10919 դիտում

Արցախում կոչ են անում վերսկսել եռակողմ բանակցությունները


Մասիս Մայիլյանը
Մասիս Մայիլյանը

Լուսանկարը` Արցախի ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2017թ. դիվանագիտական տարին։

Մեդիամաքսն առանձնացրել է ասուլիսի առավել ուշագրավ հատվածները։

2017-ի աշխատանքները
   
2017թ. սեպտեմբերին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը։ Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Արցախի Ճարտար ու Բերձոր եւ Ֆրանսիայի Դեսին-Շարպիո ու Ալֆորվիլ քաղաքների միջեւ։ 2017թ. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Բելգիա կատարած այցի շրջանակում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության խումբ եւ շրջանակ։

2017-ին առաջին անգամ Արցախ են այցելել պատվիրակություններ Բոլիվիայից եւ Մեքսիկայից, ինչպես նաեւ Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր։

Ընթացիկ տարվա առաջնահերթությունները

Արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը եւ խորացումը, Արցախի  զարգացման համար  արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը եւ օտարերկրյա ներդրումների խրախուսումը:

Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է մնում նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն

Հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի մասնակցությամբ։

Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին եւ պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման համար։

Եռակողմ բանակցությունների վերսկսում

Լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Ելնելով դրանից՝ մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։

Լիարժեք ձեւաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։

Մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից եւ սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ:

Կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման նախաձեռնում

Միայն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը եւ դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության եւ կանխատեսելիության ապահովման համար։

Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաեւ այլ նախաձեռնություններ, մասնավորապես՝ դեռեւս 2011թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։

Այս համատեքստում կարեւոր նշանակություն ունի նաեւ 1995թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ ԵԱՀԿ հովանու ներքո ձեռք բերված համաձայնագրի գործնական կիրառումը։

Սպասելիքներ 2018-ից

Սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը։

Համոզված ենք, որ շփման գծում կայունությունը եւ անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ամբողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, եւ այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջեւ վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am