Ալիեւ. «Ինչպե՞ս կարելի է ասել, որ Շուշան մեզ նվիրել են» - Mediamax.am

3945 դիտում

Ալիեւ. «Ինչպե՞ս կարելի է ասել, որ Շուշան մեզ նվիրել են»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել Այդին Քերիմովին Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին եւ տեսահանդիպում է անցկացրել նրա հետ:

Ներկայացնում ենք հատվածներ Իլհամ Ալիեւի ելույթից՝ որը ներկայացրել է Ազերտաջ գործակալությունը:

 

«Մենք պետք է պաշտպանենք Շուշան»

 

«Շուշան հատուկ տեղ է գրավում ադրբեջանական ժողովրդի հոգում: Շուշան Ղարաբաղի պսակն է՝ անկրկնելի մի քաղաք: Շուշայի գտնվելու վայրը, բնությունը, օդը, կլիման, պատմական եւ կրոնական հուշարձանները, քաղաքի ճարտարապետական համույթը մեր ազգային ժառանգությունն է: Մենք պետք է պաշտպանենք եւ կպաշտպանենք Շուշան: Մենք վերադարձանք Շուշա, եւ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը հավերժ կապրի այս քաղաքում:

 

Յուրաքանչյուր քաղաքի, գյուղի, շրջանի գրավումը մեծ ողբերգություն էր: Բայց Շուշայի գրավումը մեզ համար թերեւս ամենացավալի կորուստն էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Շուշայի ռազմավարական դիրքը հնարավորություն էր տալիս վերահսկել ամբողջ շրջանը. եթե այնտեղ աշխատանքը ճիշտ կազմակերպված լիներ,  դա նույնիսկ փոքր ուժերին թույլ կտար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ Շուշան պաշտպանելու համար: Շուշայի կորուստը մեծ ցնցում էր մեր ժողովրդի համար, բարոյական ցնցում, եւ մենք 28 տարի ապրել ենք առանց Շուշայի»:

 

«Ինչո՞ւ հայերը 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել»

 

«Եթե հայերն իրենցն էին համարում այս քաղաքը, ապա ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չստեղծեցին: Ինչո՞ւ չկարողացան փրկել Շուշայի պատմական հուշարձանները: Բոլոր աղբյուրները չորացել են: Յուրաքանչյուր թաղամասում աղբյուր կար. այսօր դրանցից ոչ մեկում ջուր չկա: Պատմական բոլոր հուշարձանները ոչնչացված են: Եթե դա հայկական քաղաք է, ապա ինչո՞ւ էիք այն հողին հավասարեցրել: Այնտեղ ոչնչացվել են ոչ միայն մեր մզկիթները, այլեւ բոլոր շենքերը: Մնացել են միայն խորհրդային տարիներին կառուցված «խրուշչովկաները», որոնք կոպտորեն խախտում էին Շուշայի ճարտարապետական անսամբլը:

 

Ենթակառուցվածքների առումով Շուշան բացարձակ հետամնաց քաղաք է: Թշնամին այնտեղ ոչինչ չի ստեղծել, չի կառուցել անգամ մեկ շենք: Միայն իրենց համար մի քանի առանձնատուն են կառուցել: Դրանցից մեկը պատկանում էր խունտայի առաջնորդին, իսկ մյուսը, ասում են, հարուստ, կոռումպացված պաշտոնյայի, որը ներկայացված է Հայաստանի կառավարությունում: 28 տարվա ընթացքում ատելի թշնամին այնտեղ այլ բան չի կառուցել»:

 

«Մենք  ազատագրեցինք Շուշան մերկ ձեռքերով»

 

«Տեսեք, թե ինչ են ասում արտասահմանում Հայաստանի ներկայացուցիչները ու նրանց հովանավորները Շուշայի ազատագրման մասին: Իբր Շուշան մեզ հենց այնպես են հանձնել՝ առանց կռվի, իբր հայերը պարզապես լքել են Շուշան: Սա բացահայտ սուտ է: Շուշայի գործողությունը հավերժ կմնա ադրբեջանական ժողովրդի հոգում: Շուշայի ազատագրման ընթացքում ադրբեջանցի զինվորներն ու սպաները ցուցաբերեցին հերոսություն, արհեստավարժություն, ֆիզիկական ուժ, ազգային բարձր ոգի:

 

Բարձրանալով զառիթափ ժայռերով, ոչնչացնելով զավթիչներին՝ նրանք ազատագրեցին Շուշան, կռվեցին, կարելի է ասել, մերկ ձեռքերով՝ սվիններով, դանակներով, թեթեւ զենքերով՝ թնդանոթների եւ տանկերի դեմ: Շուշայի գործողության ընթացքում հարյուրավոր զավթիչներ են սպանվել, որոնց թիվը մեզ հայտնի է: Ինչքան էլ Հայաստանի ղեկավարությունը փորձի դա թաքցնել իր ժողովրդից, չի հաջողվի:

 

Ինչպե՞ս կարելի է ասել, որ Շուշան մեզ նվիրել են: Մենք  ազատագրեցինք Շուշան թշնամու գերությունից մեր քաջ որդիների խիզախության շնորհիվ, նրանց կյանքի ու արյան գնով:

 

Պատերազմի առաջին իսկ օրերից մենք գիտեինք, թե որն է մեր նպատակը, եւ հաջողությամբ շարժվում էինք դեպի Շուշա: Եթե  մասնագետներն ուշադրություն դարձնեն պատերազմի ընթացքին, կտեսնեն, թե որն էր մեր ռազմավարական նպատակը: Ճեղքելով Հայաստանի կողմից ստեղծած ամրությունները՝ մենք հարավից մուտք գործեցինք մեր գրավյալ հողեր, ազատագրեցինք դրանք եւ սկսեցինք հակահարձակում տարբեր ուղղություններով: Շուշան մեր նպատակն էր, եւ Շուշան դարձավ մեր հաղթանակը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին