Արցախի նախագահը մեկնաբանել է ՀԱՊԿ զորախմբի տեղակայումը Ղազախստանում - Mediamax.am

1799 դիտում

Արցախի նախագահը մեկնաբանել է ՀԱՊԿ զորախմբի տեղակայումը Ղազախստանում


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Ղազախստանի իրադարձությունները, նշելով, որ դրանք «մտահոգիչ եւ վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաեւ հարեւան երկրների ու հարակից տարածաշրջանների համար»:

«Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում եւ նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձեւավորելուն միտված ծրագրերի հետեւում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ:

Վերոգրյալի համատեքստում ակներեւ է նաեւ, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները:

 

Ստեղծված իրավիճակին հանգեցրած զարգացումները փաստում են, որ ահագնացող վտանգի կանխման եւ նորանոր աղետներից խուսափելու առավել գործուն եւ արդյունավետ մեխանիզմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի մուտքն էր Ղազախստան, ինչը եւ  տեղի ունեցավ Ղազախստանի իշխանությունների համապատասխան դիմումի համաձայն:

 

ՀԱՊԿ հավաքական ուժերի եւ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ դրա չեզոքացմանը:

 

Այդպիսով՝ հնարավոր դարձավ կանխել Կենտրոնական Ասիայում եւ հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը, ինչը հաստատապես լուրջ սպառնալիք կլիներ նաեւ Արցախի ու Հայաստանի անվտանգության համար:

 

Ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության եւ ահաբեկչության ամենադաժան դրսեւորումների:

 

Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, եւ, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու  ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունություն հաստատել մեր տարածաշրջանում:

 

Ղազախստանի եւ մի շարք այլ երկրների օրինակը եւս մեկ անգամ ցույց տվեց միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես` ծայրահեղական կազմակերպություններից ու խմբավորումներից բխող ահաբեկչության սպառնալիքի դեմ համակարգված մոտեցումների մշակման ու գործնական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին