«Մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են», ասել է Նալբանդյանը - Mediamax.am

11632 դիտում

«Մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են», ասել է Նալբանդյանը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են»:

Այդ մասին նա ասել է Դիվանագետի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածում, որն ամբողջությամբ կարող եք կարդալ ԱԳՆ կայքում:

 

«Հակամարտության հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: Իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:

 

Հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքում ընդունված փաստաթղթերի շարքում առանձնանում են 2009թ.-ից սկսած համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարությունները, որտեղ ամրագրվեցին հիմնախնդրի կարգավորման միասնական եւ անբաժանելի հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստակամություն հայտնեց դրանց հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը։

 

Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա համանախագահ երկրների ղեկավարների այդ հայտարարություններով ամրագրվում է, որ հակամարտությունը լուծվելու է հիմնվելով միջազգային իրավունքի ոչ թե մեկ, այլ երեք սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ Եռանախագահող երկրները հստակ նշեցին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իր իրավական միջազգային պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Անգամ Ադրբեջանի ղեկավարն է խոստովանում, որ փակ դռների հետեւում իր վրա ճնշում են գործադրում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եռանախագահող երկրների հայտարարություններում հրապարակայնորեն ամրագրվեցին նաեւ թե՛ Արցախի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապը, թե՛ անվտանգության բազմաշերտ երաշխիքները։ Վերոհիշյալ այս բոլոր դրույթներն ի սկզբանե հանդիսացել են մեր դիրքորոշման անկյունաքարը, իսկ այժմ դարձել են միջազգային հանրության մոտեցում», - գրում է Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին