Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում չմնալ «հին աշխարհակարգի փլատակների տակ» - Mediamax.am

918 դիտում

Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում չմնալ «հին աշխարհակարգի փլատակների տակ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ուղերձով դիմել է ժողովրդին, որում, մասնավորապես, ասել է, որ «Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջեւ»:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

 

«Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։

 

Այնպես չէ, որ ստեղծված  իրավիճակում  պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաեւ Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի  բոլոր անդամները։

 

Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս եւ եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Ինչպես նաեւ, եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։ Բարեբախտաբար, այդպես չէր մինչեւ գազատարի պայթեցումը եւ այդպես չէ նաեւ հիմա։

 

Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջեւ, եւ մենք  ոչ միայն ուժային, այլեւ իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր եւ այլ կառույցներ)։ Հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա եւ նրան դարձնել քավության նոխազ։ Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը։

 

Ընդհանրապես խաղաղապահների առաքելությունը բարի կամքի դրսեւորումն է պատերազմող կողմերի միջեւ՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։ Բայց աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, ալեկոծվում է հին աշխարհակարգը, եւ մեր աչքի առջեւ նոր աշխարհակարգ է ձեւավորվում։

 

Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, եւ ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ։

 

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերջին նիստերը եւ Արցախի Հանրապետության Նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Տա Աստված` այդպես շարունակվի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին