Մեկ օր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծառայությունից - Mediamax.am

exclusive
31090 դիտում

Մեկ օր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծառայությունից


Հովսեփ Կիրակոսյանը
Հովսեփ Կիրակոսյանը

Այսօր Արմավիրի մարզի Ապագա գյուղում հողին հանձնեցին օրեր առաջ Արցախում զոհված 27-ամյա Հովսեփ Կիրակոսյանին: Հովսեփը Պաշտպանության բանակում էր 2006-ից, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար էր, կապիտան: 

 

Դժվար է գրել մեկի մասին, ում հետ մեկուկես տարի ծառայել ես նույն զորամասում, ամեն օր տեսել, շփվել ու հաճախ նաեւ նկատողություն ստացել:

 

Հովսեփից ամենավառ հիշողությունը ինձ տանում է երեք տարի հետ ու կապում բանակային մի օրվա հետ:

 

Այնպես ստացվեց, որ զորամասի ճաշարանում տված կերակուրը (կարծեմ ցորենի շիլա էր) զորքի դուրը չէր եկել, սոված էինք մնացել: Երեկոյան իջա Հսկիչ անցագրային կետ (ՀԱԿ), որ զորամասից դուրս գամ ու խանութից բուլկի բերեմ:

 

ՀԱԿ-ում հերթապահ էր այն ժամանակ դեռ ավագ լեյտենանտ, ինժեներա-սակրավորային դասակի հրամանատար Հովսեփ Կիրակոսյանը: Ինչպես եւ սպասվում էր` մերժեց բացել դուռն ու ինձ դուրս թողնել: Փորձեցի համոզել, լեզու գտնել երիտասարդ, բայց խիստ սպայի հետ, չստացվեց. բոլորը գիտեին, որ դժվար առաջադրանք է նրան համոզելը: Հովսեփն ինձ հետ ուղարկեց վաշտ: Արդեն բավական հեռու էի անցագրային կետից, երբ ձայն տվեց, հետ կանչեց.

 

-Դե հերիք եղավ էլի, զզվացրիք, դուրս, հա դուրս: Ի՞նչ ես ուզում, ասա, ես կգնամ, կբերեմ:

 

Ավագ-լեյտենանտ Կիրակոսյանը բուլկին բերեց, կերանք, ստամոքսներս խաբեցինք ու պառկեցինք քնելու:

 

Այսօր հողին հանձնեցինք նույն այդ Հովսեփին`երկու զավակների հորը, պրոֆեսիոնալ սպային ու սակրավորին, ով մեզ սովորեցնում էր տարբերել տասնյակ ականներն ու զգոն լինել: Շատ բան կտայի, որ հիմա գրեի ոչ թե նրա զոհվելու, այլ ստացած հերթական զինվորական կոչման կամ պարգեւատրումների մասին: Իսկ Հովսեփի հետ նման առիթներ դեռ շատ կլինեին: Կլինեին, եթե…

 

Սուրեն Ստեփանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին