Արցախի բնակչության աճի խթանման առաջարկները կմիավորվեն մեկ փաթեթում - Mediamax.am

766 դիտում

Արցախի բնակչության աճի խթանման առաջարկները կմիավորվեն մեկ փաթեթում


Լուսանկարը` https://futurearmenian.com/


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպված «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» Արցախյան ֆորումում բնակչության աճի թեմային վերաբերող առաջարկությունները կձեւակերպվեն որպես գործողությունների համապարփակ փաթեթ:

Այն կներկայացվի պետական մարմիններին, հայկական կառույցներին եւ կազմակերպություններին, գործարար շրջանակներին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար:

 

Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:

 

Արցախյան ֆորումին ընդառաջ տեղի էին ունեցել ժողովրդագրության ոլորտում հայ առաջատար փորձագետների մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ:

 

Վերջիններիս ընթացքում մշակվել եւ ձեւակերպվել էին տարբեր սցենարների հիման վրա Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, որոնք ներկայացվել էին Արցախյան ֆորումի մասնակիցների դիտարկմանը եւ ընդունմանը:

 

«Սա հասարակության տարբեր շերտերի միջեւ երկխոսության խթանման հարթակ է, որում չկան կրթական, տարիքային, բնակության վայրով պայմանավորված բաժանարարներ: Բոլորը, որպես մեկ հանրության անդամներ, միասնաբար բարձրաձայնելու են առկա խնդիրները, միասնաբար քննարկելու եւ որոշելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը», - ասել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը:

 

Ֆորումին ընթացքին հետեւել եւ մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» համանախաձեռնողներ Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Արամ Բեկչյանը եւ Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին