Արցախը ՄԱԿ-ում բարձրաձայնել է իր հուշարձանների ոչնչացման մասին - Mediamax.am

11478 դիտում

Արցախը ՄԱԿ-ում բարձրաձայնել է իր հուշարձանների ոչնչացման մասին


Լուսանկարը` http://www.un.org


Երեւան: Մեդիամաքս: Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Արցախում եւ Ադրբեջանում պատմության եւ մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։

 

Փաստաթղթի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են Արցախի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում եւ գտնվում են պետության պահպանության տակ։

 

Հուշագրում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների իբրեւ ոչնչացման վերաբերյալ։

 

Հուշագրում նշվում է, որ կեղծ մեղադրանքներից բացի՝ Ադրբեջանը որեւէ ապացույց չի ներկայացնում եւ փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։

 

Այս համատեքստում ընդգծվում է, որ խորհրդային ժամանակահատվածում եւ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ եւ 123 գերեզմանատներ եւ այսօր նույնպես Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

 

«Խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանություններն  ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական եւ մշակութային հուշարձանները Նախիջեւանում, որտեղ 20-րդ դարի վերջին կային թվով 218 հայկական քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, ավելի քան 4500 խաչքարեր եւ միայն 6 մզկիթներ»,- ասված է հուշագրում։

 

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների փորձերի կապակցությամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում եւ այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար։

 

Այս համատեքստում ընդգծվում է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի մեջ չկա որեւէ դրույթ, որը կսահմանափակի կրոնի ազատության իրավունքի իրացումը, այդ թվում՝ եկեղեցիների կառուցումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին