Փաշինյան. Ալիեւը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն - Mediamax.am

4684 դիտում

Փաշինյան. Ալիեւը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար:

 

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե եւ Հայաստանին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն ելույթով Իլհամ Ալիեւը փորձում է պայմանավորվածությունները չկատարելու համար մեղադրել Հայաստանին եւ մեր կառավարությանը:  

 

Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք տեղանունների եւ այլ անունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով:

 

Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում»,-կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երեւալ եւ հայտարարվում է, թե ԼՂ հայերն «իրենց քաղաքացիներն» են, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված է:

 

«Նման հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաեւ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն 3-ը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով՝ հերթական 5-ամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել՝ իբր Հայաստանի կողմից պարտավորությունների չկատարման պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայության շրջափակելու եւ նրան ցեղասպանելու ու հայրենազրկելու համար:

 

«Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը ներկայացրել է գրավոր դեռ 2021 թվականին: Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը:  

 

Ինչո՞ւ է Ադրբեջանն ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. մի պարզ պատճառով՝ շարունակելու ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: ԼՂ-ի հայության ցեղասպանության նախապատրաստման շրջանակում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ, սակայն Հայաստանն այնտեղ բանակ չունի: Կա Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Սոչիի հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ ԼՂ իշխանությունների առաջարկը, այն է՝ ԼՂ շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի ՊԲ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է չունենալ: Այս առաջարկը ուժի մեջ է»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապառազմականացման առաջարկ արվել է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից՝ սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ եւ նախօրեին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել դրա նորացված տարբերակը:

 

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված պայմանավորվածություններին:

 

«Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Մենք իրապես նվիրված ենք խաղաղության օրակարգին: Բայց այդ օրակարգը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ ոչնչացումը չէ: Խաղաղության օրակարգը ՀՀ եւ տարածաշրջանի խաղաղ զարգացումն է, համակեցությունը, եւ մենք հասնելու ենք մեր նպատակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին