությունը՝ հավասարաչափ սիրելի ու կիրառելի

 

Մարդ, որպես կանոն, անում է մի գործ, որը չի սիրում, իսկ հոբբիի համար, որն իր սիրելի աշխատանքը կարող էր լինել, ժամանակ չունի։ Դրա համար ես ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ իմ հոբբին ու մասնագիտությունն այնքան մոտ ու սիրելի են ինձ, որ մեկտեղված են իմ օրվա մեջ։ Դրա համար սրտով ուրախ եմ։

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը եւ Լուսինե Ղարիբյանը Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը եւ Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իտալիայում սովորելու տարիներին լացով էի հիշում ճեմարանական օրերը, երբ սրտնեղում էի, թե հրաժարվել եմ արվեստից։ Ասում էի՝ Տե՛ր, արժանի չեմ այս պատվին, որին հասցրեցիր ինձ, որովհետեւ այդ առումով հույսս կտրել էի, բայց սերս Տիրոջ հանդեպ միշտ շատ էր։ Տերն է, որ ամեն հեքիաթ դարձնում է իրականություն»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին