Որոշումները պետք է թափանցիկ կայացվեն, ասել է Ռուբեն Վարդանյանը - Mediamax.am

1095 դիտում

Որոշումները պետք է թափանցիկ կայացվեն, ասել է Ռուբեն Վարդանյանը


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Մարտունիում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանի վարչակազմում:

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային  ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է  44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:

 

Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, ձեռնարկությունների  ղեկավարների հետ:

 

«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը,  բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է: Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե  ինչպես  եք  դուք այստեղ պատկերացնում դրանց  լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ», - ասել է նա:

 

Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել  համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները:

 

«Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց  կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է նա:

 

Ռուբեն Վարդանյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս եւ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին