Արայիկ Հարությունյան. «Բերձորից պարտավոր ենք դուրս գալ» - Mediamax.am

1314 դիտում

Արայիկ Հարությունյան. «Բերձորից պարտավոր ենք դուրս գալ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր երկրի Ազգային ժողովում ասել է, որ «անկախ ամեն ինչից Բերձորը պետք է շրջանցել, իսկ Աղավնոյի շուրջ բանակցությունները շարունակվում են»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհի պատճառով առաջանում է Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքների հայաթափման հարցը՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ երթուղու հետ կապված մի քանի առաջարկ է եղել, որոնք մերժվել են։

 

«Առաջարկվող մայրուղին մի քանի անգամ քննարկվել է Անվտանգության խորհրդում, դրան մասնակցել են ԱԺ բոլոր քաղաքական ուժերը։ Մեր կարծիքով՝ ընտրել ենք լավագույն տարբերակը. չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչու, բայց հիմք ենք ընդունել հետագա մեր անվտանգային խնդիրները։ Երբ ճանապարհը լինի՝ հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու որակի, անվտանգ լինելու առումով։ Իմ կարծիքով, այն շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրեր հաշվի առնելով։ Փակ դահլիճում կարող եմ ներկայացնել, թե ինչու։

 

Ինչ վերաբերում է այդ բնակավայրերի հայաթափմանը, ապա Բերձորից պարտավոր ենք դուրս գալ, իսկ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք։ ՀՀ վարչապետի հետ Աղանվոյի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել եմ՝ տանում ենք բանակցություններ, բանակցային այս փուլում այդ հարցը թողեք, տեսնենք՝ մեր հնարավորությունների շրջանում ինչպիսի հնարավոր լուծումներ կան»,- ասել է Հարությունյանը:

 

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, եւ Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ փոքր եմ համարում: Ես ինքս կողմ չեմ, բայց այսօր մեր երկրի ճակատագիրն ավելի կարեւոր է, քան էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։ Խնդրեմ, եկեք հավաքվենք, որոշենք։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, հայտարարենք այդ մասին առաջին հերթին Արցախի բնակիչներին, որովհետեւ իրավիճակի փոփոխության առումով Երեւանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները պատասխան չեն տալու, մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու ամենածանր պտուղները, որը հավանական եմ համարում»,- ասել է Հարությունյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին