Արեգ Դանագուլյան. Առանց լավ դպրոցների առաջադեմ երկիր չենք դառնա - Mediamax.am

exclusive
49567 դիտում

Արեգ Դանագուլյան. Առանց լավ դպրոցների առաջադեմ երկիր չենք դառնա

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ինչպե՞ս զարգացնել գիտությունը Հայաստանում, ո՞րն է ապագայի ամենամեծ մարտահրավերը եւ ինչի՞ց վախենալ: Այս հարցերին Մեդիամաքսը խնդրել է պատասխանել ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանին։ 2020 թվականի հունվարին Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին։

Ինչպե՞ս զարգացնել գիտությունը Հայաստանում

 

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս ակտիվացնել հայաստանցի եւ օտարերկրացի գիտնականների կապն ու գործակցությունը, բայց այս հարցին պատասխանելը հեշտ չէ։ Հիմքում լուրջ խնդիր կա՝ Հայաստանի գիտական համակարգը պետք է վերափոխել։ Ըստ էության, Հայաստանում տակավին գործում է գիտության խորհրդային համակարգը, միայն թե մոռանում ենք, որ ԽՍՀՄ տարիներին միլիարդավոր ռուբլիներ կային, իսկ հիմա չկան եւ այն ինչ մնացել է՝ ռեսուրսներն են, որոնք պետք է արդյունավետ գործածվեն։

 

Բարձրագույն կրթական համակարգը, որը սնում է գիտական եւ տեխնոլոգիական բնագավառները, պետք է վերափոխվի: Նաեւ ահռելի միջանկյալ խնդիրներ կան։ Օրինակ, դպրոցական միջնակարգ կրթությունը։ Հայաստանում այն չափազանց ծանր վիճակում է եւ եթե ուսումնասիրենք տարբեր չափորոշիչները, գնալով այն ավելի է վատանում։

 

Այնինչ, դա պետք է լինի այս երկրի ամենամեծ առաջնահերթությունը, որովհետեւ հենց դա է Հայաստանի ապագան։ Եթե ուզում ես մնալ առաջադեմ երկիր, պետք է ունենաս կրթված քաղաքացիական հասարակություն, իսկ դրա համար պետք են լավ կրթություն տվող դպրոցներ։

 

Ապագայի ամենամեծ մարտահրավերը

 

Երբ Հայաստանում խոսում ես ցանկացած ընկերության հետ, եւ հարցնում ես, թե ո՞րն է իրենց հիմնական խնդիրը, բոլորը միաբերան ասում են, որ դա մասնագետների պակասն է։

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլորը՝ ծրագրավորողներից մինչեւ ինժեներներ ու գիտնականներ, պնդում են, որ զարգացման խոչընդոտը լավ մասնագետների պակասն է։ Ինչ-որ պահից համալսարանները դադարել են լավ մասնագետներ պատրաստել եւ սա դարձել է գլոբալ խնդիր։ Վարչապետ Փաշինյանն ասում էր, որ հիմա մտքի դար է եւ մենք շատ մտքեր ունենք։ Անշուշտ, սա հրաշալի է ձեւակերպված, բայց չափազանց «հում է», սա պետք է գաղափարի, ծրագրի վերածել ու մշակել: «Հում» գաղափարով որեւէ մեկը երբեւէ տեղ չի հասել։

Ամերիկացիները սա հասկացել են, ու բացահայտ պնդում են, որ ապագայի ամենամեծ մարտահրավերը կրթությունն է։ Արդյունքում եւ մասնավոր բիզնեսը, եւ պետությունը հսկայական միջոցներ են ներդնում կրթության մեջ։ Նրանք չափազանց ուշադիր են լսում արդյունաբերողների բողոքները, որոնք ասում են. լավ մասնագետներ չունենք։ Հայաստանում էլ կրթությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն ճիշտ այնպես, ինչպես պաշտպանությունը։

 

Ինչի՞ց վախենալ

 

19-րդ դարից սկսած մարդիկ սարսափել են, թե տեխնոլոգիան ինչ է անելու մեզ հետ ։ Արդյունքում, ավտոմատացման պրոցեսները հանգեցրել են հասարակական ճգնաժամերի, բայց փոխարենը մենք գոնե երկարակեցություն են շահել։ Տարբեր մեքենաներ հիմա անում են այն, ինչ մենք պետք է անեինք տարիներ շարունակ՝ կորցնելով մեր առողջությունն ու կրթվելու հնարավորությունը։ Արհեստական բանականությունն էլ ավտոմատացման օրինակ է եւ այն հրաշալի ազդեցություն է ունեցել մարդու կյանքի որակի փոփոխման վրա եւ այնքան էլ սարսափելի չէ։

 

Անշուշտ, թաքնված վտանգներ էլ կան։ Գիտնականներն ու ինժեներները պետք է զգոն լինեն, որովհետեւ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են տեխոնոլոգիական ու գիտական զարգացումները հանգեցրել հրեշավոր արդյունքների։

 

Պետք է ոչ թե ինչ-որ պահից սկսած արգելել տեխնոլոգիաների զարգացումները, այլ գիտկանաններին «սնել» զգոնությամբ, որպեսզի մտածեն իրենց կողքին ապրող մարդկանց մասին։ Օրինակ, համալսարաններում բուն գիտական առարկաներից բացի, նրանց պետք է նաեւ հումանիտար առարկաներ դասավանդել, որպեսզի նրանք լիարժեք ընկալեն, թե ինչ է հասարակությունը։

 

Արեգ Դանագուլյանի հետ զրույցը կայացել է 2019թ. աշնանը՝ FAST հիմնադրամի Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում:

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին