Փաշինյան․Փառուխի ճգնաժամը պայմանավորվածության խախտման արդյունք է - Mediamax.am

2090 դիտում

Փաշինյան․Փառուխի ճգնաժամը պայմանավորվածության խախտման արդյունք է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում ասել է, որ Արցախի Փառուխ գյուղի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։

Նա նշել է, որ տարածաշրջանում լարված իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, եւ այս պայմանավորվածությունը պետք է երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։

 

«Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մենք ցավով ենք արձանագրում սա եւ այն, որ, չնայած ՌԴ Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

 

Մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը ապահովելու եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար։ Ակնկալում ենք նաեւ, որ ներխուժման ընթացքում եւ դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունն արժանանա պատշաճ քննության»,- ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նշված իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը տասն օր շարունակ ականանետային կրակ էին բացում, ԼՂ մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին եւ կրակում են բնակելի տների եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի ուղղությամբ, իսկ 2021թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին