Գեւորգ Մանուկյան. Ես կենդանի մնացի, որ հանդիպեմ նրան - Mediamax.am

8375 դիտում

Գեւորգ Մանուկյան. Ես կենդանի մնացի, որ հանդիպեմ նրան


Լուսանկարը`


Մանկուց երազել եմ իրավաբան դառնալու մասին, որ պաշտպանեմ մարդկանց: Դպրոցի ավարտական տարիներից հստակ գիտեի, թե որտեղ եմ ցանականում սովորել և պատրաստվում էի ընդունելության քննություններին: Ամիսներով տևած անքուն գիշերներ և միայն մեկ նպատակ՝ բարձրագույն կրթություն: Ընդունելության քննություններս բարեհաջող հանձնեցի: Մնում էր միայն սպասել, թե երբ կփակցնեն համալսարան ընդունվողների ցուցակները:

 

Ցուցակները փակցրեցին, իմ անունը կար, բայց ես դա չտեսա: Ցուցակները փակցրեցին հուլիսի 16-ին, հուլիս 17-ի առավոտյան ես արդեն ծառայում էի ՀՀ Զինված Ուժերում:

 

Ծառայում էի մեծ սիրով, սիրում եմ բանակը և իմ հայրենիքը: Ամենից առավել սիրում էի դրքերից հսկել երկրիս սահմանը: Դիրքերում ինքդ քո աչքին ավելի արժեքավոր ես երևում, հասկանում ես, որ անգործ կանգնած չես, որ քեզնից կախված է հայրենիքիդ անվտանգությունը:

 

Բանակում ծառայող տղաների մտքին մեծամասամբ իրենց սիրած աղջիկն է, իսկ ես երևէ սիրահարված չէի եղել: Սակայն երազներումս հաճախ տեսնում էի նրան, նրան ում երբեք չէի հանդիպել՝ իմ քնքուշ սևահերին: Գիտեի, որ նրան կհանդիպեի, միայն պետք է վերադառնայի և վերջ:

 

2016 թվականի ապրիլ…

Ես 19 տարեկան էի…

Չորս ամսից պետք է զորացրվեի...

Ես ծառայում էի Եղնիկներում:

 

Կարդացել եք Հին հունական լեգենդները և առասպելները, կամ Ոդիսևսի արկածները, որտեղ նկարագրվում է մահվան աստծո՝ Հադեսի թագավորությունը, վախեցել ե՞ք այդ տեսարաններից: Բացեմ մեկ գաղտնիք, դա բնավ սարսափելի չէ:

 

Դժվար է նկարագրել այն ամենը ինչ տեսա, ինչի միջով անցանք ես և ընկերներս: Դժոխքում միանշանակ ավելի լավ է: Առավոտյան արթնանում էի այն մտքով, որ հավանական է մայրամուտը չտեսնեմ և միայն մի բան էի մտածում՝ «ոչ մի թիզ հող»:  Մոռացել էի ամեն ինչի մասին, ինչ համալսարան, ինչ աշխատանք, ինչ անձնական կյանք: Միայն մեկ բան հստակ գիտեի՝ ես կամ, որ պաշտպանեմ հայրենիքս, կամ որ պաշտպանեմ նրան ում երբեք չեմ տեսել և հավանական է, որ չեմ էլ հանդիպի:

 

2018 թվականի հուլիսին ես զորացրվեցի: Հավատս չի գալիս, որ ես կենդանի եմ մնացել: Կարող է մեծամիտ թվալ, բայց երբ զբոսնում եմ փողոցներով, տեսնում եմ երջանիկ մարդկանց, անհոգ երեխաների, ինձ թվում է, թե ես իմ չնչին ներդրումն ունեմ նրանց հանգիստ և անվտանգ կյանքի համար: Կյանքը վառվում է իր բոլոր գույներով, մարդիկ երջանիկ են, երեխաները անվտանգ մեծանում են հայոց հողում: Եվ գիտեք ի՞նչ է եղել, ես հանդիպել եմ նրան…

 

Ես փրկել եմ կյանքեր, ես պայքարել եմ ոչ թե ապրելու այլ պաշտպանելու համար ու  բայց ես ապրում եմ և գտել եմ նրան՝ իմ քնքուշ սևահերին:

 

Ես պաշտպանեցի հայրենիքս, կենդանի մնացի քառօրյա պատերազմում, վերադարձա, հանդիպեցի նրան և պայքարեցի նրա սիրո, նրա կողքին լինելու համար:

 

Ես Գևորգն եմ, մարտական խաչի 2-րդ աստիճանի ասպետ, շատերը կարծում են, որ ես հերոս եմ, իսկ ես գիտեմ միայն մի բան ես ապրում եմ և իմ երազը իրական է դարձել:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին