Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից» - Mediamax.am

1218 դիտում

Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարություն է ընդունել, որում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել է հրաժարվել «իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»։

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

 

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

 

Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:

 

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

 

Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

 

Արցախահայության անունից դիմում ենք

 

- Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն  կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:

 

-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

 

- Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում  առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:

 

-  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին