Փաշինյան․ «ՌԴ խաղաղապահները դե ֆակտո չեն կատարում պարտավորությունը» - Mediamax.am

2502 դիտում

Փաշինյան․ «ՌԴ խաղաղապահները դե ֆակտո չեն կատարում պարտավորությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենի դեֆիցիտ է նկատվում, հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված:

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, ինչը տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով: Բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա եւ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ ԼՂ շուրջ ստեղծված իրադրությունը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա:

 

«Պետք է աշխատել ԼՂ եւ Լաչինի միջանցք կամ ՄԱԿ-ի, կամ ԵԱՀԿ-ի, կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել է նա:

 

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, «մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը, հույս ունեմ, որ Ադրբեջանի պատասխանը եւս դրական կլինի»:

 

«Հայկական կողմը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել նաեւ Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:

 

Ադրբեջանին են փոխանցվել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման առաջարկները, պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման:

 

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել նաեւ սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, սակայն կրկին պատասխան չկա: Այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումն է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ տարածքների օկուպացիան եւ զորքերը հետ քաշի ՀՀ ինքնիշխան տարածքից»,-ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, չնայած բոլոր բարդություններին, իշխանությունները շարունակում են ջանքերը համապարփակ լուծումների գնալու եւ խաղաղություն ու կայունություն ապահովելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին