7508 դիտում

Լուկաշենկոն չի հավատում, որ «ԼՂ-ում մարդիկ լավ են ապրում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հավատում, որ «այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ եւ արժանապատիվ են ապրում»:

Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, Բելառուսի նախագահն այդ մասին ասել է Մինսկում առաքելությունը ավարտող ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը:

«Լեռնային Ղարաբաղը մեր հարցը չէ: Մենք այնտեղ անելիք չունենք: Կան հակամարտող կողմեր, եւ նրանք էլ պետք է այդ հարցը լուծեն: Բայց ես ունեմ դիրքորոշում. մարդիկ արժանի են արժանապատիվ կյանք ունենալու: Չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ ու արժանապատիվ են ապրում: Դրա ի՞նչն է արժանապատիվ, եթե դու ամեն օր վախենում ես, որ գլխիդ կարող է մի բան ընկնել, եւ կյանքդ կավարտվի: Դրա համար մեր դիրքորոշումն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց որեւէ միջնորդի՝ ո՛չ ուժեղ, ո՛չ թույլ, նստեն սեղանի շուրջ եւ լուծեն խնդիրը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նաեւ մեկնաբանել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը.

«Լսեք, իսկ ի՞նչ կապ ունի այս հարցում Հայաստանը: Ինձ Լապշինի մասին Հայաստանը որեւէ բան չի ասել: Մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի, թե ինչու են նրան ձերբակալել այստեղ: Թող գնար՝ ուր ուզում էր: Բելառուսը չպետք է այդ ամենում ներգրավվեր, եթե անկեղծ խոսենք: Բայց Լապշինին ձերբակալեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնել ենք, ինչպես կարգն է, օրենքին համաձայն: Ո՞ւմ մենք պետք է նրան փոխանցեինք: Փոխանցել ենք նրան, ով հետախուզում էր հայտարարել: Ավելին, ես ձեզ առաջին անգամ ասեմ, հրապարակային՝ նրան ոչ ոք չէր էլ ցանկանում վերցնել: Հետագայում արդեն սկսեցին այդ խաղաքարտը խաղարկել: Նա երեք պետությունների քաղաքացի է, եւ այդ երկրներից որեւէ մեկը նրան չպահանջեց: Նրանք պարզապես ցանկանում էին ազատվել նրանից, եւ վերջ: Որովհետեւ ցանկացած հարց որոշակի ենթատեքստ ունի, եւ դա մեկնաբանվելու է այնպես, ինչպես ինչ-որ մեկին ձեռնտու է»:

«Հայաստանն Ադրբեջանին այլ կերպ է վերաբերվում, բայց վերջինս էլ մեզ համար մտերիմ պետություն է, ազգ, որի հետ մենք մի երկրում ենք ապրել: Ինչո՞ւ մենք պետք է կռվենք կամ վիճենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ: Միգուցե մի օր մենք Ադրբեջանին կամ Հայաստանին պետք գանք»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am