Ալիեւը Շուշի է հասնում առանց խաղաղապահների ուղեկցության - Mediamax.am

exclusive
2139 դիտում

Ալիեւը Շուշի է հասնում առանց խաղաղապահների ուղեկցության


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն երկու անգամ այցելել է Շուշի՝ հունվարի 15-ին եւ մարտի 16-ին:

Մեդիամաքսը փորձել է պարզել, թե Ադրբեջանի նախագահը որ ճանապարհով է հասնում Շուշի:

 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասել է, որ Ադրբեջանի նախագահի երթուղու մասին որեւէ հստակ տեղեկություն չունեն:

 

«Շուշիին ամենամոտ ճանապարհը Կարմիր Շուկայով եկողն է: Բայց Ադրբեջանը նաեւ նոր ճանապարհ է կառուցում Ավետարանոց եւ Քարին տակ գյուղերի հատվածով, որը հիմա գրունտային վիճակում է, եւ Ալիեւը կարող էր Շուշի այցելել նաեւ այդ ճանապարհով»,- Մեդիամաքսին ասել է Արցախի նախագահի խոսնակը:

 

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցում են Արցախ մտնող ցանկացած շարասյուն, որը հատում է շփման գիծը, բայց Իլհամ Ալիեւի այցի մասին Արցախում տեղեկանում են ադրբեջանական աղբյուրներից:

 

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն էլ Մեդիամաքսին ասել է, որ Ադրբեջանից Շուշի հասնելու չորս ճանապարհ կա, որից երեքը՝ Արցախի տարածքով։

 

«Դրանք են՝ Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Ակնա (նախկին Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, «Լաչինի միջանցք»-Շուշի եւ այն ճանապարհը, որով ադրբեջանական զինուժը հասել է Շուշի, այդ ճանապարհն անցնում է Շեխեր գյուղի հարակից հատվածով, Թաղավարդով Ասկերանի վերին ենթաշրջանի հարակից հատվածներով Քարին տակ գյուղ, այնտեղից` Շուշի։

 

Չորրորդ ճանապարհը գրունտային է, սակայն վերջին ամիսներին հողային աշխատանքներ են կատարվել, այն լայնացվել է, անընդհատ տեխնիկա է աշխատել։ Դա այն ճանապարհն է, որ Վարանդայից (նախկին Ֆիզուլի) նախատեսված է հիմնանորոգել եւ ամբողջությամբ հիմնանորոգված հասցնել Շուշի։ Նախորդ անգամ Ալիեւը Շուշի հասել է գրունտային ճանապարհով, ենթադրաբար, այս անգամ՝ եւս:

 

Ինչ վերաբերում է առաջին երեք ճանապարհներին, որոնք անցնում են Արցախի տարբեր համայնքներով, ապա պատերազմից հետո ադրբեջանական տարբեր նշանակության շարասյուներ այդ ճանապարհով անընդհատ Շուշի են տեղափոխում հիմնականում շինարարական տարբեր նշանակության ապրանքներ, տեխնիկա եւ մարդկային ուժ»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին