Արցախում Բաքվի սադրանքներին անհամարժեք պատասխան են խոստանում - Mediamax.am

17370 դիտում

Արցախում Բաքվի սադրանքներին անհամարժեք պատասխան են խոստանում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 22-ին խախտել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը:

 

ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է հրետանային զինատեսակներ՝ հայկական դիրքերի վրա արձակելով  ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

 

 

«Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռք բերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլեւ հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:

 

Հաշվի առնելով միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք եւ բավականին ցավոտ»,- հայտարարել են Արցախի Պաշտպանության բանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին