Արցախի պետնախարար. Ադրբեջանի հետ բանակցելու բավարար պայմաններ չկան - Mediamax.am

1805 դիտում

Արցախի պետնախարար. Ադրբեջանի հետ բանակցելու բավարար պայմաններ չկան


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասել է, որ մարտի 5-ի դիվերսիոն հարձակմամբ Ադրբեջանը ցուցադրել է, որ «Արցախն արտաքին աշխարհի հետ կապվելու որեւէ տարբերակ ունենալ չի կարող»:

«Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է մեզ բերել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի քննարկվեն այն բոլոր հարցերը, որոնք բխում են իր շահերից: Սակայն մենք դիտարկում ենք հետեւյալ կերպ՝ կարող ենք ունենալ բանակցություն, շփում Ադրբեջանի հետ, բայց անհրաժեշտ են բավարար պայմաններ, որոնք մենք չունենք:

 

Ադրբեջանը խեղդելու, ճնշելու, գերության մեջ պահելու միջոցով փորձում է ապահովել իր գերիշխանությունը տարածաշրջանում»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույցի ժամանակ ասել է Գուրգեն Ներսիսյանը:

 

Նրա խոսքով՝ դիվերսիոն հարձակման վերաբերյալ «ռուս խաղաղապահների գնահատականները չեն տարբերվում մեր գնահատականից»:

 

«Մենք պետք է հասկանանք, որ ռուս խաղաղապահները հնարավոր չափով ապահովում են մեր անվտանգությունը եւ մշտապես պետք է ելնենք այն գնահատականից, թե ինչ տեղի կունենար, եթե ռուս խաղաղապահները չլինեին Արցախում»,- ասել է Արցախի պետնախարարը:

 

Պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ Գուրգեն Ներսիսյանը նշել է. «Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120. 000 հայ բնակչությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին