ՀԲԸՄ-ն մտահոգված է Արցախի հայերի ճակատագիրը թշնամուն հանձնելու մտադրությամբ - Mediamax.am

2281 դիտում

ՀԲԸՄ-ն մտահոգված է Արցախի հայերի ճակատագիրը թշնամուն հանձնելու մտադրությամբ


Լուսանկարը` AGBU


Երեւան։ Մեդիամաքս։ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) մայիսի 26-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ «Արցախի նկատմամբ Ադրբեջանին իրավազորություն տալու համաձայնագրի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետը երեկ հանդիպել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներին՝ շարունակելու քննարկել տարածաշրջանային խաղաղության համաձայնագիրը առաջ մղելու գործընթացը։ Նախորդիվ Հայաստանը հայտարարել էր, որ Արցախի քաղաքացիների «անվտանգության եւ իրավունքների երաշխավորումն» ապահովելու հիմնավորմամբ պատրաստ է պաշտոնապես ընդունել Ադրբեջանի իրավազորությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։   

 

ՀԲԸՄ-ն, սփյուռքի եւ Հայաստանի բազմաթիվ այլ հայերի հետ միասին, չի ընդունում նմանօրինակ տրամաբանությունը: Թեեւ ողջ հայության կամքն է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում տիրի կայունություն, խաղաղություն եւ անվտանգություն, մենք խորապես մտահոգված ենք Հայաստանի՝ Արցախի հայերի ճակատագիրը մեկ ստորագրությամբ թշնամուն հանձնելու մտադրությամբ։ Ադրբեջանը ջանք չի խնայի իր նպատակներին հասնելու, Արցախի հայերին Արցախից բնաջնջելու, եւ, ի վերջո, տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու համար, ինչը վտանգի կենթարկի առաջին հերթին հենց Հայաստանի ինքնիշխանությունը: Հատկապես խիստ մտահոգիչ է Ադրբեջանի հայտարարությունը, որ ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանին, թույլ չի տա կանգնել Արցախի ժողովրդի հետ կապված իր մտադրություններն իրագործելու ճանապարհին՝ ազդարարելով, որ Արցախի շրջափակումը, մարդասիրական ահաբեկչությունը եւ մշակութային ցեղասպանությունը իր վարած խաղի մի մասն են մնալու։

 

«Այս հակամարտության վերջին 30 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք էլ ազնիվ բանակցային գործընկեր չի եղել», - ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ «Այն երբեք չի հարգել որեւէ միջազգային պայմանագրի, կոնվենցիայի, համաձայնագրի կամ օրենքի դրույթ, որը վերաբերում է Արցախի ժողովրդին: Իլհամ Ալիեւի հակահայկական հռետորաբանությունը, քաղաքացիական բնակավայրերի դեմ ռազմական ագրեսիան եւ տնտեսական շրջափակման միջոցով Արցախում հազարավոր հայերին կենսական ռեսուրսներից զրկելը դրա վառ ապացույցն են։ Մենք գիտենք, որ այս փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է Ադրբեջանին կանաչ լույս տալուն, որ անպատիժ կերպով ավարտին հասցնի Արցախը վերացնելու իր մտադրությունը:

 

30 տարի շարունակ Արցախի ժողովուրդը փորձել է իրագործել ինքնորոշման իր իրավունքը, ինչպես որ սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներով։ Ինքնորոշումը բանակցային գործընթացի միակ ընդունելի ուղին է, եւ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի այս գործընթացին ընթացք տալու համար:

 

Հետեւաբար, ՀԲԸՄ-ն կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, քանի որ, հակառակ դեպքում, Արցախի հայերը Ադրբեջանի կողմից վերջնականապես կենթարկվեն էթնիկ զտումների, որն Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է ավարտին հասցնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին