Ռուբեն Վարդանյան. Պարտավոր ենք Արցախը փոխանցել հայության հաջորդ սերունդներին - Mediamax.am

5889 դիտում

Ռուբեն Վարդանյան. Պարտավոր ենք Արցախը փոխանցել հայության հաջորդ սերունդներին


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ռուբեն Վարդանյանի փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում անհրաժեշտ են Արցախին, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

 

«Ամենակարեւորը՝ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան, եւ իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարեւոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, եւ այդպիսի  մարդկանց պետք է առավելագույնս աջակցել՝ Հայրենիքին ծառայելու հարցում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա նոր պետնախարարին վստահեցրել է, որ ունենալու է իր, կառավարության,  խորհրդարանի եւ Արցախի ժողովրդի  աջակցությունը:

 

Ռուբեն Վարդանյանն իր հերթին ընդգծել է, որ  իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը:

 

«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք եւ չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, կնշանակի, որ մեր պարտքը չենք կատարում մեր ժողովրդի առջեւ: Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին