Ադրբեջանը կրակել է Մարտունու շրջանի բնակելի տների ուղղությամբ - Mediamax.am

1590 դիտում

Ադրբեջանը կրակել է Մարտունու շրջանի բնակելի տների ուղղությամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքների հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

«Հաշվի առնելով բնակավայրերի եւ ադրբեջանական դիրքերի մինչեւ առկա հեռավորությունը եւ այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետեւությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետեւանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

 

Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաեւ Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ:

 

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը եւ դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ եւ անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:

 

Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձեւավորելու Արցախում»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին