Նալբանդյան. Սումգայիթի անպատժելիությունը բերել է նոր ոճիրների - Mediamax.am

10988 դիտում

Նալբանդյան. Սումգայիթի անպատժելիությունը բերել է նոր ոճիրների


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 27-ին ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Մեդիամաքսն առանձնացրել է նախարարի ելույթի առավել ուշագրավ հատվածները:

 

Բաքուն Խոջալուի քարոզչությամբ զոհ է ներկայանում

 

Երեսուն տարի առաջ՝ 1988թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին եւ արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով:

 

Ցավոք, այս հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: Ինչպես բազմիցս է տեղի ունեցել մարդկության պատմության ընթացքում, անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները եւ էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում եւ շատ այլ վայրերում։

 

Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի՝ ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից եւ շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով, ներառյալ այսպես կոչված Խոջալուի քարոզչական արշավով, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ հայերին վարկաբեկել նրանց պիտակավորելով իբր բռնություններ իրականացրած կողմ։

 

Սա Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականության մասն է կազմում։ Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը:

 

Նմանօրինակ հակահայկական քարոզչությունն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագություններ, ներառյալ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանությունները, դիակապտությունները, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումները:

 

ԼՂ ժողովուրդը չպետք է զրկվի միջազգային համագործակցությունից

 

Երբ առկա է կյանքի անմիջական սպառնալիք, առաջնային նշանակություն է ձեռք բերում հակամարտության գոտում բնակվող անձանց համար ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների եւ հատուկ ընթացակարգերի հասանելիության ապահովումը, մարդասիրական օգնության տրամադրումը:

 

Զավեշտալի է, երբ զանգվածային հանցագործություններ իրականացնողների հետ խորհրդակցում են միջազգային կազմակերպությունների ներգրավման եւ մարդասիրական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ նրանց թույլտվությունը ստանալու շուրջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ։

 

Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ

 

2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր:

 

Աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքերի առջեւ, կատարվող էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները, բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» եւ կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:

 

Մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով եւ անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի եւ նրա անդամ երկրների գործունեությանը: Դեկտեմբերի 9-ին մենք Երեւանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։

 

ՀՀ-ն շարունակելու է բարեփոխումները ՄԱԿ-ի աջակցությամբ

 

Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձեւավորումը: Մենք պարտաճանաչ կերպով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ենք ներկայացրել Հայաստանի ազգային զեկույցները եւ դրանց իրականացման հաշվետվությունները

 

Մեր երկիրն ավարտին է հասցնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Անցումային ողջ գործընթացի ժամանակ` ներառյալ Սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի առանցքային օրենքներում համապատասխան փոփոխությունները եւ խորհրդարանական ընտրությունները իրականացվել են ներառական մթնոլորտում՝ միջազգային մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, եւ ի ցույց են դրել, որ մեր երկրում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն է եւ անշրջելի:

 

Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը Հայաստանում` հենվելով նաեւ մեր գործընկերների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին