Հայկ Ալոյան. Լիդիանին պարզապես «սպանում» են - Mediamax.am

exclusive
48680 դիտում

Հայկ Ալոյան. Լիդիանին պարզապես «սպանում» են

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

 

- 2019թ. սեպտեմբերին Դուք եւ Lydian International-ի գլխավոր տնօրեն Էդ Սելերսը հանդիպեցիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի որեւէ փոփոխություն եղե՞լ է այդ հանդիպումից հետո:

 

-  Սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո մենք սպասումներ ունեինք, քանի որ տպավորություն էինք ստացել, որ բազմաթիվ ստուգումներից, հետաքննություններից հետո կառավարությունը եկել է այն եզրակացության, որ չկա ո՛չ իրավական, ո՛չ էլ բնապահպանական պատճառ, որը կարող է խանգարել մեր բնականոն աշխատանքի վերականգմանը։ Ավելին՝ բոլորն ընդունում են, որ Լիդիանը լավագույն չափանիշներն է բերում:

 

Բայց ցավոք, մեր սպասումները իրականություն չդարձան, եւ այսօր գտնվում ենք նույն կետում, որում սեպտեմբերի 6-ին էինք։ Ապօրինությունը շարունակվում է: 

 

- Փաստացի այսօր չկա որեւէ իրավական պատճառ, որը կարող է խոչընդոտել Ամուլսարում աշխատանքները վերսկսելուն եւ միակ խոչընդոտն այն մարդիկ են, որոնք 1.5 տարի փակ են պահում հանք տանող ճանապարհները։

 

- Այո, որեւէ իրավական արգելք կամ խոչընդոտ չկա եւ, ըստ էության, երբեւէ չի էլ եղել։ Ընդ որում, այդ մասին հայտարարել է հենց Հայաստանի վարչապետը։ Միակ խոչընդոտը այն տեւական ապօրինությունն է, մի խումբ մարդկանց ու նրանց հովանավորների մասնակցությամբ, որը խոչընդոտում է մեր մուտքը մեր օրինական տարածք։ 

 

Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Լիդիանը անթերի է եղել: Եթե լիներ գեթ մեկ պատճառ, այդ պատճառը հաստատ «կբացահայտվեր»: Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են մեր քաղաքացիներին համոզել նրանում, որ մենք հանքը շահագործելու իրավունքը ստացել ենք նախորդ իշխանությունների օրոք եւ ապրիորի մեզ մեղադրում են կոռուպցիոն գործարքների մեջ (առանց որեւէ ապացույցի), «մոռանում են» այն մասին, որ մենք տասնամյակից ավել պայքարել ենք մեր իրավունքների համար, թույլտվությունների ստացումը արհեստականորեն ձգձգվել է, ամեն ինչ արվել է ընկերության առաջ արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար եւ այդ ընթացքում որեւէ անօրինական քայլի չենք գնացել եւ դրա լավագույն ապացույցը այս մեկուկես տարի տեւող անարդյունք ստուգումներն ու վերստուգումներն են։ 

 

- Այդ դեպքում ինչպես ե՞ք բացատրում անցած մեկուկես տարվա իրադարձությունները: 

 

- Մենք Հայաստանում խաղի ընդունված կանոններին չենթարկվելով՝ օրինական աշխատելու մեր իրավունքի համար պայքարել ենք 14 տարի, ու վերջին մեկուկես տարում այդ առումով, փաստորեն, ոչինչ չի փոխվել: Մենք շարունակում ենք պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետեւ կոռուպցիայի դասական ձեւակերպումը միայն կաշառք պահանջելը չէ, կոռուպցիան նախ եւ առաջ խտրականությունն է, պետական կառույցների կողմից օրենքի շրջանցումը կամ անգործությունը, որի արդյունքում տվյալ դեպքում մեր հանդեպ տեղի է ունենում իրավունքների հետեւողական ոտնահարում: 

 

Մենք հույս ունեինք, որ նոր կառավարությունը նոր գործելաոճ կորդեգրի, մենք էլ ցույց կտանք, թե ինչպիսին կարող է լինել ժամանակակից հանքարդյունաբերությունը։ Սակայն այսօր մեծ հիասթափություն ենք ապրում: Այս ընթացքում հատուկ մեզ համար «հորինվեցին» տարատեսակ ստուգումներ, ամեն ստուգումից հետո, ամեն նոր ապացույցից հետո, որ մենք լավագույն ստանդարտներն ենք կիրառում, լուծման փոխարեն նոր հետաքննություններ սկսվեցին, անտեսվեցին մեր օգտին դատական որոշումները: Ի՞նչ է սա, եթե ոչ խտրական թիրախավորում:

Հայկ Ալոյանը   Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավելին, այսօր Ջերմուկում կա վախի, ահաբեկման մթնոլորտ։ Օրենքը այս տարածքում չի գործում արդեն մեկուկես տարի: Այն մարդիկ, որոնք փորձում են դրական արտահայտվել Լիդիանի մասին, հետապնդումների ու հարձակումների են ենթարկվում, իսկ Ջերմուկի ոստիկանությունը որեւէ ձեւով նրանց չէր պաշտպանում։ Համայնքներում մեր բազմաթիվ աջակիցները փորձեցին մի քանի անգամ իրենց ձայնը լսելի դարձնել, բայց տեսան, որ պաշտպանված չեն, տեղի բնակչության վստահությունը կորավ, որ պետությունը կարող է կամ ուզում է իրենց պաշտպանել: 

 

Մի քանի անգամ փորձեր արվեցին կոծկել տարածքում տեղի ունեցող հանցագործությունները, ճանապարհ փակողները անպատիժ ահաբեկում են մարդկանց ու ցավով պիտի նշեմ, որ այսօր, «նոր» Հայաստանում այդ տարածքում անարխիա է, մարդիկ անհանգստանում են իրենց ընտանիքների անվտանգության մասին: 

 

- Հոկտեմբերին Տիգրան Ավինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: «Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու», - ասել էր փոխվարչապետը: Այս հայտարարությունից հետո ինչ-որ արձագանք եղա՞վ:

 

- Դա էլ էր մի հիասթափություն, որովհետեւ այդ հայտարարություններից հետո ենթադրվում էր, որ պետք է բացահայտվի, թե ովքեր են կանգնած սրա հետեւում, ինչ նպատակներով, ինչպես է այս ամենը ֆինանսավորվում: Ըստ էության, Տիգրան Ավինյանի հայտարարությունն առաջինը չէր. օգոստոսին վարչապետը խոսել էր այն մասին, որ կան ուժեր, որոնք խթանում են Լիդիանի դեմ պայքարը, որովհետեւ չեն ցանկանում ներդրումներ կատարել բնապահպանական ծրագրերում, քանի որ Լիդիանի ստանդարտներն ավելի բարձր են։ 

 

Մենք հույս ունեինք, որ երկրի ղեկավարների հայտարարությունների արդյունքում հստակ քայլեր կարվեն, բայց ոչինչ տեղի չունեցավ։

 

Այս ամենի հետեւանքով ունենք մի իրավիճակ, երբ Հայաստան ներդրումներ չեն գալիս։ Ամուլսարի խնդիրը վաղուց արդեն գլոբալ խնդիր է դարձել մեր երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից։ Լիդիանը ցուցակված ընկերություն է, այս ծրագրի շուրջ բոլոր հրապարակային հայտարարություններին շուկայում ուշադիր հետեւում են, ընդ որում, ոչ միայն Լիդիանի ներդրողները: Պատկերացրեք, որ պետության առաջին դեմքերի նման հայտարարություններից հետո բնական սպասելիք է լինում, որ պետությունը խնդիր է բացահայտել, որ տեղեկատվություն ունի, որ հիմա քայլ կանի եւ Լիդիանի դեմ այս արշավը կբացահայտվի: Ու ոչ մի բան չեղավ: Դրսում ներդրողի մոտ բնական կասկած է առաջանում. արդյո՞ք պետությունը ուզում է հայտնաբերի, միգուցե գիտեն, ու ձայն չեն հանո՞ւմ: Ինչպե՞ս ներդրում անել մի երկրում, որտեղ ներդրողի հանդեպ ապօրինի արշավ կարող է իրականացվել, իսկ պետությունը ի զորու չլինի դա կանխել: 

 

- Ի վերջո, ինչ եք կարծո՞ւմ, կա՞ ձեր ընկերությունը շուկայից դուրս մղելու միտում, որին իշխանությունները կամա թե ակամա աջակցում են։

 

- Սկզբում մենք հրաժարվում էինք հավատալ այդ տարբերակին, բայց այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր ընկերության հանդեպ կա խտրական վերաբերմունք։ Կառավարության հետ մեր բոլոր հանդիպումներում մենք նշում էինք, որ ընկերությունը դժվար ֆինանսական վիճակում է, որ մենք ժամանակ չունենք սպասելու: Բայց խնդիրը լուծելու փոխարեն, մեկը մյուսի հետեւից բազմաթիվ աբսուրդ ստուգման ենթարկվեցինք, որին ոչ մի այլ ընկերություն չէր ենթարկվել: Սա այն դեպքում, երբ կառավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Լիդիանի ստանդարտները տասնյակ անգամ ավելի բարձր են: Այսինքն, ստացվում է, որ գիտենալով հանդերձ, որ լավագույնն է, ժամանակ են ձգում անվերջ ստուգումներով: Պետությունը կարող էր վերականգնել մեր իրավունքները եւ մեր աշխատանքին զուգահեռ իրականացներ ստուգումները եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկեր՝ ընդհուպ մինչեւ ծրագրի կասեցում։ Հատկապես երբ խոսքը ընդամենը շինարարության մասին էր: Բայց տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունը նպատակային խորտակում են: 

Հայկ Ալոյանը   Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա էլ Ազգային ժողովում հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի պարզի, թե արդյո՞ք Լիդիանն այդքան ներդրում արել է, թե՞ ոչ։ Լիդիանը բորսայում ցուցակված, միջազգային աուդիտի պարբերաբար ենթարկվող ընկերություն է եւ անհեթեթություն է մտածել, որ ընկերությունը կարող է սխալ տեղեկություններ հրապարակել իր ներդրումների ծավալի մասին։ Սա խտրական վերաբերմունքի հերթական դրսեւորում է։ Եվ այո, ես եկել եմ այն եզրակացության, որ կա միտում մեր ընկերությունը դուրս մղել շուկայից։

 

- Ընկերության բաժնետերերը եւ ներդրողները սպասում են արդեն 1.5 տարի։ Դեռ որքա՞ն են պատրաստ սպասել եւ չդիմել միջազգային արբիտրաժ։

 

- Հայկական թիմի գործոնը շատ կարեւոր դեր է խաղացել նրանում, որ հարցը արբիտրաժային դատարան չի տեղափոխվել: Մենք ամեն կերպ փորձել ենք համոզել ներդրողներին, որ տեղի ունեցողը նոր իշխանությունների անփորձության հետեւանք է եւ նրանց ժամանակ է պետք: Սակայն որքան խնդիրը ձգվում է, այդքան արդեն նույնիսկ մեզ է դժվար դրան հավատալ: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ Լիդիանի նպատակային կամ ոչ միտումնավոր դուրս մղումը շուկայից երկրի հեղինակության, տնտեսության ու ապագայի համար ունենալու է անդառնալի ծանր հետեւանքներ, թե՛ հնարավոր դատական պրոցեսների, թե՛ տնտեսությանը հասված վնասի առումով: 

 

Մեկ բան էլ կուզեի ավելացնել: Անկախ այն բանից, թե ինչ կանի Լիդիանը, Ամուլսարում ոսկու զգալի պաշարներ կան ու գրեթե կառուցված հանքավայր: Ես գրեթե վստահ եմ, որ այն վաղ թե ուշ շահագործվելու է: Ոսկին հողի մեջ չի մնում, հատկապես գրեթե կառուցված հանքավայրի դեպքում: Այսօր չէ, վաղը, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Իսկ միջազգային բարձրակարգ ընկերություն, միջազգային բարձր որակ Հայաստան արդեն հազիվ թե գա՝ ոչ 5, ոչ էլ 10 տարի հետո: Ու կստացվի, որ Հայաստանին, փաստորեն, նման ընկերություններ պետք չեն: Այս գործընթացը վնասից բացի Հայաստանին ոչինչ չբերեց: Ու եթե դեռ ինչ-որ բան հնարավոր է շտկել, պետությունը պետք է շատ շտապի:  

 

Հայկ Ալոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին