Դուդուկահարից՝ դիջեյ. Ջիվան Սարգսյանի երաժշտական պատմությունը - Mediamax.am

exclusive
3629 դիտում

Դուդուկահարից՝ դիջեյ. Ջիվան Սարգսյանի երաժշտական պատմությունը


Լուսանկարը` Ջիվան Սարգսյանի արխիվից, Մեդիամաքս

Ջիվան Սարգսյանը
Ջիվան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ջիվան Սարգսյանի արխիվից

Գայանե Ենոքյանը զրուցում է Ջիվան Սարգսյանի հետ
Գայանե Ենոքյանը զրուցում է Ջիվան Սարգսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիվան Սարգսյանը
Ջիվան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիվան Սարգսյանը
Ջիվան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեզնից շատերը կարող են հիշել, թե մանկության տարիներին ինչքան տարբեր խմբակներ են հաճախել՝ երաժշտություն, պար, նկարչություն: Թեեւ հետագայում կյանքը մեզ այլ ուղղությամբ է տարել, միեւնույն է, արվեստի կրթությունը շարունակում է ուղեկցել մեզ կյանքի ամենատարբեր իրավիճակներում՝ մշտապես հիշեցնելով իր կարեւորության մասին: 

 

Մեդիամաքսի այս հրապարակման արվեստասեր հերոսը 26-ամյա Ջիվան Սարգսյանն է, որ պատանեկության տարիներին դուդուկ ու կլառնետ է նվագել: Թեեւ ավելի հասուն տարիքում իր ընտրած մասնագիտությունը բավականին տարբեր է փողային գործիքներ նվագելուց, սակայն երաժշտական կրթությունը նրա համար հիմնաքարային դեր է ունեցել:

 

Դուդուկ, թե՞ կլառնետ: Դպրոց, թե՞ քոլեջ

 

Երբ 7-րդ դասարանում էի սովորում, մի օր դպրոցից տուն գնալիս ընկերս առաջարկեց իր հետ երաժշտական դպրոց գնալ: Մտածեցի՝ իսկ ինչու՞ ոչ, գնամ ես էլ ստուգեմ՝ արդյոք ունե՞մ երաժշտական լսողություն: 

 

Երաժշտական դպրոցից տուն գնացի ու ծնողներիս հայտնեցի, որ ընդունվել եմ դուդուկի բաժին, մնում է գնան ու ստորագրեն: Այդպես սկսեցի սովորել դուդուկ նվագել Երեւանի Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում:  

 

Ավելի ուշ ընդունվեցի նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դուդուկի բաժին ու զուգահեռաբար սկսեցի նաեւ այնտեղ սովորել: 

Ջիվան Սարգսյանը Ջիվան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ գործիքս սիրում էի, սակայն հետզհետե սկսեցի հասկանալ, որ կլառնետն ինձ ավելի է գրավում: Այն ավելի մեծ դիապազոն ունի, ավելի լայն հնարավորություններ է տալիս: Շուտով երաժշտական դպրոցում սկսեցի նաեւ կլառնետ սովորել, իսկ քոլեջի 2-րդ կուրսում փոխեցի բաժինս ու կլառնետով շարունակեցի: 

 

Բանակում էլ պետք եկավ

 

Բանակի նվագախմբում եմ ծառայել: Այնտեղ սկզբում փոքր թմբուկ էի նվագում, մեկ տարի անց էլ՝ կլառնետ: Իրականում, եթե գրագետ երաժիշտ ես, ցանկացած գործիք էլ կարող ես նվագել:  

 

Թեեւ քոլեջում սովորելու տարիներին դիրիժորության դասախոսն ընդունակություններս շատ բարձր էր գնահատում ու անգամ փորձում էր համոզել, որ բաժինս փոխեմ ու դիրիժոր դառնամ, այդ մասնագիտությունը լիարժեք պատկերացրի միայն բանակում նվագախմբի հետ աշխատելիս: Հենց բանակում հասկացա՝ ինչ են երկրորդ, երրորդ ձայները, ինչ է նշանակում ռիթմը պահել: Կարծես ձեռքերով զգաս երաժշտությունը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեղծարար ձեռնարկատիրություն

 

Բանակից վերադառնալուցս հետո քաղաքում շատ բան էր փոխվել, երիտասարդների հետաքրքրություններն արդեն բոլորովին այլ էին: Ինձ էլ շատ սկսեց հետաքրքրել դիջեյինգը, դրա ռիթմիկան էր գրավում: Սկսեցի դիջեյինգ սովորել, շուտով գնեցի իմ սեփական կոնտրոլերը, ինչից հետո էլ կյանքումս նոր փուլ սկսվեց: 

 

Կարիերայիս մեկնարկին ինձ օգնության հասավ երաժշտական կրթությունը: Կարեւոր է, որ դիջեյը ոչ թե միայն երաժշտություն միացնող լինի, այլ կարողանա գրագետ միքսեր անել: Դրա համար երաժշտական կրթությունը խիստ անհրաժեշտ է. պետք է չափ, տոնայնություն, ռիթմիկա իմանալ, այլապես անիմաստ է դիջեյինգով զբաղվելը: 

 

Դիջեյինգում մատուցում ես քո ճաշակը: Յուրաքանչյուրը դա իր ձեւով է անում՝ երաժշտության մեջ սեփական «ներարկումների» միջոցով: Հնարավոր է անգամ շատերին լավ ծանոթ ստեղծագործությունները միանգամայն այլ, յուրահատուկ ձեւով ներկայացնել՝ թեկուզ ճիշտ տեղում միացում անելով, ճիշտ էֆեկտներ ավելացնելով: 

Ջիվան Սարգսյանը Ջիվան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայիս մասնագիտությունը փողային գործիքներ նվագելուց շատ է տարբերվում, սակայն դուդուկն ու կլառնետը ինձ շատ են օգնել երաժշտության հիմքը հասկանալու հարցում: Նոտա առ նոտա նվագելով՝ կարողանում ես տեսնել երաժշտությունը որպես քանդված խճանկար, եւ արդեն դիջեյինգում գիտես՝ ինչպես միացումներ կատարել, որպեսզի երաժշտության երկու կտորները համահունչ ու գեղեցիկ հաջորդեն միմյանց: 

 

Ես իմ աշխատանքը միշտ ունեմ

 

Երաժշտության միջոցով կարող եմ շրջապատի, նաեւ ինքս իմ տրամադրությունը փոխել: Երաժշտության նկատմամբ վերաբերմունքս բոլորովին այլ է դարձել դիջեյինգով զբաղվելուց հետո: Որտեղ էլ որ լինեմ՝ սրճարանում, տաքսու մեջ, թե փողոցում, ինձ գրավողը երաժշտությունն է: Հնարավոր է՝ ծանոթ մարդ անցնի կողքովս ու չնկատեմ, բայց երաժշտության որեւէ հնչյուն հազիվ թե բաց թողնեմ: 

Գայանե Ենոքյանը զրուցում է Ջիվան Սարգսյանի հետ Գայանե Ենոքյանը զրուցում է Ջիվան Սարգսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախկինում չէի էլ հետաքրքրվում՝ դիմացինս ինչ ժանրի երաժշտություն է նախընտրում: Դիջեյ դառնալուց հետո դա ինձ համար առանցքային նշանակություն է ձեռք բերել: 

 

Երաժշտությունն ինչ-որ չափով օգնում է մարդկանց ճանաչել: Երբ գիտես՝ մարդը ինչ ժանրեր է նախընտրում, կարող ես նաեւ հասկանալ՝ իր հետ արժե՞ երկար ճանապարհ գնալ, թե՞ ոչ (ծիծաղում է՝ հեղ.):

 

Առհասարակ արվեստը մի այլ գունավոր աշխարհ է, որի հետ երբեւէ առնչություն ունեցած մարդու կյանքը միանգամայն փոխվում է: Այն օգնում է բոլորովին այլ մտածելակերպ ու մոտեցումներ ձեւավորել, հենց դրա համար էլ արվեստի մարդիկ միմյանց ավելի լավ են հասկանում: Ինքս այժմ չեմ պատկերացում կյանքս երաժշտությունից դուրս: 

Ջիվան Սարգսյանը Ջիվան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ հիմա դուդուկ ու կլառնետ քիչ եմ նվագում, բայց միեւնույն է չեմ մոռանում գործիքներս: Հետաքրքրական է, որ ինչքան հազվադեպ է ստացվում նվագելը, այնքան ավելի հաճելի է դառնում նվագի ընթացքը:  

 

2019թ. հոկտեմբերից Հայաստանում գործում է Բրիտանական խորհրդի «Արարելով ապագան» (Crafting Futures) եռամյա ծրագիրը: «Crafting Futures»-ի նախագծերն ուղղված են Միջին մասնագիտական կրթական ոլորտի զարգացմանը, ավանդական մասնագիտությունների արդիականացմանը և ստեղծարար ձեռնարկատիրական հմտություների զարգացմանը` հետազոտությունների, համագործակցության եւ կրթական միջոցառումների ճանապարհով։ 

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին