Նիկոլ Փաշինյան. «Տարօրինակ է բարեկամ երկրների լռությունը» - Mediamax.am

2644 դիտում

Նիկոլ Փաշինյան. «Տարօրինակ է բարեկամ երկրների լռությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Արցախում հումանիտար իրավիճակը ծայրաստիճան սրվել է»:

«ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաեւ Հայաստանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ։ Անհեթեթ, նույնիսկ տգետ են այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որեւէ մեկին»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները քրոնիկ բնույթ են կրում:

 

«Այդ խախտումների միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը պետք է լինի մեր հավաքական աշխատանքը: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, ՀԿ-ները, Սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ցույց տալու, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանագրի պարբերական խախտումները, նախեւառաջ, Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկման նպատակն ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, եւ «մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքականությունն արժանանա միջազգային պատշաճ գնահատականի»:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք արդեն արձագանքել են Լաչինի միջանցքը փակելու եւ ԼՂ-ում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը եւ ավելացրել.

 

«Առնվազն տարօրինակ է, սակայն, մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին