Արարատ Միրզոյան. «Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ» - Mediamax.am

2974 դիտում

Արարատ Միրզոյան. «Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր ասել է, որ «Հայաստանը երկու տարի առաջ զգաց բազմակողմանիության խափանումը եւ միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի դեմ»:

Այս մասին նա ասել է Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանում իր ելույթի ժամանակ։

 

«Երկու տարի է անցել այս սարսափելի ժամանակներից, եւ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, եւ նրանք պատրաստ են խաղաղության:

 

Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների եւ պահվող անձանց իրավունքների եւ նրանց անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռեւս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար եւ Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են:

 

Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է»,- ասել է նա:

 

Նա նշել է՝ Հայաստանը պայքարում է, որ հասկացնի Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել.

 

«Քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է մեզ բոլորիս բերել այստեղ, ուրեմն սա բոլորիս խնդիրն է»:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու ջանքերին եւ բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական եւ կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:

 

«Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին