Փաշինյան․ ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սեւագիր այս պահին սեղանին չկա - Mediamax.am

3104 դիտում

Փաշինյան․ ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սեւագիր այս պահին սեղանին չկա


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում մանրամասներ է ներկայացել ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարած այցից՝ շեշտելով դրա արդյունավետ լինելը:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կարեւոր պայմանավորվածություն են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ եւ ՌԴ մոտեցումների նույնականացումը:

 

«Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արեւելքը Արեւմուտքին կապող երկաթգծի եւ ավտոճանապարհների շինարարությունը՝ ՀՀ տարածքով: Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբն առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել եւ համաձայնեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ արդյունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարեւորության ընդգծումն էր.

 

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին ՀՀ էին այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն: Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Բայց առավել եւս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան եւ քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունն աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»:

 

Այս ֆոնին նա կարեւորել է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղադրիչն է Լաչինի միջանցքի անխափան եւ անարգել գործունեությունը. «Այս առումով ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո օտարերկրյա իր ամեն այցից առաջ լուրեր են տարածվել, թե ինքը պատրաստվում է ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին. «Այս ընթացքում չի եղել եւ չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սեւագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Բացառում եմ, որ գոյություն ունենա նման մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ, սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում։

 

Այս առումով հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման։ Սա տարօրինակ համեմատություն է, որովհետեւ պատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը եւ Արցախը հայաթափումից փրկելու համար: Մեր ողջ քաղաքականությունն ու քայլերը նրան է ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»։

 

Նա նշել է, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է, դա Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 5 կետն է եւ դրա վերաբերյալ ՀՀ արձագանքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին