Ո՞վ էր նախապատրաստում Քի Ուէսթը - Mediamax.am

7790 դիտում

Ո՞վ էր նախապատրաստում Քի Ուէսթը

Քի Ուէսթի հանդիպումը երբեք չէր կայանա, եթե չլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ աշխատանքը:

Քի Ուեսթի «Փոքր Սպիտակ տունը»
Քի Ուեսթի «Փոքր Սպիտակ տունը»

Քի Ուէսթի հանդիպումը երբեք չէր կայանա, եթե չլիներ միջնորդների ակտիվ աշխատանքը. նրանք էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն եւ նրա ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերներ Նիկոլայ Գրիբկովը եւ Ժան Ժակ Գայարդը:

Սակայն Քի Ուէսթում ռուսաստյան պատվիրակության «առաջին ջութակի» դերը խաղում էր Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար, նախկին հետախույզ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ինչ վերաբերվում է Ֆրանսիային, ապա Քի Ուէսթից անմիջապես հետո Ժան Ժակ Գայարդին համանախագահի պաշտոնում փոխարինեց Ֆիլիպ դե Սյուրմենը, որը ապրիլի սկզբին դեռ Ֆրանսիայի դեսպանն էր Իրանում, սակայն արդեն մասնացում էր Ֆլորիդայում ընթացող բանակցություններին:

 

Վյաչեսլավ Տրուբնիկով

 

1944թ. ծնված Վյաչեսլավ Տրուբնիկովը Ռուսաստանի ԱԳՆ էր եկել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունից եւ ԽՍՀՄ ՊԱԿ-ից:

 

1967 թվականից Տրուբնիկովն աշխատում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի մարմիններում, ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչությունում (արտաքին հետախուզություն): Ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Բարձրագույն դպրոցը: 1971-1977թթ. եղել է երկարատեւ գործուղման մեջ Հնդկաստանում եւ Բանգլադեշում, զբաղվել է հետախուզական գործունեությամբ` “Նովոստի” գործակալության լրագրողի քողի տակ: 1977-1984թթ. աշխատել է ԽՀՍՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության կենտրոնական ապարատում:

 

1984-1990թթ. եղել է երկրորդ երկարատեւ գործուղման մեջ, հանդիսացել է Հնդկաստանում եւ Բանգլադեշում ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալական ցանցի ղեկավարը:

 

1990-1992թթ` ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության Հարավային Ասիայի բաժնի պետ, գեներալ-մայոր:

 

1992թ. հունվարից մինչեւ 1996թ.` Ռուսաստանի արտաքին հետախուզության վարչության տնօրենի առաջին տեղակալ: Գեներալ-լեյտենանտ, 1993թ.-ից` գեներալ-գնդապետ:

 

1996-2000թթ.` Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն:

 

Նախագահ Ելցինի` 1998թ. հունվարի 22-ի հրամանագրով Վյաչեսլավ Տրուբնիկովին շնորհվել է բանակի գեներալ զինվորական կոչում. ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Դաշնության պատմության ընթացքում նա դարձավ արտաքին հետախուզության վարչության առաջին ղեկավարը, որին նման բարձր կոչում շնորհվեց: 1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Տրուբնիկովին շնորհվեց Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչում:

 

2000-2004թթ. զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ԱՊՀ հարցերով առաջին տեղակալի պաշտոնը: 2004-2009թթ.` Ռուսաստանի դեսպանն էր Հնդկաստանում:

 

2009թ. հոկտեմբերից Վյաչեսլավ Տրուբնիկովն աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող:

 

Քերի Քավանո

 

Քերի Քավանոն ծնվել է 1955 թվականին: 22 տարվա դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Պետդեպարտամենտում, Բեռլինում, Մոսկվայհում, Թբիլիսիում, Հռոմում եւ Բեռնում ԱՄՆ դեսպանություններում:

 

Բիլլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշ-կրտսերի աշխատակազմերում Քերի Քավանոն զբաղվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Տաջիկստանի հարցերով:

 

Լինելով Հարավ-եվրոպական հարցերով Բյուրոյի տնօրեն եւ Կիպրոսի հարցերով համակարգողի պաշտոնակատար, Քերի Քավանոն հատուկ պարգեւ է ստացել այն ճգնաժամի կարգավորման համար, որը ծագել էր Կիպրոսի կողմից ռուսաստանյան S-300 հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո:

 

2006 թվականից Քերի Քավանոն աշխատում է Փաթթերսոնի դպրոցում, որտեղ հանդիսանում է դիվանագիտության եւ հակամարտությունների կարգավորման պրոֆեսոր:

 

Ֆիլիպ դե Սյուրմեն

 

Ֆիլիպ դե Սյուրմենը ծնվել է 1940 թվականին: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի ԱԳՆ կենտրոնական ապարատում, աշխատել է Բուխարեստում, Մոսկվայում, Բուդապեշտում, Բրյուսելում, Թել Ավիվում, եղել է Ֆրանսիայի դեսպանը Վիլնյուսում, Թեհրանում:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտնում աշխատանքն ավարտելուց հետո նշանակվել է Ֆրանսիայի դեսպան Կիեւում:

 

Ապրիլի 6-ին Մեդիամաքսը կներկայացնի չափազանց հետաքրքիր մի հարցազրույց, որը վերցրել էինք Ֆիլիպ դե Սյուրմենից 2001 թվականի մայիսին, որում նա պատմում է Քի Ուէսթից անմիջապես հետո կարգավորման գործընթացում տեղի ունեցող զարգացումների մասին:

 

Օգտագործվել են Wikipedia-ի նյութերը:

Մեր ընտրանին