Արցախի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խոսքից գործի անցնել - Mediamax.am

2179 դիտում

Արցախի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խոսքից գործի անցնել


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:

«Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների, միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա նշել է, որ իրենք առաջնահերթ դիմում են Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման եւ նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ:

 

«Մենք հորդորում ենք պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների եւ Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ եւ սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական եւ անշարժ գույքը»,- գրել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին