Նարեկ Աշուղաթոյանը. աստվածաբան vs իրավաբան vs նկարիչ-հավաքորդ - Mediamax.am

exclusive
4406 դիտում

Նարեկ Աշուղաթոյանը. աստվածաբան vs իրավաբան vs նկարիչ-հավաքորդ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

 

Երբ Նարեկը համակարգիչն ու թղթերն անսպասելի թողնում ու անցնում է կողքի փոքրիկ սենյակ, գործընկերները չեն զարմանում։ Իրավաբանի ներսի նկարիչն արթնանում է հանկարծակի։ «ԼեգալԼաբ» ընկերության հաճախորդներն էլ վաղուց հասկացել են, որ իրավաբանական գրասենյակը կարող է նաեւ արվեստանոց լինել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավասարաչափ կարեւոր ու սիրելի զբաղմունքների համար հատկացված տարածքը մի պատով է բաժանված։ Իսկ ներքին տարածքներում դրանք հաճախ միախառնվում, լրացնում են իրար։

 

Իրավաբանությանն ու նկարչությանը զուգահեռ Նարեկ Վան Աշուղաթոյանը հին հայկական ասեղնագործության նմուշների հավաքորդ է, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Հիմնադրամը տարբեր համայնքներում ավանդական արվեստների տարածմանն ուղղված ծրագրեր է իրականացնում։

 

Նարեկն ասում է, որ իր բոլոր հետաքրքրությունների ձեւավորման հարցում կարեւոր դերակատարում է ունեցել առաջին մասնագիտությունը՝ աստվածաբանությունը։

 

Ինչպես աստվածաբանը հետաքրքրվեց իրավաբանությամբ

 

Առաջին մասնագիտությամբ աստվածաբան եմ։ Դպրություն էի անում եկեղեցում, այցելում եկեղեցու երիտասարդաց միություն, եւ շատ բաներ ինձ արդեն պարզ ու ընկալելի էին։ Հարազատ միջավայր էր, որը հայագիտական ու նաեւ կրոնների մասին գիտելիք կտար։

 

Հետո հանդիպեցի լեզվաբան, աստվածաբան եւ իրավաբան Թոմ Սամուելյանին։ Նրա հետ աշխատելու ընթացքում փորձեցի աստվածաբանությունը կապել իրավաբանության հետ, եւ հետաքրքիր դռներ բացվեցին դեպի աստվածաբանության բաղադրիչներից մեկը՝ կանոնագիտություն։ Եվ դա նոր մասնագիտություն ընտրելու պատճառ դարձավ։ Ընդունվեցի Ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժին, ու արդեն 10 տարի ամեն օր զբաղվում եմ պրակտիկ իրավաբանությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ հիմնական մասնագիտությանը զուգահեռ միշտ զբաղվել եմ մշակույթին, գիտությանն առնչվող նախաձեռնություններով՝ կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, եւ աստվածաբանության շնորհիվ ձեռք բերած հայագիտական գիտելիքներն ինձ չափազանց շատ են օգնում։ Ցավոք, եթե պետությունը գնում է Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու ճանապարհով, փլուզվելու է նաեւ այն ֆակուլտետը, որտեղ ես սովորել եմ։ Այս պահին այդ ֆակուլտետի հիմնական առաքելություններից մեկը Հայոց եկեղեցու պատմության մասնագետ-մանկավարժներ պատրաստելն է։

 

Դանդաղ կառուցվող Բաբելոնի աշտարակը

 

Նկարչությունն ինձ ուղեկցել է մանկուց։ Պապիկս՝ Հովհաննես Շարամբեյանը, պրոֆեսիոնալ նկարիչ է եղել։ Ցավոք, գիտակից տարիքում նրան չեմ տեսել, բայց մեր տանը միշտ տեսել եմ պապիկիս վրձինները, ներկերը, նկարները, լսել եմ խոսակցություններ նկարչության մասին, եւ դա ինձ համար միշտ եղել է հարազատ մի բան։

 

Երբ սկսում ես քեզ փորձել նկարչության մեջ ու հասկանում, որ կարողանում ես ասելիքդ ձեւակերպել, նկարչությունն ավելի հետաքրքիր է դառնում։ Թեեւ ընդհատումներով եմ նկարում, բայց դա ինձ միշտ ուղեկցող, տրամադրություն փոխող, շատ հաճելի մի զբաղմունք է։ Մեջդ պիտի հասունանա պահը, որ նստես ու աշխատես։ Պատահում է՝ մի ամբողջ օր ես նստում, պատահում է՝ ընդամենը 10 րոպե աշխատում ես փոքրիկ մի դետալի վրա, որը դիտողի համար անգամ տեսանելի չէ, բայց դու դրանով ամբողջ մի նկար նկարեցիր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա գրաֆիկական ու յուղաներկով փոքր գործեր եմ անում, նաեւ՝ պարբերաբար կիսատ թողնելով ու վերադառնալով՝ կամաց-կամաց կառուցում եմ աշտարակը («Բաբելոնի աշտարակը» նկարը-հեղ.)։ Աշխատանքն այսքան դանդաղում է, որովհետեւ նկարի մանրակրկիտ էսքիզը չեմ արել. նկարում եմ, դուրս չի գալիս, փոխում եմ, նորից նկարում։ Բաբելոնի աշտարակն էլ, վստահ եմ, միանգամից չի կառուցվել, եւ իմ աշտարակն էլ, մինչեւ քանդելը, պետք է դանդաղ կառուցեմ։

 

Ժամանակակից վերամբարձ կռունկները հուշում են, որ սա ոչ թե անցյալի պատմության վերարտադրությունն է, այլ այսօրվա Բաբելոնը՝ ալեգորիկ աշտարակը, որ շարունակում է կառուցվել ամեն դարաշրջանում։

 

Ագահության դեմ պայքարող հավաքորդը

 

Մի քանի ընկերներով հավաքորդ ենք, ամեն մեկս իր ուղղությունն ունի։ Դա խաղամոլության նման բան է, շատ ագահ հատկություններ ունի. անընդհատ նոր ու լավ նմուշներ ես գտնում, հասկանում ես դրանց արժեքը, խորությունը եւ ուզում ես ամեն ինչ ունենալ։

 

Ես այդ մոլությունն իմ մեջ հաղթահարելու ձեւ եմ գտել. հավաքում եմ ոչ միայն, որ ես ունենամ, այլ փորձում եմ շատ արագ, համակարգված ձեւով հանրայնացնել, ուրիշներին էլ հաղորդակից դարձնել։ Իմ կոլեկցիայի հիմնական ուղղությունը հին հայկական տեքստիլն է։ Երբ բավականին շատ նմուշներ ունեի, հատկապես՝ արեւմտահայոց ասեղնագործության, արագ պատկերագիրք տպագրեցի եւ ցուցահանդես արեցի։

 

Կարծում եմ՝ եթե կոլեկցիոների հավաքածուն պրոֆեսիոնալ ձեւով չի հանրայնացվում, այդ նմուշները կորչելու են, որովհետեւ պահվում են տներում, մասնավոր տարածքներում։ Իսկ վտանգները շատ են՝ հրդեհ, երկրաշարժ, վատ ժառանգներ, վատ օրեր։ Թեեւ մենք ենք այդ նմուշների սեփականատերը, բայց դրանք ժողովրդի արժեքն են, եւ ամեն կոլեկցիոներ պետք է այդ նմուշներն ինչ-որ ձեւով վերադարձնի հանրությանը։ Սա ինձ համար առանցքային հարց է, որով կոտրում եմ մոլության ախտը։

 

Հավաքում եմ նաեւ հին հայկական չարխափան հմայիլներ, որոնք ժողովրդի մեջ առավել հայտնի են որպես դաղդղաններ, եւ դրա հակառակ կողմը՝ քրիստոնեական խաչեր։ Երբեւէ չեմ ցուցադրել դրանք, բայց, կարծում եմ, որ խաչի մշակույթն այնքան ուժեղ է մեզանում եւ այնքան տարբեր դրսեւորումներ ունի, որ կարելի է շատ հետաքրքիր ձեւով անդրադառնալ։ Մտքումս մի քանի գաղափար կա, բայց դեռ շուտ է. հավաքածուս այդքան մեծ չէ։

 

Ներքին մղումների մասին

 

Եթե միայն նկարչությամբ զբաղվեի, երեւի ուրիշ բնավորություն կունենայի։ Հիմա բալանսավորումը բավականին խիստ է դրված, եւ դա պայմանավորված է իրավաբանի մասնագիտությամբ, որը բնավորության շատ գծեր է ձեւավորել։ Շատ  հետաքրքրությունների հիմքում իմ առաջին մասնագիտությունը՝ աստվածաբանությունն է։ Եվ այս ամենում փորձում եմ իմ ներքին ներդաշնակությունը գտնել։

 

Իմ բոլոր մասնագիտություններն ու զբաղմունքները փոխլրացնում են իրար։ Նկարչությունը գերազատ տիրույթ է. սպիտակ կտավը, թուղթը այն ազատությունն է, որտեղ քեզ թույլատրված է ամեն ինչ, դու ես որոշում քո ազատության սահմանները։ Իրավաբանության մեջ մի փոքր այլ է. քո օրենքները, սահմաններն արդեն գծել են, եւ դու փորձում ես քո ներսի ստեղծագործական ուժով հաղթահարել այդ կաղապարները, շրջանակների մեջ գտնել այն հնարավոր ճեղքերը, որ թույլ կտան ստեղծագործել։ Բայց իրավաբանությունը կաղապարված վիճակ չէ, փնտրտուք է։ Ամբողջ հաճույքը, մասնագիտական քո ամբողջ հնարավորությունները երեւում են այդ փնտրտուքը ճիշտ կազմակերպելու պրոցեսում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, կան բաներ, որ էստեղ չես կարող անել, էնտեղ անում ես, բայց հիմնական նորմերը կիրառելի են ե՛ւ էստեղ, ե՛ւ էնտեղ։ Եթե փորձում ես ազնիվ լինել, կարող ես լինել ե՛ւ իրավաբանության մեջ, ե՛ւ արվեստում։ Եթե փորձում ես դիմացինիդ մասին մտածել, կարող ես դա անել ե՛ւ իրավաբանությամբ, ե՛ւ  հասարակական-մշակութային աշխատանքով։ Թեեւ մենք բիզնես ենք ղեկավարում եւ սպասարկում ենք տարբեր կազմակերպությունների, բայց նաեւ բազմաթիվ մարդկանց ենք ձեռք մեկնում եւ կարողանում ենք մեր գիտելիքով իրավիճակը դեպի դրականը փոխել։

 

Արդեն որերորդ անգամ մեր կազմակերպությանը վստահվում է մշակույթի ոլորտի հետ կապված նախագծերի մշակում։ Այստեղ մենք արդեն ոչ թե մի կազմակերպության, այլ ամբողջ մի երկրի կամ հանրության ենք սպասարկում։ Դրա համար ներսիդ մղումը պետք է նույնը լինի թե՛ այս սենյակում, թե՛ այն սենյակում (ցույց է տալիս աշխատանքային սենյակն ու արվեստանոցը-հեղ.)։

 

Երազելն ու ստեղծագործելն անհրաժեշտ է, ինչպես օդը

 

Ինձ ոգեւորում, մոտիվացնում է մի նոր բան ընթերցելը, դիտելը, նոր միջավայրում հայտնվելը, մարդկանց հետ շփվելը, նրանցից ստացած էներգիան, տրամադրությունները, եւ, ի վերջո, իմ ներքին պայթյունները, որոնք նոր մղումներ, նոր իդեաներ են բերում։ Բայց դա մշտական վիճակ չէ, իրար հաջորդող փուլեր են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասկացել եմ, որ եթե ինչ-որ բանի մասին չերազեմ, չմտածեմ ստեղծելու մասին՝ լինի նկարչություն կամ նախագիծ, մի տեսակ կիսատ կյանքով կապրեմ, եւ դա անում եմ ոչ թե անունի, փառքի համար, այլ որովհետեւ ուզում եմ։ Այդ ընթացքն ինձ համար շնչելու օդ է։

 

Լուսինե Ղարիբյան   

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին