Լորան Փափազյան. «Այստեղ եմ նաեւ տատիկ-պապիկներիս համար» - Mediamax.am

exclusive
57126 դիտում

Լորան Փափազյան. «Այստեղ եմ նաեւ տատիկ-պապիկներիս համար»

Լորան Փափազյանը
Լորան Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, ռեանիմատոլոգ Լորան Փափազյանը լրագրողներին հանդիպելու համար 15 րոպե իր ճաշի կամ հանգստի ժամից է տրամադրում։ 7 օրով Հայաստան եկած ֆրանսիացի բժիշկների խմբի ղեկավարի ամեն րոպեն շատ արժեքավոր է։ 

 

Բժշկական սպիտակ հագուստով, կապույտ ռետինե ձեռնոցներով ու կանաչ գծավոր գուլպաներով պրոֆեսորին հանդիպեցինք «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում՝ Հայաստանում իր առաքելության վերջին օրը՝ հունիսի 29-ին։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բժշկի աշխատանքն ազգություն, սահմաններ չի ճանաչում։ Այդուհանդերձ, Հայաստան գալու հարցում դեր խաղացե՞լ են Ձեր հայկական արմատները։

 

- Իհարկե, սա էր հիմնական պատճառը, որ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կապ հաստատեց ինձ հետ։ Երկու ժամում դրական պատասխան տվեցի, արագ հրաժարվեցի որոշ պարտականություններից ու պատրաստվեցի Հայաստան գալուն։ Ինձ համար շատ կարեւոր էր օգնել Հայաստանի բուժաշխատողներին, թեեւ գիտեմ, որ մեր աջակցությունը շատ փոքր է՝ Հայաստանում պանդեմիայի զարգացման տեմպի համեմատ։

 

- Հայաստանն առաջի՞ն երկիրն է, ուր այցելել եք՝ համաճարակի ընթացքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար։

 

- Այո, Covid-19-ի ճգնաժամի ընթացքում Հայաստանն առաջին է։ Բայց ես նաեւ Կորսիկայից 12 հիվանդների նավով Մարսել տեղափոխելու ծրագրի պատասխանատուն էի։ Դա եւս շատ կարեւոր էր ինձ համար, որովհետեւ տատիկս ու պապիկս Կորսիկա են տեղափոխվել (Ցեղասպանության ժամանակ գաղթել են Ֆրանսիա-հեղ.), որտեղ միակ հայ ընտանիքն են եղել։

 

Մի քանի օր առաջ հասկացա, որ հայերն ու կորսիկացիները շատ ընդհանրություններ ունեն, հատկապես նույնն է հպարտության զգացումը՝ հայ կամ կորսիկացի լինելու համար։ Հիմա ինձ համար պարզ է, թե ինչու իմ պապիկն ու տատիկը մնացին Կորսիկայում եւ ապրեցին շատ երջանիկ։ Ես այստեղ եմ նաեւ նրանց համար, որովհետեւ իմ մեծ ծնողները մահացել են մինչեւ Հայաստանի անկախացումը։ Նրանք երջանիկ կլինեին իմանալ, որ իրենց թոռն այս աշխատանքը կատարում է Հայաստանում։

 

- Վաղն արդեն մեկնում եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր խմբի աշխատանքն ու իրավիճակը Հայաստանում։

 

- Կարծում եմ՝ մեր աշխատանքը նոր է սկսվելու։ Ամենակարեւորը Հայաստանի եւ Ֆրանսիայի բուժաշխատողների միջեւ համագործակցությունը զարգացնելն է։ 

Լորան Փափազյանը Լորան Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավանաբար, կուղարկենք որոշ բժշկական նյութերի փոքրիկ խմբաքանակ, որովհետեւ Հայաստանն ունի անհրաժեշտ շատ պարագաներ։ Այստեղ բժիշկների եւ բուժքույրերի հետ կիսում ենք COVID-19 կառավարման վերաբերյալ մեր գիտելիքները, եւ դա մեր փոքրիկ օգնությունն է Հայաստանին։ Ես տպավորված եմ հայ բուժաշխատողների քաջությամբ եւ նվիրվածությամբ։

 

- Կարողացա՞ք իրականացնել Ձեր առաքելություն, որի համար եկել էիք Հայաստան։ 

 

- Մեր մասնագիտական միջամտությունը սահմանափակվել է միայն երկու հիվանդանոցով, ինչը չի տալիս Հայաստանում ինտենսիվ թերապիայի վիճակի ճշգրիտ պատկերը։ Բայց ես կարծում եմ, որ ամենակարեւորը տարբեր երկրների բժիշկների միջեւ կապը զարգացնելն է, որպեսզի շատերը հնարավորություն ունենան միանալու Ինտենսիվ թերապիայի եվրոպական կազմակերպությանը (The European Society of Intensive Care Medicine)։ Սա կլինի մեր հիմնական օգնությունը, որովհետեւ հայաստանցի բժիշկներն ունեն մեծ փորձ՝ հատկապես արհեստական շնչառությունն ապահովման հարցում։ 

 

- Մարտի վերջին LaProvence-ին տված հարցազրույցում նշել էիք, որ ալզասցի եւ իտալացի գործընկերների փորձը հնարավորություն տվեց շահել ժամանակ եւ պատրաստվել համավարակին Մարսելի տարածաշրջանում։ Հայաստանի համար եւս այս հիվանդությունն անակնկալ չէր։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, մինչեւ հիմա չենք կարողանում հաղթահարել այն։

 

- Հիմա իրավիճակը շատ է տարբերվում այն ժամանակ տիրող իրավիճակից, երբ իտալացի բժիշկներն իրենց տպավորություններով ու կարծիքներով էին կիսվում մեզ հետ։ Հիմա շատ բան է փոխվել։ Կարծում եմ, այստեղ կիրառվող ռազմավարությունը՝ խուսափել ինտուբացիայից եւ հնարավորինս շուտ սկսել արհեստական շնչառությունը, լավագույն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ համաճարակը հասավ Ֆրանսիա, ոչ մի տեղեկություն չկարCOVID-19 պացիենտների համար նախատեսված կորտիկոստերոիդների մասին, բայց հիմա Հայաստանի բժիշկներն այն նշանակում են հիվանդներին, ինչը շատ լավ է: Հայաստանի փորձը կարող է շատ օգտակար լինել այն երկրների համար, որոնք դեռեւս չեն տուժել համավարակից։

 

Թեստավորելը շատ կարեւոր է, բայց այս պահին՝ դժվար,  քանի որ շատ հիվանդներ մեկուսացած են տանը։ Սոցիալական հեռավորություն պահպանելը, դիմակներ կրելը, ձեռքերը լվանալը, գրկախառնություններից ու «պաչիկներից» հրաժարվելը կօգնեն Հայաստանին հաղթահարել այս վիճակը։ Շատ կարեւոր է, որ մամուլը նպաստի այս կանոնների տարածմանը։

 

- Հայաստանում կան մարդիկ, որոնք լուրջ չեն մոտենում այս հիվանդությանը։ Նկատո՞ւմ եք, որ տարբեր երկրներում մարդիկ տարբեր կարպ են վերաբերվում այս համաճարակին։ 

 

- Նույնիսկ Ֆրանսիայում որոշ կարեւոր մարդի՜կ, բժիշկնե՜ր, պրոֆեսորնե՜ր (ծիծաղում է-հեղ.) ասում են, որ սոցիալական հեռավորություն պահելու, տանը մնալու ու աշխատանքի չգնալու կարիք չկա։ Շատ հակասական է, բայց ես վստահ եմ՝ սա անհրաժեշտ էր վարակը եւ դրա ակտիվութունը նվազեցնելու համար։ 

Լորան Փափազյանը Լորան Փափազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տնտեսական տեսանկյունից սա դժվար հարց է։ Ֆրանսիայում հիմա լուրջ բանավեճեր են ընթանում։ Բժշկական տեսանկյունից շահեկան էր խուսափել շփումներից, փակել փոքր խանութները, ռեստորանները։ Բայց հիմա մենք այդ ամենի համար վճարում ենք մեր տնտեսական վիճակով։ Սա ավելի շատ էթիկական, փիլիսոփայական որոշում է, քան՝բժշկական։

 

- Որոշ մասնագետներ ասում են, որ աշնանը սպասվում է համաճարակի երկրորդ ալիք։ Ի՞նչ կասեք այդ մասին։

 

- Ոչ ոք չգիտի՝ կլինի՞ վարակի երկրորդ փուլ, արդյոք վարակը կփոխվի ու կզարգանա՞, թե՞ աստիճանաբար կմարի։ Կարեւոր է պատրաստ լինել հնարավոր երկրորդ ալիքին։ Բայց ոչինչ հստակ չէ, չկա գիտական հիմնավորում։ Որոշ մասնագետներ ասում են՝ միայն մեկ «կրակոց» էր ու վերջ, մյուսները պնդում են, թե այս հիվանդությանը հրաժեշտ չենք տա, քանի դեռ չկա պատվաստանյութ։ 

 

- Հետաքրքիր է, որ շատերն այս իրավիճակում նաեւ դրական կողմեր են տեսնում։ Դուք դրական ինչ-որ բան տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ:

 

- Մասնագիտական առումով՝ այո, որովհետեւ մենք զարգացնում ենք մեր կապերը, հատկապես՝ Skype-ով կամ Zoom-ով։ Գուցե այսուհետ որոշումներ կայացնելիս քաղաքական գործիչներն ավելի կկարեւորեն առողջությունը։

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Լորան Փափազյանի հետ Լուսինե Ղարիբյանը զրուցում է Լորան Փափազյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ուրախ եմ Երեւան գալուս համար։ Սա իմ առաջին, բայց ոչ վերջին այցն է։ Հուսով եմ՝ ինձ համար գործունեության նոր դաշտ է բացվելու, կկարողանամ կիսվել հաղորդակցության զարգացման իմ փորձառությամբ, ֆրանսիացի ուսանող-բժիշկներին բերել Երեւան եւ ընդունել հայ ուսանողների, նպաստել փոխանակման ծրագրերին, ապահովել շփումներ Հայաստանի ինտենսիվ թերապիայի բժիշկների հետ։

 

- Ժամանակ ունեցա՞ք հիվանդանոցից դուրս ինչ-որ բան տեսնելու։ 

 

- Այցելել եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ինձ համար շատ կարեւոր եւ զգացմունքային պահ էր. հիշում էի տատիկ-պապիկներիս եւ ծնողներիս (հայրս 3 ամիս առաջ է մահացել)։ Ես 100 տոկոսով հայ եմ, իմ 2 տատիկներն ու պապիկները ծնվել են Հայաստանում։ Կարծում եմ՝ նրանք ուրախ կլինեին, որ իրենց թոռը փորձում է օգնել հայ ժողովրդին։

 

- «Պաչիկ»-ը Ձեր իմացած միա՞կ հայերեն բառն է։

 

- Շատ քիչգ մը կը խոսեմ։ Ինձ համար շատ հուզիչ է, որովհետեւ ամեն օր ինչ-որ հիշողություններ են արթնանում իմ մեջ։ Մինչեւ 4 տարեկան՝ տատիկիս ու պապիկիս հետ խոսում եւ շատ լավ հասկանում էի հայերեն, բայց իմ ծնողները հայերեն լավ չգիտեին եւ ես կորցրի այս ամենը։ Հիշում եմ որոշ բառեր՝ «քիչիգ մը», «կամաց-կամաց», «հասկըցամ»։ Կփորձեմ ապագայում զարգացնել իմ հայերենը։

 

Լորան Փափազյանի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին