Ավետիք Չալաբյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել Փարուխում - Mediamax.am

2977 դիտում

Ավետիք Չալաբյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել Փարուխում


Փարուխ գյուղը՝ նկարված Քարագլուխ բարձունքից
Փարուխ գյուղը՝ նկարված Քարագլուխ բարձունքից

Լուսանկարը` Ավետիք Չալաբյան


Երեւան: Մեդիամաքս: «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկություններ ներկայացնելով Արցախի Ասկերանի շրջանում մարտի 24-ին ծավալված իրադարձություններից:

 

Ներկայացնում ենք հատված այդ գրառումից.

 

«Մենք Փարուխում էինք երկու շաբաթ առաջ։ Արդեն այդ պահին մեզ համար պարզ էր, որ այս գյուղը, որն Արցախի մնացած տարածքներին կապված է ընդամենը մի գրունտային ճանապարհով, վտանգված է։ Ինչը թերեւս ավելի կարեւոր է՝ այս գյուղը վերահսկող Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, նրանից վերահսկվում է նաեւ Աղդամը, Ասկերանը, եւ հարակից բազմաթիվ բնակավայրեր, սակայն այս բարձունքը եւս որեւէ կերպ պաշտպանված չէր։ Արդեն այդ պահից մեր հիմնադրամի թիմը սկսեց գործողություններ ձեռնարկել՝ հրավիրելու արցախյան իշխանությունների ուշադրությունը Փարուխի եւ Քարագլխի պաշտպանության ամրապնդման անհրաժեշտության վրա, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, եւ հույս կար, որ վիճակը վերահսկողության տակ կառնվի։

 

Ցավոք, ինչպես շատ հաճախ է եղել անցած մեկ եւ կես տարիների ընթացքում, թշնամին շատ ավելի նենգ եւ նախաձեռնող դուրս եկավ, քան հայկական կողմը։

 

Անցած շաբաթ, բանակցելով գազատարի բացման շուրջ, թշնամին արդեն պահանջել էր հանձնել այս գյուղը։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում այս գյուղը պաշտպանող դիրքերից, թշնամու զինված ուժերը դուրս են բերվում դրանց հանդիպակաց դիրքերից, փոխարենը այստեղ տեղակայվում են ռուսական խաղաղապահները, եւ տարածքը «դեմիլիտարիզացվում» է։

 

Հայկական կողմը, հավատարիմ իր ավանդական «գիքորական» միամտությանը, շտապել էր կատարել պայմանավորվածությունը՝ գազատարը բացելու ակնկալիքով։ Թշնամին իսկապես երկու օրով բացել էր գազատարը, հետո այն փակեց, եւ մարտի 24-ին, օգտվելով հայկական կողմի բացակայությունից գյուղի պաշտպանության դիրքերից, եւ ռուսական կողմի կամ անպատրաստվածությունից, կամ էլ գուցե թողտվությունից, մեծ ուժերով (ավելի քան 100 զինվոր) մոտեցավ գյուղին, եւ առանց մի կրակոց տիրացավ նրան, ռուսական խաղաղապահներն էլ առավելագույնս կարողացան անվնաս էվակուացնել գյուղում գտնվող փոքրաթիվ հայ բնակչությունը եւ մի քանի զինծառայողների։ Շարունակելով առաջխաղացումը, թշնամու ուժերի մոտ կեսը կարողացան երեկ բարձրանալ Քարագլուխ, եւ դիրքավորվել այնտեղ։

 

Այս պահից սկսած, տեղի ունեցողի մասին տեղեկատվությունը սկսեց տարածվել, աստիճանաբար նորանոր ուժեր խառնվեցին սրա մեջ, նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինը անուղղակիորեն անդրադարձավ սրան (թերեւս գիտակցելով, որ սա նաեւ ապտակ է Ռուսաստանին, եւ խաղաղապահ առաքելություն իրականացնելու նրա կարողությանը)։ Գիշերվա դրությամբ, Փարուխում արդեն բավական մեծ ռուսական ուժեր էին կուտակվել, Քարագլուխ հանդիպակաց կողմից բարձրացել էին նաեւ որոշ հայկական ուժեր՝ դիմագրավելու թշնամու առաջխաղացմանը, Քարագլխի մյուս կողմի ստորոտում գտնվող Խրամորթ գյուղում սկսել էին եւս կուտակվել հայկական ուժեր՝ գյուղը պաշտպանելու համար։ Մարտի 25-ի առավոտյան, երբ գրվում էին այս տողերը, վիճակը դեռեւս անորոշ է, թշնամին փորձում է ամրապնդվել գրաված բարձունքում, եւ հավանականությունը մեծ էր, որ նրա հետագա քայլերը կբերեն ռազմական բախման»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին