Օր երկրորդ. 2001թ. ապրիլի 5 - Mediamax.am

9330 դիտում

Օր երկրորդ. 2001թ. ապրիլի 5

Բանակցությունների առաջին օրերին ստեղծված լավ մթնոլորտը «կարող էր որոշակի դրական արդյունքների բերել»:

Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը Քի Ուէսթում
Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը Քի Ուէսթում

Լուսանկարը` ANDY NEWMAN/AFP/Getty Images


Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը գլխավորում էր ռուսաստանյան պատվիրակությունը Քի Ուէսթի բանակցություններում, 2001թ. ապրիլի 5-ին ասաց, որ Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան «ուս ուսի աշխատում են»`ձգտելով նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սակայն «հակամարտության լուծման բանալին գտնվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռքերում»:

Տրուբնիկովի խոսքերով, Ռուսաստանը չունի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճի լուծման «բանալին» եւ «նրան լիովին կբավարարի այն որոշումը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»:

 

Ընդգծելով բանակցությունների մասնակիցների համար կոնսենսուսի որոնման անհրաժեշտությունը, Վյաչեսլավ Տրուբնիկովը հույս էր հայտնում, որ բանակցությունների առաջին օրերին ստեղծված լավ մթնոլորտը «կարող է որոշակի դրական արդյունքների բերել»:

 

«Առավոտ» թերթը ապրիլի 5-ին գրում էր, որ ղարաբաղյան կարգավորման համատեքստում Քի Ուէսթի բանակցություններում քննարկվելու է Հայաստանի տարածքի հաշվին մի շարք տրանսպորտային միջանցքների ցանցի ստեղծման հարցը:

 

Ամերիկացի միջնորդ Քերի Քավանոն «օգտակար եւ խոստումնալից» էր անվանել միջնորդների հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժան Ժակ Գայարդը, իր հերթին, նշել էր, որ «բանակցությունները շատ լավ մթնոլորտում են անցնում»:

Մեր ընտրանին