Փաշինյան. Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Արցախից - Mediamax.am

2516 դիտում

Փաշինյան. Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Արցախից


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


 

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է մարտի 28-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին՝  նշելով, որ նիստում արված հայտարարությունը «բնականորեն լրացուցիչ հարցեր է առաջացրել»:

 

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի շարք պարզաբանումներ եւ հիմնավորումներ է ներկայացրել, որպեսզի թե հայաստանյան, թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունն առավել պարզ լինի:

 

Նա հիշեցրել է, որ ԱԽ նիստի հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռանային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում ձեռնարկելու նպատակ ունի, եւ արձանագրել էին, որ նման զարգացումների բավականին մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

 

«Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձեւավորման քաղաքականություն:

 

Նա նախ դիվանագիտական եւ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է դրանց չարձագանքելու կամ ապակառուցողական ձեւով արձագանքելու, կամ դրանք մերժելու համար, հետո Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ: Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է ԼՂ եւ ՀՀ դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել. «Իմ այսօրվա նպատակն այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելն ի ցույց դնելն է: Վերը նշված համատեքստում երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը:

 

Օրինակ՝ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողում այդ հարցը: Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես բազմիցս հրապարակել եմ ՀՀ պատրաստակամությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին: Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին հինգ կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք, իբր, անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները»:

 

Նա հիշեցրել է, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ մանրամասն անդրադարձել է այս խնդրին եւ արձանագրել, որ այդ առաջարկները ստանալուց չորս օր անց՝ մարտի 14-ին գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին՝ նույն ճանապարհով, որով ստացել, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջոցով:

 

«Ադրբեջանի առաջարկներին ՀՀ-ն արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային դիվանագիտական խողովակներով: Իսկ այս արձագանքը Ադրբեջանը համարում է արձագանքի բացակայություն այն պատճառով, որ ՀՀ-ն իր հրապարակային եւ դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ հիմնախնդիր եւ ՀՀ-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը:

 

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիր չկա, այն այլեւս լուծված է: Բայց  չի պատասխանում մի կարեւոր հարցի՝ ինչպե՞ս է լուծվել ԼՂ հայության իրավունքների հարցը: Սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին: Հասկանալով, որ այս հիմնախնդիրն ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է փակել այն: Եվ այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի:

 

Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից, այդպիսով հարցը փակված համարելու համար: Եթե սխալվում ենք, ուրեմն թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ միջազգային հանրությունը:

 

Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա:

 

Ի դեպ, այն, որ Ադրբեջանը որդեգրել եւ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այդպիսիք են, օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ «ԼՂ Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին