Ամերիկացի նախկին միջնորդը փակագծեր է բացել - Mediamax.am

7712 դիտում

Ամերիկացի նախկին միջնորդը փակագծեր է բացել


Ռիչարդ Հոգլանդը
Ռիչարդ Հոգլանդը
Ռիչարդ Հոգլանդը
Ռիչարդ Հոգլանդը
Ռիչարդ Հոգլանդը եւ Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը Տաջիկստանում 2005-ին
Ռիչարդ Հոգլանդը եւ Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը Տաջիկստանում 2005-ին

Լուսանկարը` REUTERS


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է «Արդյո՞ ք Մինսկի խումբը դեռ դեր ունի» հոդվածը:

 

Հոգլանդը համանախագահի պաշտոնը զբաղեցրել է կարճ ժամանակ՝  2017 թվականի հունվարից սեպտեմբեր: Այդ պաշտոնին նա հրավիրվել էր, երբ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թողեց դիվանագիտական ծառայությունը եւ տեղափոխվեց մասնավոր հատված:

 

Տարբեր տարիներին Ռիչարդ Հոգլանդը ծառայել է որպես Ղազախստանում եւ Տաջիկստանում ԱՄՆ դեսպան, Պակիստանում փոխդեսպան եւ Թուրքմենստանում գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա զբաղեցրել է նաեւ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի եվրոպական եւ եվրասիական գործերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի պաշտոնները:

 

2007 թվականին Ռիչարդ Հոգլանդը առաջադրվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, սակայն սենատոր Ռոբերտ Մենենդեզը արգելափակեց նրա թեկնածությունը` 1915-ին հայերի զանգվածային բնաջնջումը «ցեղասպանություն» անվանելուց հրաժարվելու պատճառով:

 

Նշանակում

 

Ռիչարդ Հոգլանդը գրում է, որ նա թոշակի էր անցել Պետդեպարտամենտում 30 տարի աշխատելուց հետո, երբ նրան խնդրեցին վերադառնալ որպես Մինսկի խմբի ԱՄՆ ժամանակավոր համանախագահ:

 

«Ճիշտն ասած, սկզբում մի փոքր տատանվում էի: Հարցն այն է, որ Պետդեպարտամենտում այս պաշտոնը չէր համարվում կարիերային աճին նպաստող: Անկեղծ ասած, այն սովորաբար զբաղեցնում էր մի դիվանագետ, ով սպասում էր լիարժեք դեսպանական նշանակման, կամ էլ շուտով պատրաստվում էր թոշակի անցնել: Այնուամենայնիվ, ինձ հետաքրքրեց հնարավորությունը` ավելի շատ բան իմանալու այն հարցի մասին, որին նախկինում քիչ ուշադրություն էի դարձրել: Բացի այդ կկարողանայի այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչը հազվադեպ հնարավորություն է ցանկացած ամերիկացի քաղաքացու համար:

Ռիչարդ Հոգլանդը եւ Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը Տաջիկստանում 2005-ին Ռիչարդ Հոգլանդը եւ Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը Տաջիկստանում 2005-ին

Լուսանկարը` REUTERS

Այն, ինչ մենք անում էինք եւ ինչպես էինք դա անում՝ շատ դեպքերում համապատասխանում էր այն կարծրատիպին, որը գալիս է մարդկանց մտքին, երբ նրանք մտածում են դիվանագետների կյանքի մասին: Մենք իջեւանում էինք հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ սովորաբար մեզ հատկացվում էին սենյակներ ներկայացուցչական հարկում, որն ապահովում էր մասնավոր խոհանոցից եւ բարից օգտվելու անվճար հնարավորություն: Մենք միշտ լինում էինք լավագույն ռեստորաններում: Բայց, անկեղծ ասած, շատ քիչ արդյունքի ենք հասել», - խոստովանում է Հոգլանդը:

 

Մադրիդյան սկզբունքները, Լավրովի պլանը եւ Պոպովի խոստովանությունը

 

Հոգլանդը գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւակերպել էր «Մադրիդյան սկզբունքները»՝ հակամարտության վերջնական կարգավորման ճանապարհային քարտեզ, որն ավարտվելու էր Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշմամբ:

 

«Այն ժամանակահատվածում, երբ ես ԱՄՆ համանախագահն էի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին այն անվանել «բանակցային սեղանի վրա դրված պլան»:

 

Երբ այսպես կոչված «Լավրովի պլանը» հրապարակվել էր, ես հարցրեցի իմ հիանալի գործընկերոջը` ռուսաստանցի համանախագահ Պոպովին. արդյո՞ք Կրեմլը իսկապես կհամաձայնի իրականացնել այն, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նրա անկեղծ պատասխանն էր. «Իհարկե, ոչ»: Սա ինձ հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր», - գրում է պաշտոնաթող դիվանագետը:

Ռիչարդ Հոգլանդը Ռիչարդ Հոգլանդը

 

Ըստ նրա, պատճառն այն է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր, այսպես կոչված, «հատուկ ազդեցության գոտին» եւ հասկանում է, որ հակամարտության լուծումը թույլ կտա կողմերից յուրաքանչյուրին իրեն բավականաչափ ազատ զգալ եւ փնտրել այլ գործընկերներ:

 

«Միայն պատերազմը կլուծի խնդիրը»

 

«Համանախագահ գործընկերներիս հետ Երեւան եւ Բաքու կատարած բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում ես տեսա, որ յուրաքանչյուր կողմ հավատարիմ է իր դիրքորոշմանը եւ դժվարությամբ է համաձայնում դիտարկել ամենափոքր ժամանակավոր փոխզիջումը, նույնիսկ օրինակ ՝ վստահության ամրապնդման միջոցները: Ես եկա այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականորեն կլուծի միայն պատերազմը, չնայած երբեք այդ տեսակետը հրապարակայնորեն չեմ արտահայտել», - խոստովանում է Հոգլանդը:

 

Մինսկի խմբի ապագան

 

«Մինսկի խմբի ապագայի մասին պատասխանը կախված է նրանից, թե ում եք տալիս այս հարցը», - գրում է Հոգլանդը:

 

«Երեւանը անհրաժեշտ է համարում Մինսկի խմբի պահպանումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Ոչ պակաս հաստատուն է Բաքուն՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ միշտ այդպիսին կմնա», - նկատում է նախկին միջնորդը:

 

Այնուամենայնիվ, Հոգլանդը համարում է, որ «որոշակի ստեղծագործական մոտեցման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է որոշակի դեր խաղալ»:

 

«Օրինակ, նա կարող էր իր մանդատին ավելացնել վերականգնման գործընթացը: Փաստորեն, եւ Բաքուն, եւ Երեւանը ընդունեցին, որ այժմ կա ենթակառուցվածքների, այդ թվում` նոր ճանապարհների, ինչպես նաեւ տարածաշրջանի ներսում եւ դրանից դուրս կապուղիների վերանորոգման եւ կառուցման հնարավորություն:

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կազմակերպել եւ համակարգել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների մայրաքաղաքների ֆինանսավորումը՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացմանը աջակցելու համար:

 

Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի նաեւ այն պատճառով, որ բարդ հարեւանները՝  Իրանը եւ Թուրքիան, կցանկանան իրենց խոսքն ասել: Սակայն եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, այն, ցավոք, կշարունակի մնալ միջազգային դիվանագիտության ինտրիգային ծայրագավառ», - եզրափակում է Ռիչարդ Հոգլանդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին