Լավրով. Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը - Mediamax.am

7510 դիտում

Լավրով. Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը


Լուսանկարը` ukraina.ru


Երեւան: Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում»:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է.

 

«Երբ նրանք՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, նրանք Պրահայից բերել էին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով։

 

ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշնակորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր հանդիսանում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ պարոն Միշելի կողմից՝ առանց որեւէ վերապահումների, եւ դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել է Լավրովը։

 

«Ուստի, երբ այս պայմանավորվածությունը ստորագրելուց հետո մեր հայ գործընկերները մեզ ասում են. «Թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»,- ասել է ռուսաստանցի նախարարը։

 

«Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ թե կարգավիճակի, այլ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել դա եւ տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս բնակիչները»,- հավելել է Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին